Նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը՝ անդրադառնալով ռեկտորների խորհրդի կողմից հնչեցված այն մտքին, թե ԿԳՄՍ նախարարությունը նախագիծը չի տրամադրել պետական համալսարաններին եւ չի տեղեկացրել՝ կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին, նշեց հետեւյալը.
«Նախարարությունն առաջնորդվել է Կառավարության նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքով և Կառավարության աշխատակազմի աշխատակարգով: Նախագիծը մշակող մարմինն ինքն է որոշում՝ որ շահագրգիռ մարմիններին ներկայացնել: Նախարարությունը այն ներկայացրել է ֆինանսների եւ արդարադատության նախարարություններին: Բուհերի հետ չենք քննարկել, որովհետեւ մենք դրա մեջ տեսել ենք նոր օրենքում դրված տրամաբանությունը: Իսկ նախագիծը հանրային քննարկման դրված լինելը նշանակում է, որ նաեւ բուհերն իրենք կարող են հանրային քննարկման հարթակն օգտագործել եւ իրենց կարծիքը ներկայացնել»,- ասաց վարչության պետի տեղակալը:
«Ես համամիտ չեմ, որ նախարարությունն անտեսել է բուհերին, չի խորհրդակցել նրանց հետ: Խորհուրդների կառավարման մասով քննարկումներ եղել են ե՛ւ բուհերի, ե՛ւ շահագրգիռ կառույցների տարբեր շրջանակների հետ: Նախարարության դիրքորոշումը կառավարման խորհրդի մասով բոլոր բուհերին հայտնի էր, ուղղակի հաշվի առնելով օրենքի ճակատագիրը եւ որոշ բուհերում կառավարման ճգնաժամը, նախարարությունը օպերատիվ լուծում է տվել այդ ճգնաժամին՝ գործող օրենքների, գործող իրավակարգավորումների շրջանակում՝ բուհերի բնականոն գործունեությունը հետայսու ապահովելու համար»,- հավելեց Գրիգորյանը:
Իսկ հայտարարության մեջ նշված այն հարցի շուրջ, թե Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարան դիմեց՝ վիճարկելով օրենքի սահմանադրականության հարցը՝ անգամ այդ օրենքով սահմանված 5/4 (5-ը՝ հիմնադրի և լիազոր մարմնի կողմից նշանակված անդամներ, 4-ը՝ համալսարանի դասախոսներ և ուսանողներ) համամասնության պարագայում, Լուսինե Գրիգորյանը ասաց հետեւյալը.
Կարդացեք նաև
«Նախագահն ամբողջ օրենքն է ուղարկել ՍԴ, ուղեկցող գրության մեջ որեւէ առանձնացում, որեւէ շեշտադրում, որ օրենքն ուղարկվել է հենց առաջարկվող համամասնությունը վիճարկելու համար, նման դրույթ չկա: Առաջարկված տարբերակը օրենքի մշակման ընթացքում առաջ քաշած քաղաքականության տրամաբանությունն է: Այստեղ համամասնությունը պայմանավորված է Կրթության մասին օրենքում ուսանողների խորհրդին մասնակցության հստակ տոկոս նշված լինելու հանգամանքով, իսկ օրենքում որեւէ արգելք չկա կառավարման խորհրդում հիմնադրի՝ մեծամասնություն ձեւավորելու համար»:
Նրա խոսքով՝ առաջարկվող փոփոխությունը բուհերի ինքնավարության ու ակադեմիական ազատության իրավունքը չի խախտում.
«Բուհերն, այո՛, ինքնավար են. ինքնուրույն են որոշում կրթական տեխնոլոգիաները, ուսումնական պլանները, ֆինանսական միջոցների բաշխումը: Ուսանողի ամփոփիչ ատեստավորման կազմակերպման, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ընտրության հարցում են ինքնուրույն: Մի խոսքով՝ կրթության բովանդակության, ֆինանսներին վերաբերող հարցերում լրիվ ինքնուրույն են»,- արձանագրեց նա:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում


















































