Լրահոս
Օրվա լրահոսը

«Շարադրություն գրելը ինձ համար մի մեծ սթրես էր, բայց միշտ գրել եմ ու բարձր ստացել եմ». Վահրամ Դումանյանը՝ Սոթքում (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 01,2021 17:50

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր անձամբ շնորհավորեց Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Սոթք եւ Կութ համայնքների առաջին դասարանցիներին՝ Գիտելիքի օրվա առթիվ:

«Սոթքն այսօր մեր ուշադրության կենտրոնում է: Գիտեք, որ որոշակի գործողություններ են տեղի ունեցել, որը մտահոգում է մեզ բոլորիս: Բայց դրանք չեն կարող մեզ շեղել մեր առաջընթացից, մեր տրամադրությունները միշտ բարձր են՝ մարտական, գիտական: Մենք հաստատակամ ենք ու գիտենք, որ մասնավորապես Սոթքից պիտի սկսվեն մեր ճանապարհները՝ դեպի հզորացում»,- լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:

Սոթքի միջնակարգ դպրոցում կա 163 աշակերտ, դպրոցն ունի 20 առաջին դասարանցի: Պատերազմից հետո վնասվել էին դպրոցի պատուհանները, այսօր տեղական իշխանությունների ջանքերով դրանք փոխարինվել են:

Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին՝ հիշո՞ւմ է իր՝ առաջին անգամ դպրոց գնալը, դպրոցում սիրելի առարկան ո՞րն է եղել: Դումանյանը պատասխանեց. «Հիշում եմ, բայց՝ դժվարությամբ: Գենետիկ մակարդակով հիշողություն կա, որ դա մի նոր կյանքի սկիզբ է: Ինչ մեղքս թաքցնեմ, մաթեմատիկան է եղել իմ սիրելի առարկան: Հումանիտարից մի քիչ բան էի, օրինակ, շարադրություն գրելը, երբ որ ուսուցչուհին հանձնարարում էր, ինձ համար մի հատ մեծ սթրես էր: Բայց միշտ գրել եմ ու բարձր ստացել եմ, օգնել են ինձ նաեւ գրելու համար»:

Նախարարը մաղթեց, որ սեպտեմբերի 1-ով սկսվի խաղաղության դարաշրջան ու երեխաները դասերին պատրաստվելուց ու սովորելու հոգսերից բացի ուրիշ հոգս չունենան. «Մեր անվտանգության հիմքում պետք է ընկած լինի գիտելիքը, կրթությունը, ճիշտ մտածելակերպը, ճիշտ գաղափարական մոտեցումները: Մենք Սոթքում ենք գտնվում, այո՛ այստեղ եղել են լարված իրավիճակներ՝ կապված հիմնականում պատերազմական գործողությունների հետ: Պատերազմից հետո մեզ համար միշտ առաջին տեղում է հանդես գալիս անվտանգության խնդիրը: Իմ խորին համոզմամբ, մեր անվտանգության ամենամեծ գրավականը մեր կրթվածությունն է: Եթե մենք պիտի նպատակ դնեինք, որ մենք պիտի մեր փոքրաթիվ ժողովրդով ունենանք գերհզոր բանակ, որ աշխարհը վախենա ու մեր հարեւանները մեզանից սարսափեն միայն այն պատճառով, որ մենք զենքի, զինվորական հզոր ուժ ունենք, ես դեմ չեմ, եկեք այդպիսի նպատակ դնենք ու շարժվենք այդ ուղղությամբ: Բայց այստեղ մտածելու բազում հարցեր կան՝ ինչքանով է դա իրական: Ես այս տեսակետին եմ՝ եթե մենք դնենք, որ մեր անվտանգության հիմքում կրթությունն է կրթությունից բխող բոլոր հետեւանքներով՝ մտածելակերպով, գաղափարախոսությամբ, ճիշտ հարաբերություններ պահպանելով՝ այդ թվում դիվանագիտական, այս պարագայում մենք վստահաբար կլինենք ամենաանվտանգը: Քանի դեռ մենք այդ գիտական իմաստով, ճիշտ գիտելիքահեն իմաստով, կրթված մարդու տեսակետով չենք մոտենում մեր անվտանգային խնդիրներին, կարծում եմ, մենք կունենանք խնդիրներ»:

Նախարարը գրենական պիտույքներ նվիրեց աշակերտներին, ծանոթացավ առաջին դասարանցիների հետ:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930