Լրահոս
Օրվա լրահոսը

Նինա Կարապետյանց. «Դատավորները հպարտանում են ձեզանով, խոնարհվում են ձեր եւ ձեր թավիշի առաջ»

Մայիս 12,2020 22:30

«Մեծ համբերությամբ լսեցի վեթինգի կամ չվեթինգի մասին զրույցը, փաստորեն մեզ մի հինգ տարի անհրաժեշտ է, որպեսզի մենք փորձարկենք այս ծրագիրը, բայց հինգ տարին գուցե բավարար չլինի, անհրաժեշտություն կլինի գուցե մի հինգ տարի էլ ավելացնել: Բայց խնդիր չէ, դրանից հետո մենք հնարավորություն կունենանք փոխել ու այլ միջոց կիրառել, եթե դա չաշխատի»,-այսօր ֆեսբուքի իր էջում ուղիղ եթերում իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ Նինա Կարապետյանն անդրադարձել է ՀՀ-ում վեթինգ իրականացնելու ծրագրին:

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկել են ՀՀ-ում վեթինգի իրականացման գործընթացն ու ապօրինի գույքի բռնագանձման կարգավորումները: Ըստ որոշ կարծիքների, այս գործընթացը ձախողվել է, Բադասյանը ջանք ու եռանդ չխնայեց՝ ապացուցելու, թե ինչու ՀՀ-ում հնարավոր չէ իրականացնել դատավորների համատարած «վեթինգ» եւ անցումային արդարադատություն:

Իշխանական պատգամավորներն այս գործընթացը ձախողում չեն համարում, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր ասել է. «Պարզապես մեր լիազորությունների շրջանակում պետք է հետեւողական լինենք այս ոլորտի վերաբերյալ նախարարության մշակած ռազմավարությանը եւ իրականացնենք այն: Նախարարը հանգամանալից խոսեց «վեթինգից»: Կարծում ենք՝ գործնականում դրական ազդեցություն կունենան դատավորների բարեվարքության գործիքները: Նախարարը եւ ԱԺ համապատասխան հանձնաժողովը նշել են, որ բարեվարքության գործիքները գրեթե կատարում են «վեթինգի» գործառույթը: Թեեւ սահմանադրությունը թույլ չի տալիս, չի նշանակում, թե դատավորների բարեվարքության օրենքների շարքը չի լուծելու խնդիրների մեծամասնությունը»:

Նինա Կարապետյանցն այսօր այս առնչությամբ ասաց. «Փաստորեն ամբողջ հույսը դնում ենք դատավորների ինքնագիտակցության վրա: Դե հա, բա ճիշտ է, մարդիկ ապացուցել են տարիների աշխատանքով, որ իրենք բացառիկ ինքնագիտակցություն ունեն: Բայց ամենատխուր մասը սա չէր, ամենատխուրն այն էր, որ պարզվեց այդ նույն դատավորները, ովքեր ՀՀ քաղաքացիների, պետության եւ պետականության դեմ որոշումներ են կայացրել, մենք իրենց նաեւ աշխատավարձը պետք է բարձրացնենք:

Հա, բա ինչ, այսքանից հետո, եթե աշխատավարձը չբարձրացնենք, բա էլ ո՞վ ենք մենք այսքանից հետո: Բայց այստեղ մի թերացում կա՝ պրեմիաների մասին ոչինչ չխոսեցին, ճիշտ կլիներ մի հատ պրեմիա էլ տանք: Ու քանի որ դատավորները կաշկանդված են եւ հնարավորություն չունեն իրենց կարծիքն արտահայտելու, ես ինձ թույլ կտամ, իրենց հետ չճշտելով, բայց իրենց անունից վստահաբար հայտնել հետեւյալը՝ դատավորները սիրում են ձեզ, դատավորները հպարտանում են ձեզանով եւ դատավորները խոնարհվում են ձեր եւ  ձեր թավիշի առաջ: Այստեղ ամենաշատը կսազեր Նիկոլ Փաշինյանի հայտնի «ցըմփ»-ը»:

Իրավապաշտպանը վստահ է՝ վեթինգ լինելու է, որովհետեւ, ինչպես ինքն ասաց, ժողովուրդը փողոց դուրս եկավ անարդարության դեմ պայքարելով. «Իսկ դուք չկարողացաք, ձեր դուխները չհերիքեց մինչեւ վերջ իրականացնել ձեր խոստումները, բայց դա չի նշանակում, որ դա իրականություն չի լինելու: Ուղղակի բարեկամաբար կհորդորեմ քննիչներին, դատախազներին, դատավորներին՝ շատ արխային չլինեք, որովհետեւ միեւնույն է, վեթինգ լինելու է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031