Հայաստանի, այդ թվում՝ Արցախի նկատմամբ ահաբեկչական քաղաքականությունը բավարար հակազդեցություն չի ստանում՝ խրախուսելով Թուրքիային եւ Ադրբեջանին՝ շարունակելու ծավալապաշտական ծրագրերի իրականացումը։ Ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառմանը հնարավոր չէ հակազդել դատապարտող հայտարարություններով, եթե դրանք չեն ամրապնդվում քաղաքական, տնտեսական պատժամիջոցներով։ Արեւմտյան պատժամիջոցներից առաջացած դժվարությունները շրջանցելու համար Ռուսաստանը խուսափում է կոշտ մոտեցում ցուցաբերել Ադրբեջանի հետ հարաբերություններում, առավել եւս, որ Բաքվի իշխանությունների հետեւում երեւում է Անկարայի ստվերը։ ԵՄ-ն նույնպես հայտարարությունների եւ երկխոսության օգնությամբ հարցերը լուծելու կողմնակից է եւ պատժամիջոցների մեխանիզմի կիրառումը չի դիտարկում Գորիս-Ստեփանակերտ մայրուղու շրջափակման հետ կապված իրավիճակը հանգուցալուծելու միջոց։
Նման իրավիճակում ռազմական ագրեսիային դիմակայող պատվարն Իրանի «կարմիր գծերն» են, սակայն վերջին օրերին Իրանի շուրջ ընթացող գործընթացներն առավել մտահոգիչ են դառնում։ Իրանի եւ Հայաստանի դեմ գործող թուրք-ադրբեջանական տանդեմին սկսել է արդեն բացահայտ աջակցել Իսրայելը։
Նկատենք, երբ անցած տարվա վերջին Իրանի կողմից պարբերաբար կոշտ եւ հստակ հայտարարություններ հնչեցին սահմանների որեւէ փոփոխության անթույլատրելիության վերաբերյալ, Իրանում ներքին անկայունություն հրահրվեց։ Արդեն իսկ 2020-ին ակնհայտ էր, որ հաջորդ թիրախը դառնալու է Իրանը, այդ մասին էին հուշում Թուրքիայի եւ Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարությունները։ Լայնածավալ բախման սկիզբը կարող է շատ ավելի մոտ լինել. Իրանը փորձում է հետաձգել բախման մեկնարկը, սակայն թուրք-իսրայելական հետաքրքրությունների տիրույթում գտնվող Ադրբեջանն օգտագործվում է «տաք» պատերազմը մոտեցնելու համար։ 2020 թ. Արցախում եւս բախվում էին տարածաշրջանով հետաքրքրված ուժերը, սակայն այն դեռեւս հնարավոր էր պահել որպես տեղային պատերազմ, մինչդեռ Իրանի անմիջական ներգրավմամբ պատերազմական գործողությունները կարող են ավելի շատ երկրների ներքաշել արյունալի մսաղացի մեջ։
Ի վերջո, համաշխարհային պատերազմի մեկնարկը կտա առավել թույլ օղակը։ Ներկայումս շոշափվում են կողմերի հնարավորություններն ու «նյարդերի» ամրությունը, մանեւրելու տարբերակներն ու հասարակությունների դիմադրողականության աստիճանը։ Զսպող գործոն շարունակում է մնալ զանգվածային ոչնչացման զենքերի կիրառման հավանականությունը, որը հաղթող կողմին կպարգեւի պյուռոսյան հաղթանակ։ Հայաստանի համար առաջնայինը մեկ անգամ եւս «թույլ օղակ» դառնալուց խուսափելն է։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում


















































