Լրահոս
Օրվա լրահոսը

Հավերժություն (էսսե)

Հունիս 06,2020 15:21 Share

Օ՜ չտխրես հանկարծ…

Ամենախեղճ անհուսության մեջ անգամ, երբ  երազներն են հոգեվար, երբ ծիծեռնակն է դառնում մանկատան պատերի մեջ մեծացող երեխայի խաղալիքը, երբ հասկանում ես, որ առասպելն էր փուչ, իսկ  կարոտը՝ բաց թողնված մի էջ…

Դու չտխրես…

Խնդրո՛ւմ եմ։

Յուրաքանչյուր ոք ինքը՝ հավերժությունն է։

Եվ հեռացողն անգամ մի բուռ անմահություն ունի իր հետմահու հիշողության մեջ:

Երբ օրերն են թեթև, երբ ատամներն են ամուր, իսկ լուսինը նվագում է սրինգ՝ գիշերներ դյութելով, մարդն իր երազներն է հյուսում՝ ստելով հավերժության պատրանքը :

Բարձրացրու նրան, ով ծնկել է կորուստների վրա, և ծնկները արյունոտ են հիասթափության սուր-սուր քարերից։

Հավերժության մակույկ է Մարդը, և չկա ոչ այլ բան՝ օրավուր հացով հույսի ձկներ գայթակղելուց բացի:

Մարդն իր տունն է կառուցել ափեզրին, իսկ կինն, ահա, երջանկության օրերն է լվանում՝ օճառաջրից հանելով ճերմակ շապիկներ, որ գնել էին երեկ՝ օրորոցում թավալվող երկվորյակներին տաքացնելու համար: Եվ գեղեցիկ են կնոջ գինդերն՝ ականջների վրա, և փայլում են դրանք՝  երբ կինն իր արգանակն է եփում սալօջախի մոտ՝ մերթ ընդ մերթ հեռացնելով մազափունջը: Հավերժությունը պտուղն է սիրո, որովհետև երեխա արարողը իր մարմինն է պատռում։ Ամբողջ մի կյանք, և՝ զրույցներ սրտամոտ, և՝ ուռկան, որ քաշել է նրանց  վեճերն ու հաշտությունները, և տունն է քաշել՝ ծովին մոտեցնելով, և ծովն է քաշել՝ ցանցկեն իր մարմնի մեջ ամփոփելով հավերժության հոգեվարքը:

Օ՜ չտխրես հանկարծ…

Վագոնները մաքրության ռելսերն են մաշում, և տանում են վագոնները դեղին հալածուկներ, որ ծաղկել էին մարմնի վրա խոց ունեցող մարդկանց վերքերի մեջ:  Բարբարոսներ անցան: Նրանք կացիններով մասնատեցին խաչաբաց մեր մարմինները՝ ժամանակ կառուցելով և մսեղեն փրթիկներ դարձնելով գոյության մեր ժամանակը:

Որբերը օծվում են ջրաթաթախ կաթիլներով, որպեսզի մաքուր լինեն և չվաստակեն ծնողների խայտառակությունը:

Ես մեկ միլիոն երեխա ունեմ:

Ես կառուցում եմ նրանց  հավերժությունը՝  խոստանալով երազ, երկինք ու երջանկություն: Բայց  անցնում են ժամեր, արշալույսները անուրջներ են խորտակում, և բացվող ամեն օրվա հետ ես կրկին կորցնում եմ նրանց վտիտ մարմինները, որ կենսագոյում են բռնության թունելներում:

Ես ատում եմ արարչագործության ստորությունը: Ատում եմ Կենաց գիրքը, որովհետև մահվան ձեռքն է շարադրել ճակատագրեր, և աստվածները Խաչելությունն են ստել՝ ծաղրելով ադամորդու հավերժությունը:

Երբևէ կհեռանանք մենք էլ, հույս իմ, մեզ հետ տանելով ոսկեթեփուկ ձկներ, որ ամբողջ մի կյանք ճողոպրում են գոյության ուռկաններից:

Երբևէ կղողանջեն զանգեր, և կառք կկանգնի մեր դռան դիմաց, և կպոկվի թռչունը մենության ստվերներից:  Քո ձեռքն՝ իմ ափի մեջ, և քո մարմինն՝ իբրև դող, իբրև՝ ցանկություն՝ հավիտենական իմ թարթիչների վրա: Մենք կառք կբարձրանանք, և ես վերջին անգամ կշշնջամ անաստված աշխարհում թափառող իմ նախադասությունը.

– Օ՜ չտխրես հանկարծ…

Ամենախեղճ անհուսության մեջ անգամ, երբ  երազներն են հոգեվար, երբ ծիծեռնակն է դառնում մանկատան պատերի մեջ մեծացող երեխայի խաղալիքը, երբ հասկանում ես, որ առասպելն էր փուչ, իսկ  կարոտը՝ բաց թողնված մի էջ…

Դու չտխրես…

Խնդրո՛ւմ եմ։

Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930