Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամերիկյան շահերն այլ դաշտում են եւ ամերիկյան չինովնիկները դրա մասին բաց ասում են». Թեւան Պողոսյան

Նոյեմբեր 17,2022 16:06

«Կարծում եմ, լավագույն ձեւակերպումը տրված է փոխպետքարտուղար Դոնֆրիդի խոսքում՝ «այսօր Հայաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերություններն ամուր են, քան երբևէ, իսկ Ադրբեջանին տրամադրվող անվտանգության ոլորտի ամերիկյան օժանդակությունը բխում է ԱՄՆ-ի ազգային շահերից»,- Aravot.am-ի հետ զրույցում՝ պատասխանելով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած՝ «Կովկասում ԱՄՆ-ի քաղաքականության գնահատականը» թեմայով լսումների վերաբերյալ հարցին, ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Ըստ մեր զրուցակցի, ամերիկացի պաշտոնյան իր խոսքում բավական հստակ է արտահայտվել՝ ասելով, որ մի երկրում հարաբերությունների ամուր լինելն է գերակա, որովհետեւ ունենք հայ համայնք, հայ ընտրողներ կամ «ՀՀ իշխանություններն այսօր կատարում են մեր ցանկությունները», բայց մյուս երկրի հետ հարաբերությունները հիմնված են ԱՄՆ ազգային շահերի վրա եւ այդ խնդրի համատեքստում է, որ իրենք գտնում են, որ պետք է համագործակցեն Ադրբեջանի հետ:

Այն, որ ավանդաբար հայամետ դիրքորոշում ունեցող սենատորները նույն կերպ շարունակում են իրենց պայքարը թե Ցեղասպանության ճանաչման, թե Արցախին օժանդակության եւ մնացյալ այլ հարցերում, ըստ մեր զրուցակցի, շատ հստակ ցույց է տալիս ամերիկյան պետական կառավարման համակարգի մոդելը:

«Ամերիկյան շահերն այլ դաշտում են եւ ամերիկյան չինովնիկները դրա մասին բաց ասում են. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողն էլ է ազնիվ ասել խմբի աշխատանքի մասով՝ փաստելով, որ խումբը հասել է մի կուլմինացիայի, որտեղ հավանաբար այլ իմաստով պետք է աշխատի, բայց այդ ինստիտուտը կա, ինչո՞ւ կորցնենք, որովհետեւ մենք ներդրումներ ենք արել, գումարներ ենք ծախսել, ինստիտուտ ենք ձեւավորել՝ եկեք տեսնենք, թե այդ ինստիտուտն ինչպե՞ս կարող ենք օգտագործել՝ մեր՝ ամերիկյան շահերն առաջ տանելու համար: Դրա համար դեռ կա, բայց ակնկալիք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, համանախագահներն ունեին մանդատ՝ միտված արցախյան հիմնահարցի լուծումները փնտրելու եւ գտնելու, այլեւս այնպիսինը չէ, իրենք միասին չեն աշխատում»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այս լսումները ևս ցույց են տալիս ամերիկյան ժողովրդավարության ինստիտուտների կայացվածությունը՝ հիմնված ազգային ավանդույթների եւ խորքային՝ արդեն մի քանի դար մշակված եւ ձեւավորված քաղաքականության վրա:

Այս ամենը հասկանալով, ըստ Թեւան Պողոսյանի, մենք պետք է կարողանանք հարաբերություններ ձեւավորել. «907 բանաձեւը կար եւ ժամանակին օգտվեցինք դրանից, բայց երբ եկավ պահը, որ պետք է կարողանայինք հավասարակշռել եւ պահպանել՝ չկարողացանք. ամերիկյան ազգային շահերն ավելի գերակա գտնվեցին: 2020 թվականին, հիշո՞ւմ եք, ԱՄՆ-ից հնչեցին դատապարտող հայտարարություններ, որովհետեւ, առաջինն՝ իրենց շահերից էր բխում այն, ինչ-որ կատարվում էր եւ երկրորդը՝ այդ ժամանակ իրենց ներքին խնդիրներում ամենագլխավոր բանն էր տեղի ունենում՝ ընտրություններ, եւ մարդիկ զբաղված էին իրենց ընտրություններով: Միգուցե սա՞ է գլխավոր դասը, որ Հայաստանը փոխարեն մտահոգվի այս կամ այն երկրի ազգային շահերին նպաստելու հարցով, այլ մտածի հայկական շահերն առաջ տանելու մասին եւ առաջնորդվի միայն Հայաստանի շահերով: Այ սա մենք չենք կարողանում սովորել ու դրա համար, ամեն անգամ, քննարկում եւ նայում ենք՝ այստեղ ո՞նց ասացին, այնտեղ՝ ո՞նց: Ասում է՝ ոչ մի երկիր չի ցանկանում ճանաչել Արցախի հանրապետությունը: Լո՞ւրջ: Այդ դեպքում՝ Ֆրանսիայի Սենատի որոշումն ինչի՞ մասին է. այն էլ՝ կրկնվում է: Ֆրանսիայի Սենատը երկրորդ անգամ հայտարարություն է ընդունում, դիմում է կոչով, ինչը նշանակում է՝ ցանկանում է, չէ՞, որ…: Փաստորեն, եթե որեւէ մեկին պետք է մի երկրի անուն, որը պետք է ճանաչի, արդեն՝ կա: Հայաստանը միշտ ասել է՝ որեւէ մեկը ցանկություն հայտնի, մենք հետեւից անելու ենք: Ես կուզեմ, որ օրինակ վաղը ՀՀ ԱԺ-ում Ֆրանսիայի Սենատի բանաձեւի նման մի բանաձեւ ընդունվի: Եթե Ֆրանսիայի համար դա խորհրդատվական բանաձեւ է, ՀՀ ԱԺ-ն պետք է ընդունի հայտարարություն կամ պահանջ-բանաձեւ»:

Թեւան Պողոսյանն ասում է՝ կցանկանար Սենատի լսումների նման մի քննարկում էլ ՀՀ ԱԺ-ում լսել. «Երբ պատգամավորները Մենենդեսի մակարդակի չափով կարողանային քննել եւ հարցեր բարձրացնել ՀՀ գործադիրի առջեւ: Միգուցե մեզ սա է պետք սովորել, որպեսզի հասկանալ, թե ինչպե՞ս պետք է ժողովրդավարությունն աշխատի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930