Լրահոս
Օրվա լրահոսը

«Գեղագրությունը, ինչպես երաժշտությունը, կատարողական արվեստ է»

Մայիս 05,2023 12:30 Share

Հարցազրույց գեղագիր Ռուբեն Մալայանի հետ

– Ռուբեն, գեղագրությունը հայկական դասական կրթության բաղադրիչներից է։ Ժամանակին հանրակրթական դպրոցներում ուսուցանվել է գեղագրություն՝ վայելչագրություն անվամբ, իհարկե՝ կարճ ժամանակահատված։ Ասվում է, որ այն դուրս է մղվել կրթական համակարգից, քանի որ չէր համընկնում խորհրդային մշակութային գաղափարախոսության հետ։ Անցել է ավելի քան 50 տարի։ Կարելի էր կամ է վերանայել գեղագրության հանդեպ մոտեցումները ոչ միայն արվեստի տեսանկյունից, այլեւ կրթական ոլորտում։ Բայց այս մասին՝ քիչ ուշ։ Դուք նկարիչ եք, դիզայներ, հետաքրքիր է՝ գեղագրություն որտե՞ղ եք սովորել։

– Այո, ժամանակին գեղանկարչական աշխատանքներով մասնակցել եմ տարբեր ցուցահանդեսների ոչ միայն Հայաստանում, այլեւ արտասահմանում, 20 տարի ապրել ու որպես գրաֆիկ դիզայներ ստեղծագործել եմ Իսրայելում, Կանադայում, Հոլանդիայում։ 2010թ. վերադարձա Հայաստան ու սկսեցի արվեստի այս ուղղության՝ գեղագրության վրա կենտրոնանալ։ Գեղագրություն եմ դասավանդում Ամերիկյան համալսարանում։

– Որպես գեղագիր, ըստ էության՝ ինքնուս եք։

– Այո, չկա դպրոց, չկան անհատներ, ումից հնարավոր էր սովորել, հետեւաբար  սկսեցի պեղել, պրպտել, խորանալ այս ուղղության մեջ։

– Կարելի՞ է ենթադրել, որ ինքնակրթության աղբյուր հանդիսացել է մանրանկարչությունը, քանի որ այն վերաբերում է տառը գեղեցկացնելուն…

– Ոչ։ Մանրանկարչության նպատակը տառը ձեւափոխելով պատկերի ստեղծումն է, իսկ գեղագրությունը կենտրոնանում է տառի պլաստիկայի վրա։

– Բայց, մեծ հաշվով՝ գեղագրությունն էլ է տառը ձեւափոխում։

– Ոչ, ոչ։ Գեղագրության նպատակներից մեկը տառի միջոցով էմոցիա արտահայտելն ու փոխանցելն է։

– Խորհրդային տարիներին, օրինակ, մոդայիկ էր բնակարանների, տների դռներին փակցնել գեղագիր ցուցանակ՝ տանտիրոջ անուն-ազգանունով… Ասացիք, որ գեղագրություն եք դասավանդում։ Փաստորեն, դասավանդում եք մի առարկա, որը Հայաստանում ե՛ւ կա, ե՛ւ չկա։

– Դասավանդման նպատակը ուսանողների մոտ տառի մշակույթի հանդեպ հետաքրքրություն արթնացնելն է։

– Չե՞ք կարծում, որ «արթնացումը» պետք է սկսվի դպրոցական տարիքից։ Եթե այո՝ ապա այդ ուղղությամբ ինչ-որ բան արվո՞ւմ է կամ արե՞լ եք։

– Ժամանակին փորձեր արվել են, բայց դեռ այդ գիտակցությունը չկա, որ դպրոցում գեղագրությունը դարձնեն առարկա։ Ի՜նչ գեղեցիկ կլիներ, եթե երեխաները դպրոցներում օրը սկսեին գեղագրություն առարկայով։

