Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ինձ չբանտարկեն, չեմ գրի»

Հունվար 30,2021 12:00

Նարեկ Մալյանն ասում է, որ ստեղծագործելը ենթադրում է ստեղծագործական մեկուսացում, որն այս պահին միայն բանտում է հնարավոր

«Իմ գրքերից «Զրոյական կետը» բավական մեծ հաջողություն ունեցավ դրսում, Հայաստանում տպագրվելուց եւ շնորհանդեսից մեկ շաբաթ անց այն հետաքրքրեց դրսի հրատարակիչներին: Մասնավորապես՝ արաբական «Ալ Արաբի» հրատարակչությունը գնեց արաբերեն թարգմանության հեղինակային իրավունքը, ապա Glagoslav բրիտանական հրատարակչությունը ձեռք բերեց «Զրոյական կետի» անգլերենով հեղինակային իրավունքները: Մոտ 2-3 ամիս առաջ լեհական հրատարակչությունը (soniadraga.pl) լեհերենով գիրքը հրատարակելու հեղինակային իրավունքները ձեռք բերեց:

Բանակցություններն արտասահմանյան հայտնի հրատարակչության հետ շարունակվում են: Իրանական շուկա եւս մուտք գործելու համար արվում են քայլեր, ինչպես նաեւ ռուսական շուկա մուտք գործելու համար են հրատարակիչների հետ բանակցություններ ընթանում: Ի դեպ, բրիտանացի անկախ քննադատ Մայքլ Օրթոֆերը ինձ համար անակնկալ գրախոսել է իմ «Զրոյական կետ» վեպը եւ անվանել է բացառիկ կառուցվածք ունեցող ստեղծագործություն»,- «Առավոտի» հետ զրույցում հայտնեց Նարեկ Մալյանը:

Մեր հարցին` ո՞րն է իր գրքի առանձնահատկությունը, որ գրավում է օտարներին, հեղինակը հետեւյալ կերպ պատասխանեց. «Գրելու ժամանակ կա գայթակղություն, որից շատ դժվար է զերծ մնալ` լինելով հայ գրող, դա շատ նեղ ընթերցողի համար գրելն է ու նրան հասկանալի գիրը: Միայն մեծություններին, օրինակ, Հրանտ Մաթեւոսյանին է վերապահված գրել շատ հայեցի, բայց հասկանալի լինել աշխարհին: Սկսնակ գրողները, որոնք առաջին քայլերն են անում, հաճախ են հայտնվում «թակարդում», գրում են այնպիսի ոճով ու այնպիսի տեքստեր, որոնք հասկանալի են լինում միայն հայ ընթերցողի համար, մինչդեռ գրողը, պայմանական ասած՝ պետք է «մարդերեն» գրի, որպեսզի հասկանալի լինի եւ չինացի, եւ բրիտանացի ընթերցողին, որովհետեւ տարբեր են մարդկանց մշակույթները, կենցաղը, պատկերացումները, սակայն, բնականաբար, համամարդկային միավորող կետեր, թեմաներ կան, որոնք կարող են ժպիտ, հուզմունք առաջացնել թե լեհ, թե չինացի, թե բրիտանացի ընթերցողի մոտ, կամ տեքստդ հավասարապես կխոսի թե հայ եւ թե ոչ հայ ընթերցողների սրտի հետ»:

Մեր դիտարկմանը, որ հայ ժամանակակից գրողներից ոմանք իրենց ստեղծագործություններում հաճախ դիմում են հայհոյախոսությանը, ինչո՞ւ ինքը տուրք չի տալիս այդ գայթակղությանը, Նարեկ Մալյանը պատասխանում է. «Տարածված մոլորություններից մեկն է, որ «բաց» տեսարանները կամ հայհոյախոսությունները կբարձրացնեն ընթերցողների թիվը: Օրինակ, Խորհրդային տարիներին նման տեքստերով գրքերը արգելված էին, մարդիկ «տակից» ձեռք էին բերում, կարդում եւ նման ոճով գրելը հերոսություն էր համարվում: Եթե այդպես գրելը կոնկրետ իրավիճակ ներկայացնելու համար չի արվում, ինչ-որ պատմություն պատմելու համար անհրաժեշտ գործոն չէ, ընդամենը արագ ճանաչում ձեռք բերելու եւ պսեւդո հերոսացման ճանապարհը բռնելու ուղին է: Սակայն դա մոլորություն է: Սթենֆորդի համալսարանը մի ուսումնասիրություն էր անցկացրել լավագույն վաճառք ունեցած գրքերի մասին, վերլուծել էին գրքերը հենց այդ «կտրվածքով»՝ հայհոյախոսություն, սեքսուալ տեսարաններ եւ այլն:

