Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր ժողովուրդը, գոնե մի մասը նրա, հարուստներին, նույնիսկ բարերարներին չի սիրում: Նախանձում է, բայց չի սիրում. «Ազգ»

Մարտ 03,2023 11:07 Share

Ամերիկահայ ընկերներիցս մեկը, մասնագիտությամբ ինժեներ-կաշվեգործ, մինչեւ 44-օրյա պատերազմը սովորություն ուներ տարին մեկ անգամ Հայաստան-Արցախ գալ եւ շրջելով տարբեր, հատկապես փոքր բնակավայրերով, նյութական օգնություն տալ կոնկրետ ծրագրերի համար՝ ջրագիծ, մանկապարտեզի վերանորոգում, գյուղատնտեսական սարքավորումներ, անասնագոմերի կահավորում եւլն:

«Գիտե՞ս,- հարցրեց ընկերս,- որ շատ բարդ խնդիր է այս ժողովուրդին բարեգործութիւն ընելը: Սկիզբը շատ շնորհակալ կըլլան, չեն գիտեր՝ ինչպես պիտի իրենց երախտագիտութիւնը հայտնեն: Սակայն քիչ ետք կունենան երկրորդ մտածում մը (իր բառերով՝ second thought). կմտածեն՝ այս մարդը ո՞րքան դրամ ունի, որ ինծի-մեզի կօգնե: Ավելի ուշ երրորդ մտածումը՝ արդյոք ի՞նչ է այս մարդուն շահը, որ մեզի կօգնե: Իսկ հետո միտքը կուգա ամենախայտառակը՝ ինքը ինձմէ ավելի լա՞վ տղա է, որ մեզի կօգնե, ինքը ո՞վ եղավ, որ ինծի օգնե…

Ամերիկահայ ընկերոջս այս բնութագրումները, մանավանդ նրա նշած՝ հայերիս համար շատ հատկանշական արտահայտությունները հիշեցի, երբ մտովի ի մի էի բերում Ռուբեն Վարդանյանի քաղաքական վերջին ամիսների գործունեության կորագիծը: Իսկական արկածախնդրություն արկածներով լի մեր կյանքում: Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելուց, Արցախ մեկնելուց եւ քաղաքական պատասխանատվություն ստանձնելուց մինչեւ պետնախարար նշանակվելը, Ստեփանակերտում համաժողովրդային տպավորիչ հավաք, պաշարման աննախադեպ պայմաններում արտակարգ ռեժիմով աշխատելու շատ գործնական քայլերը, ապա՝ մինչեւ պաշտոնից հրաժարվելը, այդ կորագիծը առաջացրեց հասարակական հուզումներ՝ դրականից մինչեւ ամենաբացասականը, կասակածամտության պայմաններում:

Ամենախելոքները մտածում էին, որ այս մարդը ցանկանում է Արցախն իբրեւ տրամպլին օգտագործել Հայաստանի գահին նստելու համար: Խելոքների մի ուրիշ խումբ մտածում էր, որ նա պարզապես, ռուսական քաղաքացիությունից հրաժարվելու կամուֆլաժի ներքո, Մոսկվայի դրածոն է, մինչ ուրիշների կարծիքով Ռ. Վարդանյանն իր հերթական բիզնես պրոյեկտն էր իրականացնում՝ առերեւույթ անհասկանալի քայլերով: Նույնիսկ՝ պաշտոնաթողությունից 10 օր անց, մինչեւ օրս, որոշ մարդիկ Ստեփանակերտը չլքելու նրա որոշումը ընդունում են քամահրանքով՝ ուրիշ ո՞ւր պիտի գնա որ… Անհեթեթ չէ՞. միլիարդատերը գնալու տեղ չունի: Մի՞թե հանցանք է պետական բարձրագույն պաշտոնների հավակնելը: Այս ի՜նչ նեխածություն է, հանրային շիզոֆրենիա:

Մեր ժողովուրդը, գոնե մի մասը նրա, հարուստներին, նույնիսկ բարերարներին չի սիրում: Նախանձում է, բայց չի սիրում: «Ինքը ինձնից լա՞վ տղա է» մտայնությունը շարունակում է տիրապետել:

Հենց այդ մտայնությունն է, այդ մթնոլորտը, որ թեւ տվեց շատ ավելի հուժկու հակառակորդներին, ինչը, ենթադրում եմ, ինքը հաշվի չէր առել առաքելությունն սկսելուց առաջ: Երկուսը ներսից, մեկը դրսից, նրանք ձեն-ձենի տված ու ձեռք-ձեռքի, տապալեցին նրա ծրագիրը, ավելի ճիշտ՝ տեսլականը, որի ուրվագծին ծանոթ են այն մարդիկ, ովքեր, դեռեւս 2018 թ.-ին, կարդացել են նրա եւ Նունե Ալեքյանի հեղինակած «Ճամբաժանին. որոշումների ժամանակը» գիրքը: Troika-ն, բաղկացած Իլհամ Ալիեւից, Նիկոլ Փաշինյանից ու Արայիկ Հարությունյանից, աշխատեց համակարգված եւ արդյունավետ, յուրաքանչյուրն իր մտասեւեռումով. Փաշինյանը՝ միահեծանությունը չկորցնելու վախից, Հարությունյանը՝ Փաշինյանի պաշտպանությունից չզրկվելու ահից, Ալիեւը՝ արցախահայությանը ծնկի բերելու շահից:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031