«Երկու երկրների պետական պաշտոնյաներն էլ մեզ հորդորում, համոզում են, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև արդեն իսկ հաստատված է խաղաղությունը, այն խորացման փուլում է»,- «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց նախաձեռնության անդամ Արեգ Քոչինյանը։
Ապրիլի 10-12-ը Ադրբեջանի Գաբալա քաղաքում,«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում, տեղի էր ունեցել երկկողմ կլոր սեղան, որին մասնակցում էին Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։
Իրենց հասցեին հնչող քննադատությունների առիթով էլ Արեգ Քոչինյանն ասաց․ «Մեզ հաճախ մեղադրում են մոռանալու, ներելու, ողբերգությունը մոռացության տալու, ուրանալու մեջ։ Նախաձեռնությունն անցյալը մոռանալու, ուրանալու, սրբագրելու մասին չէ, այլ իրական, նոր նարատիվների հնարավորություն ձևավորելու մասին է»։
Նախաձեռնության անդամ Նաիրա Սուլթանյանը հայտնեց՝ Գաբալայում անկաշկանդ զրույց են ունեցել հումանիտար հարցերով․ «Մենք մեր խնդիրներն ենք բարձրացրել, իրենք՝ իրենցը։ Խոսել ենք գերիների և պահվող անձանց մասին ոչ մեկ անգամ, շատերս մեր ելույթներում ներառել ենք այս խնդիրը։ Հերթական անգամ շեշտել ենք, որ չի տեղավորվում այս հարցը խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ, որ խաղաղության գործընթացը շատ ավելի առաջ է անցել, և պիտի այս հարցերը լուծվեն, որ ավելի երաշխավորված լինի առաջընթացի գործընթացը։
Կարդացեք նաև
Բարձրացրել ենք նաև անհայտ կորածների խնդիրը, հայտնել ենք մտահոգություն, որ հանձնաժողովի աշխատանքները ցանկալի արագությամբ չեն գնում։ Իրենք էլ իրենց հերթին ականների պայթյունի պատճառով զոհված անձանց հարցն են բարձրացրել։ Նշված է 432 թիվը և 3000-ից ավել անհայտ կորած ադրբեջանցիների հանգամանքը․ խոսում ենք 90-ականների պատերազմի մասին։ Մենք չենք առանձնացրել ռազմաքաղաքական ղեկավարություն և այլն․ ընդհանուր առմամբ՝ խոսում ենք պահվող անձանց մասին»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ Արեգ Քոչինյանի ֆեյսբուքյան էջից


















