Հիմնվելով այդ հետազոտության վրա, կարող ենք ասել, որ լավագույն վաճառք ունեցած գրքերում դրանք հիմնականում բացակայել էին: Օրինակ, կա կարծիք, որ Ջեյմսի «Մոխրագույնի 50 երանգներն» իր հաջողությամբ պարտական է վեպում նկարագրված սեքսուալ տեսարաններին, սակայն գրականագիտական ուսումնասիրությունները փաստում են, որ անգամ այդ գրքում սեքսուալ տեսարանների տոկոսը չնչին է: Եթե գրողը սկսում է հայհոյախոսել, ավելի հակվում է դեպի սեքսուալ նկարագրությունները, իմ կարծիքով, դա այլ ինդուստրիա է, որը լուրջ գրականության հետ առանձնապես կապ չունի:

Իմ առաջին գրքում` «Սոդոմի PR»-ում, ունեմ մի հատված: Դա իմ միակ 18+ գիրքն է, որտեղ ուղղակի անելանելի վիճակում եմ հայտնվում որպես հեղինակ, որովհետեւ չեմ կարողացել գտնել ավելի մեղմ բնութագրումներ, ու գրքում տեղ են գտել հայհոյանք պարունակող որոշ պարբերություններ: Դրանք գրվել են ոչ թե այն նպատակով, որ բարձրացնեն գրքի ճանաչվածությունը, վաճառքը, այլ այն պատճառով, որ որպես հեղինակ չեմ կարողացել ընտրել անհրաժեշտ «փոխարինիչներ»: Ռուսերենի դեպքում փողոցային ու խոսակցական ռուսերենը մի քիչ այլ են, խոսակցական ռուսերենով կարելի է ստեղծագործել ու չհայհոյել, մինչդեռ հայերենում կա գրական հայերեն ու փողոցային հայերեն, իսկ խոսակցական հայերենն այդքան զարգացած չէ, որ հնարավոր լինի ստեղծագործել` առանց հայհոյանքների»:

Նշենք, որ պատրաստ է նաեւ Նարեկ Մալյանի malian.am կայքը, որն անգլալեզու է: Հեղինակն ասում է, որ դրա նպատակն է երկխոսել այն հրատարակիչների հետ, որոնք ցանկություն կունենան իր հետ համագործակցել: «Ուզում եմ ցույց տալ, որ իմ նպատակները գրական աշխարհում լուրջ են: Ես երկար ժամանակով եմ եկել այդ դաշտ եւ ասուպային գործունեություն չեմ ծավալելու: Ունեմ նաեւ որոշ գրականական մրցանակային հավակնություններ, որոնց մասին կասեմ ավելի ուշ»:

Հարցրինք նաեւ, թե այս պահին Նարեկ Մալյանն ինչի վրա է աշխատում: «Այս պահի դրությամբ ունեմ հրատարակված երեք գիրք, «Սոդոմի PR»-ը, որը լույս է տեսել հայերեն, ռուսերեն, երկրորդը` «Զրոյական կետն» է, որը լույս է տեսել հայերեն, արաբերեն, անգլերեն եւ շուտով նաեւ լեհերեն ու ռուսերեն, երրորդ գիրքս «Սրտերի թագուհին» է: Ամենաարագը վաճառվել են «Զրոյական կետն» ու «Սրտերի թագուհին»: Առաջինը Հայաստանի ամենավաճառված գրքերի ցուցակում է եղել, «Սրտերի թագուհու» արագ վաճառքն ավելի շատ կապում եմ «Զրոյական կետի» ընթերցողի ակնկալիքների ու սպասումների հետ:

Ինչ վերաբերում է ստեղծագործելուն, նշեմ, որ վերջին 2,5 տարին անտանելի ծանր պայմաններ են Հայաստանում ստեղծագործող ցանկացած մարդու համար: Ուղղակի անհնար է ստեղծագործել, բացառությամբ, եթե դու բանտում չես, որովհետեւ ստեղծագործելը ենթադրում է ստեղծագործական մեկուսացում, արտաքին ազդակներից կտրված միջավայր, կենտրոնացում, ստեղծագործելու պրոցեսն ինձ մեծ հաճույք է պատճառում: Օրինակ, «Զրոյական կետը» տեւել է մեկ տարուց ավելի, նույնիսկ այդ ժամանակ ես պետական աշխատող էի, գրում էի «Զրոյական կետը», կարողանում էի ժամանակ գտնել եւ գիրքը ավարտին հասցնել, իսկ հիմա այսօրվա լրահոսը քամում եւ ոչնչացնում է ստեղծագործող մարդուն, էներգետիկ դատարկություն է բերում: Անհնար է գրելը, դա նման կլինի նրան, որ տան մեջ հրդեհ լինի, ես տան մի անկյունում նստած գիրք գրեմ: Կարճ ասած, եթե ինձ չբանտարկեն, չեմ գրի: Նախնական մտահղացումներ կան, սակայն դրանք թղթին հանձնելու համար անհրաժեշտ է ստեղծագործական մեկուսացում: Մնում է՝ իշխանությունները վերջապես բանտարկեն ինձ, որ գոնե մի գիրք կարողանամ ավարտել: Եթե ավելի երկար տեւի բանտարկությունը, գուցե երկուսը կամ երեքը ավարտեմ, հատկապես որ երեք նոր գրքի մտահղացում ունեմ»,-նշեց Նարեկ Մալյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.01.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031