«Փաստինֆո». Իրավապահները չեն շտապում վերացնել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը, թեև դատարանը ոչ իրավաչափ է համարել խափանման միջոցի առկայությունը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ կիրառված խափանման միջոցի և Վրաստան մեկնելու թույլտվությունը քննիչի կողմից մերժելու պատճառով Ամենայն Հայոց Կաթողիկոսը չէր կարողացել մասնակցել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորության սուրբ արարողությանը: Քննիչի կողմից միջնորդությունը մերժելու որոշումը բողոքարկվել է վերադաս դատախազին, ապա դատախազի մերժումից հետո բողոքարկվել է դատական կարգով։ Օրերս՝ ապրիլի 10-ին, Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Անի Դանիելյանի նախագահությամբ, որոշել է բավարարել պաշտպանի բողոքն, ըստ այդմ,
Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման։ ՀՀ գլխավոր դատախազությունից, սակայն, «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ պատրաստվում են վերաքննիչ բողոք ներկայացնել։
Ի դեպ, հայտնի դարձավ, որ Վեհափառ Հայրապետի և գործով անցնող մյուս եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումը կասեցվել է։ Մասնավորապես, «Factor.tv»-ն տեղեկացրել է, որ քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու հիմքում դրվել է այն հանգամանքը, որ գործի շրջանակում իրականացվել է միջազգային հարցում, և առանց դրա պատասխանը ստանալու՝ հնարավոր չէ լուծել մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը շարունակելու կամ այն դադարեցնելու հարցը։ Այս հարցի առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազությունն առայժմ չի մանրամասնում, «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան խնդրել են գրավոր հարցում ուղարկել։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Վեհափառ Հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ իբրև Արման Սարոյանի գործով դատական ակտը չկատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում։
Մասնավորապես, Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, այլևս կարգալույծ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն իր ավազանի անունով՝ Արման Սարոյան, հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ Հայ առաքելական սուրբ եկեղեցու՝ պահանջելով անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և որպես հետևանք վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի իր պաշտոնը: Հայցադիմումը վարույթ է ընդունվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանի կողմից։ Վերջինս նաև բավարարել է հայցի ապահովում կիրառելու մասին միջնորդությունը՝ ժամանակավորապես վերականգնելով եպիսկոպոսին՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։ Այս որոշումից հետո իրավապահները քրեական վարույթ են նախաձեռնել՝ իբրև դատական ակտը չկատարելու համար, ինչի հետևանքով Գերագույն հոգևոր խորհդի անդամների նկատմամբ քրեական հետապնդումներ են հարուցվել, արգելվել նրանց ելքը՝ ՀՀ-ից։ Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ քրեական հետապնդում է հարուցվել նաև Վեհափառ Հայրապետի նկատմամբ, նրա նկատմամբ ևս խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
Ընդ որում, իրավապահներն այս խափանման միջոցները կիրառել են՝ Ավստրիայում եպիսկոպոսաց ժողովին ընդառաջ՝ փորձելով տապալել այն։ Այդուհանդերձ, եպիսկոպոսաց հավաքը տեղի ունեցավ։
Իզաբել Սահակյան


















































