Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Թավադյան. Միայն մեկ կողմի շահերը հաշվի առնելը թույլ չի տա ապաշրջափակել տրանսպորտային հաղորդակցության ուղիները

Մարտ 05,2021 15:40

Տնտեսական շահավետության առումով նպատակահարմար է բացել Իջեւան-Ղազախ ճանապարհը, Երեւան-Սադարակ (Նախիջեւան) երկաթգիծը, իսկ ընդհանրապես Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիների հարցը պետք է լուծել համակարգված՝ հաշվի առնելով աբխազական եւ Գյումրի-Կարս երկաթգծերի բացումը:

ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիայի արդյունքում էապես կաճի միության անդամ երկրների տարանցիկ եւ տրանսպորտային ներուժը, բայց համակարգային մոտեցման անհրաժեշտություն կա. միայն մեկ կամ երկու երկրի շահերի հաշվարկով քաղաքական որոշումը չի նպաստի ԵԱՏՄ բոլոր երկրների տնտեսական աճին: Այս մասին այսօր «Սպուտնիկ Արմենիա» կենտրոնում կայացած Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը: Տեսակամուրջի ձեւաչափով քննարկվում էր Եվրասիական փորձագիտական ակումբի հետազոտությունը` նվիրված Հայաստանի տնտեսության 2020 թվականի իրավիճակին:

Աշոտ Թավադյանը վստահ է, որ խիստ անհրաժեշտ է ակտիվացնել միության բոլոր երկրների աշխատանքները՝ Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիների խնդիրները լուծելու նպատակով: «Այստեղ առանցքային նշանակություն ունի Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության լիարժեք իրականացումը: Կողմերից մեկի ջանքերը` չկատարել հայտարարության 7-րդ եւ 8-րդ կետերը, իսկ 9-րդ կետը կատարել միայն մեկ կողմի շահերից ելնելով, թույլ չի տա ապաշրջափակել տրանսպորտային հաղորդակցության ուղիները: 9-րդ կետում հստակ նշված է՝ ապաշրջափակվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական եւ տրանսպորտային ուղիները: Սակայն արձանագրվում է հակառակը: Հայտարարության ստորագրումից հետո փակվել է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը: Սա իհարկե վտանգում է նշված հայտարարության ամբողջական կատարումը», – ասաց Աշոտ Թավադյանը:

Ըստ նրա, տնտեսական շահավետության առումով, նպատակահարմար է բացել Իջեւան-Ղազախ ճանապարհը, Երեւան-Սադարակ (Նախիջեւան) երկաթգիծը, իսկ ընդհանրապես Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիների հարցը պետք է լուծել համակարգված՝ հաշվի առնելով աբխազական եւ Գյումրի-Կարս երկաթգծերի բացումը. «Թուրքիան ակտիվորեն ընդլայնվում է դեպի Անդրկովկաս: Սա նրա վրա դնում է հաղորդակցության ուղիների խնդրի լուծման որոշակի պատասխանատվություն: ԵԱՏՄ բոլոր երկրները պետք է նկատի ունենան այս գործոնը»:

Բելառուսն ու Ղազախստանը դրական հարաբերություններ ունեն Վրաստանի եւ Ռուսաստանի հետ: Աշոտ Թավադյանն առաջարկում է այս երկրների ներգրավմամբ լուծել Վրաստանի տարածքով դեպի Հայաստան երկաթգծի հարցը, ինչը հնարավորություն կտա մեծապես ավելացնել ոչ միայն Հայաստանի եւ Վրաստանի, այլ նաեւ՝ Իրանի հետ ԵԱՏՄ ապրանքաշրջանառությունը: Բանախոսը վստահ է, որ տարածաշրջանի մարտահրավերների պարագայում ԵԱՏՄ երկրների անվտանգության առանցքային երաշխիքը եվրասիական տնտեսական եւ ռազմաքաղաքական ինտեգրացիան է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031