«2019թ դատական հայցերի աննախադեպ հոսք եղավ` ընդդեմ լրագրողների եւ լրատվամիջոցների, եւ 2020թ այդ միտումը մեծ հաշվով շարունակվեց: Աննախադեպ ասելով` նկատի ունեմ մեր ողջ դիտարկումների ժամանակաշրջանը: 2010թ-ից ի վեր, երբ ապաքրեականացվեցին վիրավորանքը եւ զրպարտությունը, մենք հետեւում էինք գործընթացին, դատական պրակտիկային: Նմանատիպ մշտադիտարկում անցկացրել ենք նաեւ 2013-14թթ, բայց 2019թ.-ի չափ դատական հայցեր ԶԼՄ-ների դեմ վերջին 10 տարիների ընթացքում երբեք չեն եղել: Ընդ որում, այդ տխուր միտումը 2020թ եւս շարունակվել է»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե նախագահ Աշոտ Մելիքյանը:
Նա ասաց, որ մշտադիտարկման անհրաժեշտությունը պայմանավորված էր այն խորը ճգնաժամով, որն առկա է դատական համակարգում. «Մեզ համար շատ կարեւոր էր հետազոտել, թե ճգնաժամի պայմաններում ինչպես են գործում Հայաստանի դատարանները, որքանով են ճշգրիտ հետեւում օրենքների պահանջներին, միջազգային իրավական ակտերին, Սահմանադրական եւ Վճռաբեկ դատարանների որոշումներին»:
Աշոտ Մելիքյանի ձեւակերպմամբ, հետազոտությունն իրականացնելիս իրենց համար ուղենիշներ են հանդիսացել ՀՀ Սահմանադրությունը, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների Եվրոպական կոնվենցիան, Մարդու իրավունքների Եվրոպական, ՀՀ վճռաբեկ դատարանների որոշումներն ու վճիռները:
Նա անդրադարձավ նաեւ չափորոշիչներին. «Դա առաջին հերթին փաստերի եւ գնահատող դատողությունների տարանջատումն էր: Մենք գիտենք, որ լրագրողների գործունեության համար եւս սա շատ կարեւոր է: Դրան մեծ ուշադրություն պետք է դարձնեն նաեւ դատարանները, որովհետեւ դրանք տաբեր խնդիրներ են եւ տարբեր իրավական հետեւանքներ են նախատեսում: Երկրորդը տեղեկատվության արատավորող բնույթն է: Պետք է դատարաններն իսկապես կարողանան ապացուցել, որ այդ արտահայտությունը արատավորող բնույթի է եղել, պատշաճ պատասխանողի խնդիր, նյութական եւ ոչ նյութական փոխհատուցման խնդիր, որ շատ հրատապ է եւ ցավոտ այն ԶԼՄ-ների համար, որոնք դատական գործընթացների մեջ են…»:
Կարդացեք նաև
Աշոտ Մելիքյանի խոսքով, ընդհանուր առմամբ 2019-20թթ եղել է 176 հայց, որից 94-ը 2019-ին է ներկայացվել, 82-ը` 2020թ, այդ հայցերից վարույթ է ընդունվել 127-ը, մնացած 49-ը վարույթ չի ընդունվել: 127 գործերից 116-ում ԶԼՄ-ները կամ նրանց հիմնադիրները հանդես են եկել որպես պատասխանող, իսկ 11-ի դեպքում ներգրավել են որպես երրորդ կողմ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































