Լրահոս
Օրվա լրահոսը

Անբավարար են պահման պայմանները, տրամադրվող սննդի քանակական և որակական չափանիշները. խախտումներ Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնում․ ՄԻՊ-ն ամփոփել է մշտադիտարկման արդյունքները

Հոկտեմբեր 14,2019 10:15

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանումը և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝ Կենտրոն) կատարված մշտադիտարկման այցի արդյունքում արձանագրված խնդիրների վերաբերյալ կազմել են մանրակրկիտ վերլուծական տեղեկանք:

Գրությամբ բարձրացվել են հետևյալ հիմնական խնդիրները.

  • պահման պայմաններն անբավարար են՝ գերբնակեցվածություն, վերանորոգման և բարեկարգման աշխատանքների անհրաժեշտություն, կողապահարանների բացակայություն, լոգանքի կազմակերպման խնդիրներ, հիգիենիկ պարագաների բացակայություն և այլն,
  • տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար Կենտրոնում բացակայում են հարմարեցվածությունները,
  • տրամադրվող սննդի քանակական և որակական չափանիշներն անբավարար են,
  • պատշաճ չի ապահովվում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ամենօրյա բացօդյա զբոսանքի իրավունքը,
  • բացակայում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նպատակային զբաղվածության և այլընտրանքային բուժման հնարավորությունը,
  • անհրաժեշտ է մշակել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց արտաքին աշխարհի հետ կապի խրախուսման մեխանիզմներ,
  • առկա են խնդիրներ հոժարակամ և ոչ հոժարակամ բուժման ընթացակարգերում,
  • չեն պահպանվում զսպման միջոցների կիրառմանն առնչվող կարգավորումները (օրինակ՝ ֆիզիկական զսպման միջոցների կիրառումը հիվանդասենյակներում և այլ պացիենտների ներկայությամբ, ֆիզիկական զսպման մեխանիկական ոչ պատշաճ միջոցներ և այլն),
  • բացակայում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հետազոտություններն իրականացնելու նկատմամբ միասնական մոտեցումը և չափորոշիչները,
  • անհրաժեշտ են նեղ մասնագիտական խորհրդատվությունները կազմակերպելու հստակ մեխանիզմներ,
  • անհրաժեշտ է մշակել հոգեբուժական կազմակերպություններում վնասվածքների պատշաճ հաշվառման և այդ մասին իրավապահ մարմիններին տեղեկացնելու կարգ,
  • հոգեբուժական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների ցանկերի սահմանման անհրաժեշտություն՝ հոգեբուժական կազմակերպություններում վճարովի ծառայությունների տեսակի և սակագների չհիմնավորված տարբերակվածությունը բացառելու նպատակով և այլն:

Այցի պահին Կենտրոնում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, ինչը, իհարկե, ողջունելի է: Սակայն դրանց տևական իրականացման պայմաններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց գերբեռնված պայմաններում պահելն անընդունելի է:

Նշված փաստաթուղթը ներկայացված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին Մարդու իրավունքների պաշտպանը կներկայացնի Առողջապահության ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններ, ինչպես նաև ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ քննարկելու բարձրացված հարցերը և աջակցելու դրանց լուծմանը:

Միաժամանակ, Պաշտպանն ընդգծել է Կենտրոնի աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավման հետ կապված հարցերի կարևորությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի տեսանկյունից:

 

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031