Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Սևանցի ծանրամարտիկ Վարազդատ Հակոբյանը սահմանել է նոր ռեկորդ

Նոյեմբեր 02,2018 12:03

Սևանցիները հպարտանալու և ոգևորության նոր չափաքանակ ստացան նախօրեին. առիթն էլ` մարզական էր:

Սևանի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցում մարզադպրոցի սան, եռամարտի աշխարհի չեմպիոն Վարազդատ Հակոբյանը, շարունակելով իր ռեկորդների շարքը, սահմանեց նոր ռեկորդ ուժային եռամարտ մարզաձևից` տեղի ձգելով 303կգ-ոց ծանրաձողը:

Վարազդատի ռեկորդների շարքը սկսվել էր դեռևս անցյալ տարվա դեկտեմբերից: Այն ժամանակ նա տեղից ձգեց 250կգ-ոց ծանրաձողը:

Այս տարվա փետրվարի 22-ին, ձգելով 260կգ-ոց ծանրաձողը, Վարազդատը գերազանցեց իր իսկ սահմանած 230կգ և 250կգ ռեկորդները` դառնալով «Դյուցազնագրքի» հերոսներից մեկը:

Նոր ռեկորդի սահմանմանը ներկա էին Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, Դյուցազնագրքի ասոցիացիայի նախագահ և հիմնադիր, սպորտի վաստակավոր գործիչ Վարդան Թովմասյանը, Պաուերլիֆթինգ ֆեդերացիայի նախագահ, սպորտի վաստակավոր վարպետ Գագիկ Սարոյանը, որը նաև նույն մարզաձևի աշխարհի և Եվրոպայի քառակի չեմպիոն է, ուժային եռամարտ մարզաձևի փոխնախագահ, մանկավարժական գիտությունների պրոֆեսոր Միքայել Աբրահամյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մասսայական սպորտի վարչության գլխավոր մասնագետ, ֆեդերացիայի նախագահության անդամ, մանկավարժական գիտությունների դոցենտ Սերգեյ Աբրահամյանը, մարզասերներ, մարզիկներ:

Օրն էլ վերածվել էր մարզամշակութային միջոցառման` ժողովրդական պարային կատարումների և ծանրամարտի խմբի սաների ցուցադրական ելույթների ուղեկցությամբ:

Վարազդատ Հակոբյանը, որի անձնական քաշը 65 կգ է, հաղթահարեց նաև այդ մարտահրավերը և իր նոր ռեկորդը նվիրեց մարզչին` Յուրիկ Սարգսյանին, որը նոյեմբերի 1-ին նշում էր ծննդյան 78-ամյակը:

Ռեկորդներին զուգահեռ մարզադպրոցում շարունակվում են ամենօրյա պարապմունքները, որոնց շնորհիվ սևանցի շատ ծանրամարտիկներ լավագույնս ներկայացնում են Սևանն ու հանրապետությունը տարբեր առաջնություններում:

Օրեր անց` նոյեմբերի 15-ին, Վարազդատ Հակոբյանը, Վահագն Միքայելյանը, Արթուր Ակիշին և Կարեն Առաքելյանը մասնակցելու են Թբիլիսիում կայանալիք ուժային եռամարտի Եվրոպայի առաջնությանը, իսկ Գարիկ Ղազարյանը և Լևոն Օհանյանը պատրաստվում են մասնակցելու 2019թ-ին տեղի ունեցող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությանը:

Այժմ էլ վաստակավոր մարզիչ Յուրի Սարգսյանը և նրա սան Գառնիկ Աբրահամյանը մարզում են 45 երեխաների և պատանիների:

Մարզիկների և մարզիչների կողքին է կանգնած Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, որն իր ամենօրյա աշխատանքի առանցքում է պահում մարզադպրոցի գործունեությունը և աջակցում է ցանկացած հարցում` պարապմունքներից մինչև մրցելույթներ:

Նոր ռեկորդի սահմանումը դարձավ տոն, որը լի էր բարեմաղթանքներով, շնորհավորանքներով, պարգևատրումներով ու նվերների հանձնմամբ:

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930