Լրահոս
Օրվա լրահոսը

Ատելության քարոզն ու բռնաճնշումների արդարացումը

Մայիս 09,2026 10:00 Share

2021 թվականի ընտրարշավը Փաշինյանն անցկացնում էր մուրճը ձեռքին, ինչը նշանակում էր, որ վերընտրվելու դեպքում այդ գործիքը կիջնի բոլոր «նախկինների», «թալանչիների» եւ «ռսաստրուկների» գլուխներին: Իշխանական ընտրազանգվածը մեծ ոգեւորությամբ էր ընդունում այդ հեռանկարը՝ ակնկալելով, որ վերոհիշյալ կատեգորիայի մարդիկ կա՛մ կհայտնվեն բանտերում, կա՛մ գուցե կգնդակահարվեն:

2026-ի կարգախոսները մոտավորապես նույնն են: Պարզապես այդ խմբերին ավելացել են արցախահայերը, որոնք Հայաստանում են հայտնվել Փաշինյանի բարեկամ Ալիեւի իրականացրած էթնիկ զտման արդյունքում, ինչպես նաեւ «պատերազմի կուսակցությունները»: Այդ պիտակը կպցվում է իշխանության բոլոր ընդդիմախոսներին, որոնք ընդդիմախոս չեն էլ համարվում, այլ փաստացի դասվում են պետականության թշնամիների շարքին:

Դարձյալ, ինչպես եւ 5 տարի առաջ, չկա որեւէ դրական նպատակ, որով պետք է առաջնորդվի հասարակությունը: Իշխանությունը չի դնում թեկուզ պարզունակ, մակերեսային նպատակներ՝ ենթադրենք, 2027-ին կունենանք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացում, 28-ին՝ «Աջափնյակի» կայարան, 29-ին՝ նոր ատոմակայան, իսկ 2030-ին՝ նվազագույն աշխատավարձը կդառնա 85 հազար դրամ (հիմա 75 հազար է): Իմ ընկալմամբ՝ իշխանության նախընտրական խոստումները պետք է այդ տիպի լինեն: Բայց այդ ամենի մասին չի խոսվում՝ փոխարենը շարունակում են շահագործել մարդկանց բացասական էմոցիաները՝ կոչնչացնենք մեր բոլոր ներքին թշնամիներին:

Քարոզչական այդ ֆոնին շատ հեշտ է արդարացնել ընդդիմության նկատմամբ իրականացվող լայնամասշտաբ ռեպրեսիաները: Եթե Փաշինյանի բոլոր ընդդիմախոսները պետության թշնամիներ են, ապա ի՞նչ կարիք կա ընկնելու օրինական «ձեւականությունների» հետեւից: Գաղտնալսումների, ձերբակալությունների, տասնյակներով մարդկանց բերման ենթարկելու, սպառնալիքների, շանտաժի այդ պրակտիկան շարունակվելու է առնվազն 30 օր: Երբ Փաշինյանն ասում է՝ «թույլ չեմ տա», դա հրահանգ է իր գրպանում գտնվող «իրավապահ համակարգին»:

Մակրոնը եւ ԵՄ-ն այդ ապօրինություններին «ավանսով» հավանություն են տվել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Հարգելի պարոն Աբրահամյան, ամբողջությամբ կիսում եմ Ձեր մտքերը։ Մի բան է անհասկանալի․ ինչու պիտի ատելություն քարոզողի ու բռնաճնշումներ իրականացնողի քիթ-մռութը րոպեն մեկ հայտնվի էկրանին ու փակի Առավոտի տեքստերը։ Հոդվածի վերջում էլ, փաստորեն, ահաբեկում եք, որ «այդ պրակտիկան շարունակվելու է առնվազն 30 օր»։ Եթե այդ խզբզոցի հայտնվել-չհայտնվելը ձեզանից կախված չէ, բան չունեմ ասելու, բայց եթե կախված է, առաջարկում եմ հանգանակություն սկսել, որ, համոզված եմ, օրերի ընթացքում կփոխհատուցի գովազդից ստացված եկամուտը։

    • AY says:

      Այդ նույն առաջարկը (հանգանակություն՝ գովազդի փոխարեն) իմ մտքով էլ էր անցել։
      Միանում եմ։

  2. Ստացվեց!!!

    «Մակրոնը եւ ԵՄ-ն այդ ապօրինություններին «ավանսով» հավանություն են տվել:» Ակտիվորեն օժանդակում են:

    ԵՄ-ի ընտրություններ կեղծելու ապօրինություններից.
    https://www.aol.com/articles/why-eurovisions-fallout-over-israel-233449175.html

    Սա ’հաղթանակ’ կազմակերպելու մի օրինակ է Եվրոմիության հավանությամբ:
    Ես ընգծել եմ երկու տող` “Prime Minister Benjamin Netanyahu, had been asking people to vote for its representative 20 times, the maximum the contest allowed”.
    Արժե կարդալ ամբողջ հոդվածը:

    Չի՞ եղել Մոլդովան զոհ նույն voting մեքենայի:
    Ի՞նչն է արգելում է ԵՄ-ին copy-paste անել ‘հակահիբրիդային հարձակման օգնություն’ պաստառի հետևեում նույն Eurovision Song Contest-ի համակարգը` 20 անգամ կոճակին սեխմելու իրավունքով Եվրոպայում բնակվող հայաստանցիներիներին համար: Եվ ավելին…Ոչինչ չի խանգարում: Ու քպ-ն գրանցում է ‘շռնդալից’ հաղթանակ…

    Ի վերջո, ո՞վ է Հայաստանում քննության տակ առնում ԵՄ-ի գործելու նպատակները ու ծրագրերը:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031