Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Մայիսի 28-ից դասեր ունենք քաղելու»․ Ռոբերտ Ղուկասյան (ֆոտոշարք)

Մայիս 29,2022 00:18

Մայիսի 28-ին՝ Հայոց պետականության վերականգնման 104-ամյակի օրը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը` Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի, մարզպետարանի աշխատակազմի, ուժային ու իրավապահ մարմինների մարզային կառույցների ղեկավարների հետ ծաղիկներ է դրել նախ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր կապանցի Արամ Մանուկյանի կիսանդրուն, ապա Գարեգին Նժդեհի հուշահամալիրում ծաղիկներ են խոնարհել Նժդեհի շիրիմին։

Պաշտոնյաներն ու կապանցիները  այցելել են նաեւ Կապանի Բաղաբուրջի հուշահամալիր ու ծաղկադրումով հարգել հանուն Հայաստանի Հանրապետության ու պետականության պահպանման զոհված հայորդիների հիշատակը։

Սյունիքի մարզպետի խոսքով՝ պարտավոր ենք այնպես ապրել, որպեսզի  իրավունք ունենանք կոչվելու Մայիսի 28-ը մեզ պարգեւած հերոսների ժառանգը, որոնց շարքերում  հավերժ մեծարանքի արժանի ու անօրինակ սխրանքներ գործած սյունեցիներ կան։

«Հիշելով, թե պատմական ինչ իրավիճակում է կերտվել Մայիսի 28-ը, պետք է ընդունենք, որ այս տոնը մեր ուժերի հանդեպ ինքնավստահության, ազգային համախմբման դեպքում ուժի ու անպարտելիության ապացույցն է, որից դասեր ունենք քաղելու։ Բոլորիս միասնություն, խաղաղություն, բարություն եմ մաղթում, նաեւ սեր՝ միմյանց ու Հայրենիքի հանդեպ»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց Ռոբերտ Ղուկասյանը։

Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը, հիշեցնելով օրվա խորհուրդը, վստահ է, որ այսօր էլ մեր միասնության, վճռականության եւ համախմբվածության շնորհիվ կկարողանանք ոտքի կանգնել, գրանցել նոր հաղթանակներ։ «Այսօր պարտքն է հիշել ու փառաբանել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներին՝ նրանց շարքերում հպարտորեն նշելով կապանցի Արամ Մանուկյանին եւ մեր մյուս համերկրացիներին, ովքեր մեծագույն ներդրում են ունեցել մեր պատմության ամենաբացառիկ էջերից մեկի կերտման գործում»,-ասում է Գեւորգ Փարսյանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031