Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր պատերազմի վախը դարձել է հանրությանը հոգեբանորեն ճնշելու և հակառակորդին արվող զիջումներն արդարացնելու հիմնական միջոցը. «Փաստ»

Նոյեմբեր 11,2021 09:00 Share

Պարզ է, որ Ադրբեջանը և Թուրքիան իրենց պահանջների հարցում կանգ չեն առնելու, մեկը ստանալուց հետո անցնելու են մյուսին, սակայն հարցն այն է, թե այսպիսի ծայրահեղ իրավիճակում ինչ պետք է անի Հայաստանը։ Հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից մեկ տարի է անցել, և ստեղծված իրադրության տեսանկյունից մեկ տարին, թվում է, զգալի ժամանակահատված է ծանր վիճակից դուրս գալու համար։ Չէ՞ որ պետք է հաշվի առնել, որ հետագա զարգացումների ընթացքը հիմնականում կախված է նրանից, թե հակամարտության կողմերը ժամանակն ինչպես և ինչ ուղղությամբ կօգտագործեն։ Այս տեսանկյունից եկեք նայենք, թե ինչ է հասցրել անել հայկական կողմն այս մեկ տարվա ընթացքում։

Առաջին հերթին պետք էր հաղթահարել երկրում հաստատված հոգեբանական ընկճվածության վիճակը, սակայն իշխանությունները դրա փոխարեն ավելի են խորացրել մեր անկարողության ընկալումն ու պարտվածի կոմպլեքսները։ Հարցն այն է, որ նրանք ոչ միայն որևէ քայլ չեն արել հասարակության ծանր բարոյահոգեբանական վիճակը հաղթահարելու ուղղությամբ, այլև այնպիսի պատկերացում են ձևավորել, թե պետք է զիջենք, համակերպվենք, քանի որ նոր պատերազմն ավելի կործանարար հետևանքներ կարող է ունենալ։ Այսինքն՝ նոր պատերազմի վախը դարձել է հանրությանը հոգեբանորեն ճնշելու և հակառակորդին արվող զիջումներն արդարացնելու հիմնական միջոցը։ Մեկ տարվա ընթացքում կարող էինք տնտեսության զարգացմանը նոր թափ հաղորդել, որն էլ իր հերթին սպառազինությունների ձեռքբերման տեսանկյունից թույլ կտար լրացուցիչ տնտեսական հնարավորություններ ստեղծել։

Սակայն հայտնի չէ որևէ դեպք, որ պատերազմի ավարտից հետո Հայաստանը սպառազինության էական համալրում է ունեցել։ Իհարկե, խոսքը ավտոմատների ու իրենց դարն ապրած զինատեսակների մասին չէ, այլ նորագույն սպառազինության համակարգերի։ Եթե լիներ ժամանակակից սպառազինության ձեռքբերման գեթ մի դեպք, ապա, անկասկած, իշխանություններն այդ իրողությունը կօգտագործեին իրենց փիառի ու սեփական վարկանիշը բարձրացնելու նպատակով ու դրա ֆոնին սելֆիներ կանեին։ Բանակի բարեփոխումների մասով ևս տեսանելի քայլեր չեն նկատվում։ Միայն անդադար խոսվում է այդ մասին, սակայն սայլը տեղից չի շարժվում, և մեր ռազմական գերատեսչությունը չի համապատասխանեցվում ժամանակակից պատերազմների պահանջներին։

Կարելի էր ստեղծել հատուկ հանձնաժողով կամ այլ մարմին, որում կընդգրկվեին լավագույն մասնագետներն ու ռազմական գործի գիտակները, որոնց առաջարկների վրա էլ մեծ թափով կիրականացվեին բանակի բարեփոխումները, սակայն ցավալին այն է, որ մեկ տարվա ընթացքում այս հարցը շարունակում է դիտարկվել միայն «ելակի ու ներքնաշորի» մակարդակում։ Եվ անհրաժեշտ քայլերի բացակայության արդյունքում է, որ ինչքան ժամանակն անցնում է, այնքան ավելի ծանր ու բարդ իրավիճակում ենք հայտնվում։ Հայաստանն այսօր ոչ միայն ի վիճակի չէ պաշտպանել իր շահերը, այլև իր սահմաններն ու քաղաքացիներին։

Սա նաև դիվանագիտական ձախողման արդյունք է, քանի որ իշխանություններին այդպես էլ չի հաջողվում ապահովել բանակցային գործընթացի առաջխաղացումն ու Հայաստանի թուլացած դիրքերի վերականգնումը։ Դեռևս անցյալ տարվա նոյեմբերին իր հրապարակած ճանապարհային քարտեզում Փաշինյանն արձանագրել էր, որ իշխանության խնդիրն է Արցախյան հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով՝ Արցախի կարգավիճակի և իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընդգծմամբ: Բայց հրադադարից մեկ տարի անց ոչ միայն որևէ խոսք չկա բանակցային գործընթացի վերականգնման, այլև Արցախի կարգավիճակի ու արցախցիների՝ հատկապես Շուշի ու Հադրութ վերադարձի մասին։

Ի՞նչ բանակցային գործընթացի մասին կարող է խոսք լինել, երբ Ադրբեջանը ամեն կերպ հրաժարվում է հանձնել գերիներին, իսկ այդ կապակցությամբ Մինսկի խմբի համանախագահներն անգամ ծպտուն չեն հանում։ Ստացվում է, որ դիվանագիտական դաշտում ևս այս մեկ տարին անիմաստ քամուն ենք տվել։

 

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930