Ջոնի Մելիքյանը՝ Վրաստանի նախագահի մասին
«Դա կոնկրետ քաղաքական գործչի քայլն է։ Եվ այդ քայլին պատասխան տրվեց Հայաստանում Վրաստանի դեսպանի կողմից։ Նա Վրաստանի կառավարության ներկայացուցիչն է ՀՀ-ում։ Վրաստանում իշխանության ղեկին է «Վրացական երազանքը» եւ իր կողմից ձեւավորված կառավարությունը։ Ուստի այդ անձն է Վրաստանի քաղաքականությունն այստեղ ներկայացնում»,-«Առավոտի» հետ զրույցում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ Հայաստանից տարածքային պահանջներ ներկայացնելու քայլն ակնարկող հրապարակումն այսպես մեկնաբանեց «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Ջոնի Մելիքյանը։
Ըստ նրա՝ այս հարցն առհասարակ պետք է փակվի, քանի որ ամեն անդրադարձ ինչ-որ չափով բացասականորեն կարող է ազդել հայ-վրացական հարաբերությունների վրա եւ ինչ-ինչ շրջանակների համար լավ հող դառնալ այդ հարաբերությունները վատացնելու համար։
Հիշեցնենք՝ Վրաստանի նախագահն օրեր առաջ սոցիալական ցանցերի իր էջում վերահրապարակել էր վրացական տուրիստական ընկերության գովազդային նյութը, որտեղ Հայաստանի հյուսիսային որոշ շրջաններ (մասնավորապես Լոռու մարզում գտնվող) նշված են որպես «պատմական Վրաստան»: «Արմենպրեսի» հետ զրույցում Հայաստանում Վրաստանի դեսպանն այս առիթով հայտարարել է. «Անընդունելի է ցանկացած փորձ, որը ստվեր կգցի մեր երկրների օրինակելի համագործակցության եւ վրաց ու հայ ժողովուրդների դարավոր բարեկամության վրա։ Վրաստանը եւ Հայաստանի Հանրապետությունն առանձնահատուկ հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են մեր ժողովուրդների դարավոր ամուր բարեկամության, վստահության եւ փոխադարձ հարգանքի վրա։ Վրաստանն ու Հայաստանը հաստատակամորեն եւ անվերապահորեն աջակցում են միմյանց ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում»։
Կարդացեք նաև
Վրաստանում ներքաղաքական հարաբերությունները շարունակվում են սրված մնալ։ Մյուս կողմից՝ Եվրոպայի երկրների խորհրդարանների արտաքին հանձնաժողովի նախագահները, պատգամավորներն ու խորհրդարանականները համատեղ հայտարարություն են տարածել Վրաստանի վերաբերյալ։ Հայտարարության մեջ ստորագրողներն ափսոսանք են հայտնում «վերջին շրջանում ժողովրդավարությունից Վրաստանի հետընթացի կապակցությամբ»։
Փաստաթղթում խոսքը Վրաստանում հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների մասին է. մտահոգություն է հայտնվել, որ ընտրություններն անցել են «աննախադեպ թվով միջադեպերի եւ համակարգված խախտումների պայմաններում»: Ընդգծվում է անկախ միջազգային հետաքննության անհրաժեշտությունը։
Ջոնի Մելիքյանից հետաքրքրվեցինք՝ այս իրավիճակն ինչպե՞ս կարող է անդրադառնալ ՀՀ-ի հետ հարաբերությունների վրա, արդյոք ՀՀ-ին ձեռնտո՞ւ է այն իրավիճակը, որում հայտնվել է Վրաստանը։ Նա պատասխանեց՝ այն, ինչ տեղի է ունենում Վրաստանում, այդ երկրի ներքին գործն է. «ՀՀ-ն՝ պաշտոնական Երեւանը՝ հանձին ՀՀ վարչապետի, շնորհավորել է Վրաստանի վարչապետին իր կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Դրան զուգահեռ պաշտոնական Երեւանն աշխատել, աշխատելու է Վրաստանի բոլոր այն ուժերի հետ, որոնք Վրաստանում կձեւավորեն իշխանություն կամ եղել են ու կլինեն իշխանություն։ Այն, ինչ տեղի կունենա որպես շարունակություն, ինչի արդյունքում կձեւավորվի կառավարություն, այդ բոլոր կառավարությունների հետ պաշտոնական Երեւանն աշխատելու է։ Այն, ինչ հիմա ԵՄ-ից է հնչում Վրաստանի նկատմամբ, Վրաստանի եւ ԵՄ-ի հարաբերությունների տիրույթում է։ Իրենց խնդիրն է։ Վրաստանի ընտրություններն առաջին հերթին Վրաստանի ժողովրդի կողմից արված ընտրություն է, եւ Վրաստանի ժողովուրդը պետք է հասնի նրան, որ այդ արդյունքները վերանայվեն, ընդունվեն կամ ոչ։ Դա Վրաստանի քաղաքացիների ընտրությունն է»։
Մեր դիտարկմանը՝ որքան արտաքին վեկտորի հարցում Վրաստանը հեռանա եվրոպական ուղուց, դա չի՞ հանգեցնի նրան, որ գուցե ՀՀ-ն դառնա «պլացդարմ» եվրոպական խոշոր ծրագրերի համար, Ջոնի Մելիքյանն այսպես արձագանքեց. «Շատ բան կախված է Արեւմուտքի դիրքորոշումից։ ԱՄՆ-ում եղել են ընտրություններ։ Նոր վարչակարգ կգա, կստանձնի պարտավորությունները եւ նայած՝ Թրամփի վարչակազմն ինչպիսի մոտեցում կունենա Վրաստանի նկատմամբ, ըստ այդմ՝ տարբեր սցենարներ կարող են աշխատել։ Վրաստանի իշխանություններն առնվազն ցույց են տալիս շահագրգռվածությունը շարունակելու հարաբերությունները ԵՄ-ի, արեւմտյան գործընկերների հետ։ Հիմա արդեն իրենցից է կախված՝ Արեւմուտքում ոնց կգնահատեն դա, ինչ նախապայմաններով կվերադառնան այդ երկխոսությանը, եւ դրանից կախված տարբեր զարգացումներ կարող են տեղի ունենալ։ Եթե խնդիր լինի եւ խորանա ճգնաժամը հարաբերություններում, ապա Հայաստանը կարող է միայն այդ ժամանակ պարբերաբար քայլ առ քայլ դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը։ Բայց այս ամենը երկար գործընթաց է տարբեր մարտահրավերներով, նաեւ միգուցե հնարավորություններով։ Ուստի իրենց որոշելիքն է, իրենց՝ Արեւմուտքի հետ հարաբերություններն են։ Երկու կողմերը պետք է կոնսենսուսի գան՝ կամ վերականգնում են հարաբերությունները նվազագույն մակարդակում եւ սկսում են համագործակցել պրագմատիկորեն, կամ ճգնաժամն էլ ավելի է խորանում, եւ դրա արդյունքում նաեւ գերակա ուղղությունները երկու կողմից փոխվում են։ Իսկ այդ պարագայում պետք է արձանագրել, որ Վրաստանում ԵՄ-ի, Արեւմուտքի ազդեցության նվազեցումն ուղիղ ազդում է իրենց ազդեցության նվազեցմանը մեր տարածաշրջանում, ինչն էլ, կարելի է ասել, կարող է այլ ուղղություններով եւս իր ազդեցությունն ունենալ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
09.11.2024


















































