Ըստ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի՝ քաղաքական ճնշման միջոցից խուսափելու համար չպետք է բացասական ազդեցություն ունենանք ՏԻՄ-երի անկախության վրա
2020 թվականի մարտին՝ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի 38-րդ նստաշրջանի օրակարգում է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հետ կապված Հայաստանի վերաբերյալ զեկույցը:
Ստրասբուրգում հոկտեմբերի 29-31-ը անցկացված «Քաղաքապետերը՝ ժողովրդավարության պաշտպաններ» խորագրով Կոնգրեսի նստաշրջանին մասնակցեց նաեւ հայկական պատվիրակությունը՝ Էմին Երիցյանի գլխավորությամբ:
«Առավոտը» ԵԽ Կոնգրեսում հայկական պատվիրակության անդամ, Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանից հետաքրքրվեց՝ ԵԽ Կոնգրեսո՞ւմ էլ են, ինչպես ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատվիրակներն օգտագործում այդ հարթակը հակահայկական քարոզչություն իրականացնելու համար, նա պատասխանեց. «Կոնգրեսում եւս մի հարցի քննարկման վերաբերյալ շահարկման փորձ եղավ: Խոսքը տեղահանվածների իրավունքների պաշտպանության վերաբերյալ բանաձեւին է վերաբերում, որը պետք է ընդունվեր: Ադրբեջանցիները փոփոխություն էին առաջարկել, որն ըստ էության քննարկման դրված բանաձեւի նպատակներից դուրս էր, բայց կարող էր շահարկման առարկա դառնալ արցախյան հակամարտության շրջանակներում»:
Կարդացեք նաև
Դավիթ Խաժակյանը մանրամասնեց, թե նրանք առաջարկում էին, որ եթե մի որեւէ տարածքից կա տեղահանվածների խնդիր, ապա այդ տարածքում իրականացված ընտրությունները ճանաչվեն ոչ լեգիտիմ: Սակայն դա բանաձեւի տրամաբանությունից բոլորովին դուրս է: Դավիթ Խաժակյանի փոխանցմամբ՝ հայկական պատվիրակությունը՝ պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանի ջանքերով Կոնգրեսի պատվիրակներին ներկայացրել է, որ նման փոփոխություն է առաջարկվում բանաձեւում ադրբեջանցի պատվիրակների կողմից: Այդպիսով հայկական պատվիրակությանը հաջողվել է չեզոքացնել բանաձեւում ադրբեջանական կողմին հաճո փոփոխությունը. «Բացի այն, որ փոփոխությունը մերժվեց, նաեւ հրապարակավ քննադատություն հնչեց Կոնգրեսի նիստում առ այն, որ դա կապ չունի բանաձեւի հետ եւ քաղաքական շահարկման առարկա է: Արդյունքում Կոնգրեսն առանձին քվեարկության դրեց այդ առաջարկությունը եւ այն մերժվեց: Ընդորում, դրան դեմ խոսեց նաեւ բուն բանաձեւի հեղինակը: Նա ազգությամբ վրացի է»:
Ըստ Դավիթ Խաժակյանի՝ տեղական ինքնակառավարման մարմինների բարեփոխումների, ժողովրդավարացման, կառավարման առումով միջազգային թրենդներին հետեւելու տեսանկյունից Կոնգրեսը կարեւորագույն հարթակ է մեզ համար, այն քաղաքական մարմին է, դրա որոշումները, բանաձեւերը երկրների համար պարտադիր չեն իրականացման տեսանկյունից, սակայն յուրաքանչյուր բանաձեւ, զեկույց, որը պատրաստվում է, ուղարկվում է պետություններին, որպեսզի նրանք տեղայնացնեն այդ առաջարկությունները:
Հարցին՝ տեղական ինքնակառավարման ոլորտում որո՞նք են համաեվրոպական անհանգստություն առաջացրած խնդիրները, Դավիթ Խաժակյանը պատասխանեց. «Քննարկվեցին մի շարք բանաձեւեր, որոնք վերաբերում են նաեւ մեր տեղական ժողովրդավարությանը: Մասնավորապես քննարկվեց մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ներդրման անհրաժեշությունը տեղական մակարդակում: Ես նաեւ դրա վերաբերյալ ելույթ ունեցա, խոսեցի այն մասին, որ կարծում եմ՝ ՀՀ-ում դա եւս պետք է տեղայնացվի, քանի որ հաշվի առնելով մեր ՏԻՄ-երի գործունեության ծավալը՝ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից այդ մակարդակում օմբուդսմենի ինստիտուտի ներդրումը կարեւոր կլինի: Արդեն ՀՀ-ում սկսել եմ ներքին լոբբինգի աշխատանքները, հույս ունեմ՝ առաջիկայում կունենանք»:
Իսկ թե ի՞նչ կտա դա մեզ, Երեւանի ավագանու անդամն ասաց, որ բազմաթիվ խնդիրներ, որոնք ուղղված են քաղաքապետարանին, մարդիկ դժգոհում են, օրինակ, իրենց արեւի լույսն են փակում եւ այլ հարցերից, սրանք կառանձնացվեն որպես առանձին բլոկ՝ որպես Երեւանի քաղաքապետարանում ներկայացվածություն:
Դավիթ Խաժակյանը նշեց, որ Կոնգրսում եղել են ՌԴ-ի եւ Թուրքիայի վերաբերյալ զեկույցներ, եւ այդ քննարկումների ժամանակ քննադատվել են այն ապօրինի գործողությունները, որոնք իրականացվում են կենտրոնական իշխանությունների կողմից ՏԻՄ-երի նկատմամբ. «Պատվիրակները նկատում էին, վեր հանում զեկույցներից եւ բարդ իրավիճակի մեջ դնում այդ երկրների ներկայացուցիչներին եւ քննադատություն ուղղում այն երկրին, որտեղ կա նման խնդիր: Համոզված եմ, որ ՀՀ-ում որոշ իրադարձություններ, որոնք ՏԻՄ-երի նկատմամբ տեղի ունեցան կամ ակնկալվում են, կթիրախավորվեն ԵԽ Կոնգրեսի կողմից: Կարծում եմ՝ այս քաղաքական ճնշման միջոցից խուսափելու համար չպետք է բացասական ազդեցություն ունենանք ՏԻՄ-երի անկախության վրա»:
Դավիթ Խաժակյանն օրինակ բերեց այն, որ հաճախ ենք լսում մարզպետի կողմից այս կամ այն համայնքի ղեկավարի նկատմամբ քննադատություն, ակնհայտ ճնշումներ եւ հավաստիացրեց՝ միանշանակորեն սրանք այդ զեկույցի նյութ կարող են դառնալ: Ամփոփելով՝ ԵԽ Կոնգրեսում հայկական պատվիրակության անդամը նշեց. «Եթե մենք չենք ուզում, որ մեր միջազգային հեղինակությունն այս առումով տուժի, պետք է նման գործողություններից ձեռնպահ մնանք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան էջից
«Առավոտ» օրաթերթ
09.11.2019


















































