«Մեդիա կենտրոնը» քննարկում էր կազմակերպել հանրային տարածքում գենդերային խտրականությամբ պայմանավորված բռնություն թեմայով։
Սիրանուշ Մանուչարյանը ներկայացրեց, որ 2019 թվականի դեկտեմբերի 10-ին Ազգային ժողովի մոտ «Կամք» նախաձեռնության անդամները իրեն ու իր ընկերուհուն առաջարկել են միանալ իրենց ստորագրահավաքին․ «Ընկերուհիս ամեն օր այդտեղով է աշխատանքի գնում, և իրեն ամեն օր հարցնում են, ասաց ՝ «ա՜, լավ, ախպոր պես, էլի։ Ու իրենք սեռական բնույթի հայհոյանք օգտագործեցին, այսինքն՝ մենք արդեն անցնում էինք։ Ես պտտվեցի և նյարդայնացած ինչ-որ բան ասացի»։
Այդպես սկսվել է ծեծկռտուք, ինչից հետո Սիրանուշ Մանուչարյանը դիմել է ոստիկանություն և հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին։ Փաստաբան Լուիզա Վարդանյանը հավելեց, որ քրեական գործ է հարուցվել միայն ծեծի և այլ բռնի գործողություններ կատարելու հոդվածով։
«Հետագայում՝ քննչական գործողություններ իրականացնելու ընթացքում պարբերաբար տեղեկանում էինք, որ գործը շուտով մեղադրական եզրակացությամբ ուղարկվելու է դատարան, որովհետև դրա համար անհրաժեշտ բոլոր հանգամանքները առկա էին։ Սակայն, հետագայում տեղեկացանք, որ քրեական գործը կարճվում է, քանի որ հանցակազմ առկա չէ»,- ասաց նա՝ հավելելով, որ դրանից հետո նկատել են, որ հանցավոր ոտնձգություն իրականացրած անձինք պարբերաբար նշել են, որ տուժողը աղջկան ոչ հարիր վարքագիծ է դրսևորել։ «Այդտեղ փաստացի առկա է գենդերային կարծրատիպերի հիման վրա իրականացված գործողություն՝ բռնություն։ Տեսել էին, որ ինչ-որ իգական սեռի ներկայացուցիչ, այս դեպքում՝ Սիրանուշը իրենց կարծիքով իրեն դրսևորում է աղջկան ոչ հարիր պահվածքով, դրանով պայմանավորված փորձել էին նրան նվաստացնել, հայհոյանքներ էին նրա հասցեին հնչեցրել, ինչպես նաև ֆիզիկական բռնություն էին կիրառել»։
Կարդացեք նաև
Լուիզա Վարդանյանը նշեց, որ երբ այդ մասին բարձրաձայնել են, վարույթ իրականացնող մարմինը ուշադրություն չի դարձրել, և իրենց միջնորդությունը մերժվել է: Նրա կարծիքով՝ վարույթ իրականացնող մարմինը, առանց կողմի միջնորդության, տեսնելով, որ կասկած կա, թե բռնությունը կարող է իրականացված լիներ գենդերային խտրականությամբ զուգորդված, պետք է ինքնուրույն քայլեր ձեռնարկեր։
Լուիզա Վարդանյանը նկատեց, որ կան հոդվածներ, որոնք ուղղակիորեն արգելում են խտրականությունը և քրեական պատասխանատվություն են նախատեսում․ «Քանի որ մի կողմից պետության մեխանիզմները կատարյալ չեն, մյուս կողմից էլ այդ ոչ կատարյալ մեխանիզմները ամբողջությամբ չեն գործարկվում, մենք տեսնում ենք, որ այստեղ պետությունը ուղղակիորեն թերանում է կանանց նկատմամբ իրավահավասարություն ապահովելու և բռնությունը կանխելու ուղղությամբ գործողություններ կատարելու գործում։ Այժմ քրեական գործը կարճվել է, և կարճման որոշումը բողոքարկել ենք՝ նշելով, որ այստեղ նաև գենդերային բռնության խնդիր կա»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ


















































