Լրահոս
Օրվա լրահոսը

Պատժամիջոցները հակառակ արդյունքն են տալիս

Հունիս 28,2019 10:00

ԵԽԽՎ-ն ամբողջությամբ հաստատել է Ռուսաստանի բոլոր լիազորություններն ու իրավասություններն այդ կառույցում: Քննարկումը Ստրասբուրգում բուռն է անցել, որոշումից խիստ դժգոհ մնացին Ուկրաինայի, Վրաստանի, Լեհաստանի, Սլովակիայի, Լիտվայի, Լատվիայի եւ Էստոնիայի պատվիրակները՝ այն աստիճանի դժգոհ, որ ի նշան բողոքի լքեցին ԵԽԽՎ նստաշրջանը: Հայաստանը («տեխնիկական» խնդիրները չհաշված) կողմ է քվեարկել, եւ դա, անշուշտ, ճիշտ դիրքորոշում էր՝ հաշվի առնելով մեր եւ Ռուսաստանի ռազմավարական հարաբերությունները:

Բայց ԵԽԽՎ-ի քայլը ճիշտ է նաեւ սկզբունքային տեսակետից: Վրաստանի եւ Ուկրաինայի ժողովուրդների զգացմունքները հասկանալի են՝ Ռուսաստանն իսկապես ագրեսիվ քաղաքականություն է իրականացնում նրանց նկատմամբ: Լեհաստանն ու Բալթյան երկրները, հավանաբար, դառը հիշողություններ ունեն Ռուսական կայսրության եւ Խորհրդային Միության քաղաքականությունից, եւ այդ հիշողություններն, ըստ ամենայնի, որոշակի տագնապներ են առաջացնում, որ պատմությունը կարող է կրկնվել: (Սլովակիայի դիրքորոշումը, ճիշտն ասած, լավ չեմ հասկանում, եթե դա կապված է 1968թ. դեպքերի հիշողության հետ, ապա պարզ չէ, թե ինչու չեխական պատվիրակությունը նույն կերպ չարձագանքեց):

Բայց նախ՝ որեւէ մեկին որեւէ պարագայում ձայնի իրավունքից զրկելն ինձ սխալ է թվում: Բոլորը պետք է արտահայտվելու հնարավորություն ունենան՝ մանավանդ ԵԽԽՎ-ում, որը, որքան հասկանում եմ, պետք է երկխոսության հարթակ լինի: Բայց կա ավելի պրագմատիկ հանգամանք. եկեք հասկանանք՝ արդյոք պատժամիջոցները, մասնավորապես, ԵԽԽՎ-ի կողմից սահմանված, ավելի «փափուկ», ավելի զիջողակա՞ն են դարձրել Ռուսաստանին: Օրինակ, պատրա՞ստ էր արդյոք Պուտինը, ԵԽԽՎ-ում խոսելու եւ քվեարկելու դիմաց, իր զորքը հանել Ուկրաինայի արեւելքից: Ավելի ճիշտ չի՞ լինի Ստրասբուրգում խոսել այդ խնդիրների մասին ռուսաստանցի պատվիրակների ներկայությամբ, քան՝ նրանց բացակայությամբ:

Իսկ ընդհանրապես կա՞ն դեպքեր, երբ պատժամիջոցները կամ դրանց սպառնալիքը մեղմացնում են երկրի քաղաքականությունը: Եթե քաղաքականությունը փոխվում է, ապա ճիշտ հակառակ ուղղությամբ՝ կոնսոլիդացնում են հասարակությունը ավտորիտար առաջնորդի շուրջ, քաղաքացիների մեջ ստեղծում են զգացողություն, որ իրենք ապրում են «պաշարված ամրոցում», շուրջ բոլորը թշնամիներ են, որոնք տենչում են կործանել իրենց հպարտ հայրենիքը: Ահա պատժամիջոցների իրական հետեւանքը, որն աշխարհում մեծացնում է լարվածությունը եւ բախումների հնարավորությունը:

Իսկ Եվրոպայի խորհուրդը, ինչպես հայտնի է, այն կառույցն է, որը պետք է նպաստի ոչ թե ավտորիտարիզմին եւ պարանոյային, այլ ժողովրդավարությանն ու մարդու իրավունքների զարգացմանը: ԵԽԽՎ պատվիրակների մեծամասնությունը դա հասկանում է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gagik says:

    Պարոն Աբրահամյան, Փաշինյանի ասածը 7անգամ աճը պարզ մանիպուլյացիայա։
    Խոսքը վերաբերումա ներդրումային ծրագրերի շրջանակներում ԱԱՀ -ն հետաձգելու կառավարության որոշումներին։
    Էտ ներդրումային ծրագրերը Մասրիկի կայան, Ալեքս Տեքստիլ սկսվել են հեղափոխությանից առաջ։
    Հեղափոխության շնորհիվ էտ ծրագերի իրագործումը հետա ընկել։ Էտ որոշումները պիտի ընդունվետ ավելի շուտ 2018-ին։
    Էն ժամանակ չեն աշխատել չեն ընդունել, հավաքվելա 2019-ին նոր ընդունել են հիմա դրան ասում են 7անգամ աճելա;))

    Բացի դա էտ ներդրումները ու աշխատատեղերը կարան ստեղծվեն մի քանի տարվա ընթացքում։
    Որոշ դեպքերում պարզել չի կլինեն թե չէ։ Ոնց որ հեռուստացույցնեի արտադրության ծրագիրը մեծ թափով գովազդվեց, թե տարեկան 120հազար հեռուստացույց ենք արտադրելու արտահանելու եվ այլն։
    Բայց ռեալ ամսեկան մի քանի տասնյակ հեռուստացույցա արտադրվում։
    Ճիշտը խոսանք դուք Ադամյան հեռուստացույց կգնեք թե սամսունգ՞
    Ի սկզբանել պարզեր որ 120հազարը փուչիկա, տենց պահանջարկ ուղղակի չկա։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930