«Ես վստահ չեմ, որ ուրիշ ոչ ոք չէր նկատի, որովհետև մենք դա նկատեցինք, երբ լսեցինք, որ ընտրություններին մասնակցող դաշինքներից մեկն անձի անունով են կոչել․ ուղղակի առաջին միտքը, որ եկավ՝ բայց դա անօրինական է։ Մեկ էլ նկատում ենք, որ հենց միայն այդ հատվածից դրույթը չկա։ Բայց ես վստահ չեմ, որ դա միայն մեր մտքով անցավ։ Համոզված եմ, որ նաև կան այլ մարդիկ, ովքեր ԸՕ-ին ծանոթ են, պարզապես ոչ ոքի մտքով չէր անցնի, որ նման բովանդակային փոփոխությունը կարող է կատարվել կամայականորեն։ Այդպիսի փոփոխությունը, եթե դիտավորություն լիներ նման փոփոխության, պետք է անցած լիներ քննարկումներով։ Այն, որ ինքը քննարկված չէր փոփոխություն կատարելու պահին, դա արդեն հուշում է նրա մասին, որ ոչ մեկի մտքով չի անցել, որ նման փոփոխություն է արվել»,- «Մեդիա կենտրոնում» այսօր կայացած քննարկման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ծրագրերի ղեկավար Վարդինե Գրիգորյանը՝ անդրադառնալով ՀՀ Ընտրական օրենսգրքում վերջերս և հապշտապ կատարված փոփոխությանը։
Հիշեցնենք, իշխող ուժը օրերս հրատապության կարգով խորհրդարան ներկայացրեց ԸՕ-ում փոփոխությունների նախագիծը՝ պատճառաբանելով, թե տեխնիկական բացթողում է եղել 2024 թվականին կատարված փոփոխությունների մեջ։
Արդյունքում՝ արգելվեց ընտրական դաշինքները, կուսակցությունները անձի անունով կոչել։ Ընդդիմադիր շրջանակներում տեսակետ կա, որ դա արվել է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի գրանցումը խոչընդոտելու համար։
Վարդինե Գրիգորյանը հավելում է, թե ԸՕ-ն, թե այլ օրենքներ շատ ծավալուն են, և որոշ տեխնիկական ու բովանդակային փոփոխություններ իրականում համադրված են, ու շատ մասնագիտական գիտելիքներ են անհրաժեշտ՝ դրանք հասկանալու համար։ Այս դեպքն, ըստ նրա, երկու բան բացահայտեց՝ բացի այն, որ տեխնիկական առաջադրանքը կատարող մարդիկ բավականաչափ չեն խորացել բովանդակության մեջ, նաև այս փոփոխություններն արվել են նախագծի՝ առաջինից-երկրորդ ընթերցման միջև ընկած հատվածում, և փաստացի՝ այդ փոփոխությունները էլ ոչ ոք չի նայել։ Նա հավելեց, որ էլի են եղել հարցեր, որոնց հետ «Անկախ դիտորդ»-ն ունեցել է խիստ անհամաձայնություն։
Կարդացեք նաև
«Անկախ դիտորդ»-ն էր, որի անդամ է նաև ՀՔԱՎ-ը, հայտնաբերել ընտրական օրենքում «տեխնիկական սխալը»։ Վարդինե Գրիգորյանը պնդում է՝ մարդը, ով իրականացրել է աշխատանքը, այն տեխնիկական առումով է կատարել՝ չհասկանալով փոփոխության իմաստը։ Մինչդեռ 2022 թվականի ՏԻՄ ընտրությունների արդյունքներն են ստիպել 2024-ին գնալ ԸՕ-ում որոշ փոփոխությունների, այդ թվում՝ նաև աղմուկ հանած այդ փոփոխությանը, քանի որ 2022-ի ՏԻՄ ընտրությունները հստակ ցույց են տվել՝ մարդիկ ինչ-որ անհատի շուրջ են համախմբվում, ոչ թե գաղափարների և կուսակցությունների։
Նա պնդեց՝ կատարված փոփոխությունը ոչ թե մեկ ուժի դեմ էր, ինչի տպավորությունը, որ իր բնութագրմամբ՝ ստեղծեց տվյալ ուժը՝ անգամ որոշակի միջազգային արձագանք ստանալով, այլ պարզապես խնդիրը բացահայտվել էր՝ այդ հանգամանքով պայմանավորված։
Մյուս փոփոխությունը, որը վերաբերում էր քվեաթերթիկի անվավերության հիմքերին՝ ծրարում այլ իրի առկայությամբ ծրարը մարելու և քվեաթերթիկը անվավեր համարելու հիմքը հանվել էր, Վարդինե Գրիգորյանը ևս համարում է հրատապ, որը պարտադիր կատարման ենթակա էր, և որը կրկին նույն փաթեթով դուրս էր մնացել կատարված փոփոխություններից։
Լրագրողի դիտարկմանը՝ վեճի առարկա փոփոխությունների մասով «Անկախ դիտորդ»-ի տարածած հայտարարության մեջ ասվում էր, որ նույնքան հրատապ էր նախընտրական քարոզչության ֆինանսական հաշվետվողականության և ֆինանսական թափանցիկության բարելավումը, որոնք նախորդ տարվա վերջից քննարկվում են, ինչո՞ւ այդ հարցերն էլ նույն փաթեթով իշխող ուժը չառաջարկեց, մինչդեռ այդ հարցերն առավել կարևոր էին, Վարդինե Գրիգորյանը պատասխանեց, որ կատարված փոփոխությունները տեխնիկական են և չեն ազդում դերակատարների գործառույթների, ընտրական ընթացքի վրա․ «Սրանք փոփոխություններ են, որոնք արդեն իսկ վերահաստատում են այն, ինչ կա օրենսդրության մեջ։ Իսկ ֆինանսական փոփոխությունների մասով, մեր առաջարկների մի մասը վերաբերում էր երրորդ անձանց կողմից քարոզչության իրականացման հետ կապված կարգավորումներին և ֆինանսական պատասխանատվությանը․ դրա մի մասը կարող էր արդիական լինել միայն ընտրությունների նշանակումից առաջ և արդեն կհամարվեր խաղի կանոնների փոփոխություն, քանի որ կստացվեր, որ մասնակիցներից մի մասից պահանջում ենք հետադարձով արդեն ֆինանսական հաշվետվություն այն բաների համար, որ իրենք արդեն իսկ արել են ոչ հաշվետու ժամանակահատվածում»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































