Լրահոս
Օրվա լրահոսը

Թումանյանական ավանդական օր Դսեղում

Հոկտեմբեր 10,2018 13:00 Share

Ամեն տարի հոկտեմբերի սկզբին «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախաձեռնությամբ Դսեղում տեղի է ունենում «Թումանյանական օր»: Այս անգամ Դսեղ էին եկել Երեւանից, Վանաձորից, հեռու-մոտիկ բնակավայրերից: Օրվա հիմնական բանախոսը «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երցյանն էր, ով նախ ներկաներին փոխանցեց Թումանյանի թոռնուհիների բարեմաղթանքները, ապա նեկայացրեց այն քայլերը, որ իրականացնում է միությունը մեծն լոռեցու ծննդյան 150-ամյակի առթիվ, մասնավորապես՝ նոր գրքերի հրատարակությունը: Նա նշեց, որ լույս է տեսել Իրմա Սաֆրազբեկյանի «Օլգա Թումանյան» գիրքը «Էդիթ-պրինտ» հրատարակչության կողմից՝ հայերեն եւ ռուսերեն լեզուներով:

Միջոցառման մյուս բանախոսները՝ Դսեղի գյուղապետ Գառնիկ Հովսեփյանը, Հայաստանի գրողների միության Լոռու բաժանմունքի ղեկավար Մանվել Միկոյանը, գրող Լենա Անթառանյանը, Երեւանի Թումանյանի անվան դպրոցի տնօրեն, թումանյանական շառավիղ Քնարիկ Պետրոսյանը եւ ուրիշներ: Նրանք ընդգծեցին, որ մեծ բանաստեղծի հոբելյանը պետք է արժանավայել դիմավորել՝ ավելի կրտսեր սերունդներին մոտեցնել թումանյանական գրական արժեքներին: Թումանյանական օրվա հաջորդ հատվածում հնչեցին թումանյանական կատարումներ՝ երգերի, բանաստեղծությունների, հեքիաթների տեսքով: Այստեղ էին նաեւ այս օրերին Լոռիում անցկացվող «Թումանյանական աշխարհ» խորագիրը կրող բացօթյա նկարչության փառատոնի 20 մասնակիցները: Մասնակցելով հանդիսությանը՝ արվեստագետները չմոռացան իրենց մասնագիտական պարտքի մասին՝ ստեղծելով պատկերներ հենց Թումանյանի տուն-թանգարանի միջավայրում։ Գեղանկարիչները չմոռացան վարպետաց դասեր տալ ներկա արվեստասերներին:

Մեր թղթակցի հետ զրույցում Սերգո Երիցյանն ասաց, որ գեղանկարչական փառատոնի մասնակիցներն արդեն եղել են տարածաշրջանի մի քանի բնակավայրերում, հանդիպել արվեստասերների հետ, նրանց հետ քննարկել ստեղծվող աշխատանքները։ «Հուսով ենք, որ հաջորդ տարվա փետրվարին կկազմակերպենք «Թումանյանական աշխարհ ցուցահանդեսը Երեւանում,-ասում է Սերգո Երիցյանը, -դա էլ կլինի հինգ երկրների նկարիչների հարգանքի տուրքը մեծն Թումանյանին»:

Մինչեւ երեկո Դսեղի Թումանյանի տուն-թանգարանի հարթակից հնչում էին թումանյանական ստեղծագործությունները։

ԿԱՐԻՆԵ ՏԻՏԱՆՅԱՆ

Օձուն-Դսեղ-Երեւան

«Առավոտ»

09.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031