– Այդ հարցով դիմե՞լ եք նախկին կամ ներկա նախարարներին։

– Նախեւառաջ կրթական համակարգում ռեֆորմների անհրաժեշտություն կա եւ երբ դրանք իրականացվեն, գեղագրությունն իր տեղը կգտնի համակարգում։ Նշեմ, որ գեղագրությունը կապված է նաեւ ընթերցանության հետ. գեղեցիկ գրվածը  պետք է ընթեռնելի լինի։ Եթե ընթեռնելի չէ, դա աբստրակտ արվեստ է։

– Գեղագրությունն ավելի շատ երեւակայությա՞ն արտացոլում է։

– Ոչ թե ավելի շատ, այլ առաջին հերթին։ Իհարկե, կապված է եռաչափ մտածելակերպի հետ. երբ փորձում ենք գեղեցիկ գրել, այդժամ ուղեղը տառերի փոխկապակցությունը տեսնում է տարածության մեջ։ Կարճ ասած՝ տառերի փոխկապակցությունը տանում է դեպի եռաչափ մտածելակերպ։

– Գեղեցիկ գիր ստանալու համար ամենաճիշտը գուցե թանաք-գրչածայրն էր…

– Ժամանակի ընթացքում ստեղծվել են նոր գործիքներ։ Կարելի է գեղեցիկ գրել ցանկացած գործիքով։

– Իսկ ո՞վ է որոշում՝ գեղեցի՞կ է գրված, թե՞…

– Այդ առումով կան սուբյեկտիվ եւ օբյեկտիվ ընկալումներ։ Կան գեղեցկության կանոններ, օրինակ՝ ոսկեհատումը այդ կանոններից մեկն է, որը վերաբերում է համաչափությանը։

– Տեսեք, ասում եք կան գեղագրության կամ գեղեցիկ գրելու կանոններ, օրինակ բերեցիք մեկը՝ ոսկեհատումը… Բայց հասարակությունը չգիտի դրա մասին, ժամանակը չէ՞, որ ձեռնարկ, դասագիրք ստեղծվի, որը հենց դո՛ւք պետք է ստեղծեք։

– Այդ ուղղությամբ աշխատում եմ, նյութը կա, պետք է գտնել խմբագիր եւ, իհարկե՝ ֆինանսավորում։

– Շփվե՞լ եք այլ ազգերի գեղագիրների հետ։

– Իհարկե։ Նույնիսկ բրիտանացի գործընկերոջս հետ 2017թ. Թումո կենտրոնում մեր արվեստն ենք ցուցադրել։

– Փաստորեն, գեղագիրներն էլ կարող են ելույթ ունենալ, «համերգ» տալ, ինչպես երաժիշտները։

– Գեղագրությունը, ինչպես երաժշտությունը, կատարողական արվեստ է եւ ինչպես երաժիշտը չի կարող սխալ նոտան հնչեցնելուց հետո այն ուղղել, այնպես էլ գեղագիրը չի կարող թերի գիծը ուղղել։

– Բայց գեղագիրը, ի տարբերություն երաժշտի, կարող է, չէ՞, ձեր ասած՝ թերի գիծը ջնջել եւ ուղղել։

– Ոչ, գեղագրության մեջ ջնջումները բացառվում են։

– Դուք փորձում եք գրելու մշակույթը հասցնել արվեստի մակարդակի։ Այդպես էլ պետք է լիներ. մեր դիտարկմամբ՝ միակ գեղագիրն եք…

– Ասացի արդեն, որ դասավանդում եմ Ամերիկյան համալսարանում, ի դեպ՝ տասը տարի։ Հիմա ուսանողներս են այս ոլորտում փորձում կայանալ։ Տեսեք, մեզ համար հայերենի այբուբենը գերագույն արժեք է, ինքնության, բնավորության արտացոլում։ Իսկ գեղագրությունը ինքնաճանաչողության ճանապարհ է բացում դեպի մեր մշակույթը։

Զրուցեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
04.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աշոտ Բաբայան says:

    Երաժշտությունը, համաձայն մտավոր սեփականության մասին օրենքի, կոմպոզիտորի ստեղծագործությունն է, որը կատարողական արվեստ չէ …

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031