Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթանակները շարունակվում են

Մայիս 25,2023 12:30

2023թ. Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը տեղի ունեցավ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Հայ մարզիկները, ջանք ու եռանդ չխնայելով, արեցին անհնարինը լավագույնին արժանանալու համար եւ աննախադեպ թվով մեդալներ նվաճեցին մրցելույթի ժամանակ:

Այս մրցաշարին Հայաստանն արժանապատվորեն ներկայացրեց նաեւ 19-ամյա ծանրորդ Գարիկ Կարապետյանը` սահմանելով  երիտասարդների  աշխարհի եւ  Եվրոպայի ռեկորդ, ով այսպես է բանութագրում իր պատմական նվաճումը:

– Ի՞նչ է նշանակում ձեզ համար լինել Եվրոպայի չեմպիոն:

– Բառերով ասել չեմ կարող: Կարծում եմ՝ ոչ ոք չի կարող բառերով պարզապես նկարագրել, թե դա ինչ զգացողություն է, միայն կարող եմ ասել, որ դա ինձ համար շատ մեծ պատիվ ու հպարտություն է:

– Գիտեի՞ք, որ հաղթելու եք:

– Չէի պատկերացնում, որ կարող է հաղթեմ: Ուժերիս վրա, ճիշտ է, վստահ էի, բայց անգամ մրցությունից առաջ, մտքովս չէր անցնում հաղթելու միտքը: Շատ էի ուզում պատվով ներկայանալ ու մարզիչներիս հուսախաբ չանել:

– Ո՞ր տարիքից է ձեզ հետաքրքրել ծանրամարտը եւ ո՞ր տարիքում եք սկսել զբաղվել այս մարզաձեւով:

– Այս մարզաձեւով սկսել եմ հետաքրքրվել 10 տարեկանից, իսկ արդեն 13 տարեկանում լուրջ քայլեր էի անում դեպի այս ոլորտ:

– Ո՞րն է ծանրամարտի հետ կապված ձեր առաջին հիշողությունը:

– 2018 թվականի առաջին մրցությունս էր՝ պատանիների Եվրոպայի առաջնությանն էի մասնակցում, շատ ոգեւորված էի:

– Եղե՞լ են, արդյոք, խոչընդոտներ եւ հիասթափության պահեր:

– Խոչընդոտները եղել են միայն վնասվածքների տեսքով, ինչ-որ տեղ փորձել են խանգարել, բայց շատ արագ  փորձել եմ դրանք բուժել ու ոտքի կանգնել, ոչ մի բանից չեմ կոտրվել ու հիասթափվել:

– Ի՞նչն է ձեզ մոտիվացնում:

– Ինձ մոտիվացնողը ես ինքս եմ:

– Ի՞նչ կասեք ապագայի պլանների մասին:

– Ապագայի պլանների մասին կասեմ միայն ու միայն Օլիմպիական խաղեր:

Մերի ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031