Լրահոս
Օրվա լրահոսը

Amnesty International-ը կրկին քննադատել է Հայաստանի ոստիկանությանը

Ապրիլ 21,2026 20:50 Share

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ Հայաստանին վերաբերող նոր զեկույցը.

«Հայաստանի Հանրապետություն

Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք շարունակել են բախվել դժվարությունների բնակարանային ապահովման և աշխատանքին հասանելիության հարցերում։ Իրավապաշտպանների և լրագրողների դեմ դատական հայցերը սահմանափակել են խոսքի ազատությունը։ Անբավարար պատիժների և վերահսկողության մեխանիզմների բացակայության պատճառով ոստիկանության կողմից անօրինական ուժի կիրառման համար պատասխանատվության բացակայության վերաբերյալ մտահոգությունները շարունակական բնույթ են կրել։ Դեմքի ճանաչման զանգվածային հսկողության ընդլայնման մասին նոր օրենքը խախտել է անձնական կյանքի իրավունքը։ Կալանավորներին պաշտպանելուն ուղղված երաշխիքները խստացվել են, չնայած բանտում վատ պայմանների վերաբերյալ մտահոգությունները շարունակական բնույթ են կրել։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դատապարտել է ԼԳԲՏԻ ակտիվիստներին պաշտպանելու ձախողումները. խտրականության դեմ պայքարի օրենսդրությունը մնացել է կասեցված։

ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Հունվարին կառավարությունը ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրեց ԱՄՆ-ի հետ: Մարտին խորհրդարանն ընդունեց «Եվրոպական միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը՝ ԵՄ անդամակցությանը ձգտման նպատակով: Օգոստոսին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ստորագրեցին ԱՄՆ միջնորդությամբ կնքված համատեղ հռչակագիր, որի նպատակն էր դադարեցնել ռազմական գործողությունները, լուծել տարածքային վեճերը և ստեղծել առևտրային միջանցք Հայաստանի հարավով դեպի Ադրբեջանի Նախիջևան էքսկլավ: Հայաստանի՝ արևմտամետ արտաքին քաղաքականության անցումը և Ռուսաստանի հետ ավանդական կապերը թուլացնելու ջանքերը քաղաքականապես պառակտիչ էին. դրանք բորբոքեցին ապատեղեկատվական արշավներ և ատելության խոսք ամբողջ երկրում: Հունիսին իշխանությունները հայտարարեցին, որ խափանել են պետական հեղաշրջման փորձ՝ ձերբակալելով Ռուսաստանի հետ կապված ազդեցիկ գործարարի:

ՏՆՏԵՍԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ և ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
Տնտեսական և սոցիալական մարտահրավերները շարունակվեցին. դրանք սրվեցին 2023 թվականին Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանից դեպի Հայաստան ավելի քան 100,000 էթնիկ հայերի հարկադիր տեղահանմամբ: Այս փախստականների համար երկարաժամկետ բնակարանային, աշխատանքային և տնտեսական հնարավորությունների հասանելիությունը մնաց մարտահրավեր: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեության կտրուկ դադարեցումը, որպես ԱՄՆ արտաքին օգնության ավելի լայն սառեցման մաս, կրճատեց Հայաստանում բազմաթիվ ՀԿ-ների, այդ թվում՝ խոցելի խմբերին սոցիալական և տնտեսական աջակցություն ցուցաբերել ձգտող կազմակերպությունների ֆինանսավորումը։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային մեդիա վերահսկող կազմակերպությունը բարելավել է Հայաստանի վարկանիշը իր մամուլի ազատության տարեկան զեկույցում։ Այնուամենայնիվ, լրատվամիջոցների բևեռացումը, պետությունից խմբագրական անկախության բացակայությունը և լրագրողների անվտանգությունը շարունակել են մտահոգիչ լինել աճող ապատեղեկատվության և ատելության խոսքի ֆոնին։

Հաղորդվում է, որ կառավարությունը և կորպորատիվ գործիչները հանրային մասնակցության դեմ ռազմավարական նոր հայցեր (SLAPP-եր) են ներկայացրել, որոնք թիրախավորել են լրագրողներին և մարդու իրավունքների պաշտպաններին, այդ թվում՝ կանանց և շրջակա միջավայրի իրավունքների պաշտպանությամբ զբաղվողներին։ Ավելին, լրատվամիջոցներին և մարդու իրավունքների պաշտպաններին թիրախավորող դատական հայցերի աճը շարունակել է ունենալ սառեցնող/զսպող ազդեցություն (chilling effect)։ Ապրիլ-հունիս ամիսներին լրագրողների և լրատվամիջոցների դեմ 29 գործ է հարուցվել «վիրավորանքի» կամ զրպարտության համար։

Մայիսի 2-ին մայրաքաղաք Երևանի դատարանը արդարացրեց «Իմնեմիմի» փոդքասթի համահաղորդավարներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, որոնք երկու ամիս նախնական կալանքի տակ էին անցկացրել՝ 2024 թվականի իրենց փոդքասթում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրապարակային քննադատելու հետ կապված մեղադրանքների հիմքով։ Նրանք կրկին ձերբակալվեցին նոյեմբերի 13-ին՝ կրկին խուլիգանության մեղադրանքով՝ խորհրդարանի խոսնակին քննադատող փոդքասթի համար։

ԽԱՂԱՂ ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանության բարեփոխումները, այդ թվում՝ 2024 թվականին հավաքների ժամանակ ոստիկանական գործունեությունը բարելավելու նոր օրենքի ընդունումը, չկարողացան մեղմել մտահոգությունները ցույցերի ժամանակ չափազանց մեծ ուժի կիրառման և ոստիկանության հաշվետվողականության բացակայության վերաբերյալ։ Սա հատկապես վերաբերում էր 2024 թվականի մայիս և հունիս ամիսներին հակակառավարական բողոքի ցույցերի ժամանակ մարդու իրավունքների խախտումներին։ Չնայած ոստիկանության կողմից ուժի անօրինական կիրառման բազմաթիվ ապացույցներին, հետագա քրեական գործերը հարուցվել են միայն ցուցարարների՝ ընդհանուր առմամբ 16-ի դեմ, այլ ոչ՝ ոստիկանների։

ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Օգոստոսին խորհրդարանն ընդունեց փոփոխություններ, որոնցով ոստիկանությանը թույլ տրվեց հասանելիություն ունենալ հանրային տարածքներում, այդ թվում՝ տրանսպորտային հանգույցներում և հանրային շենքերում տեղադրված տեսախցիկների՝ իրական ժամանակում կենսաչափական հսկողության ցանցին և այդտ եղ ինտեգրել դեմքի ճանաչման տեխնոլոգիա։ Փոփոխությունները մտահոգություններ առաջացրին առ այն, որ օրենքը սառեցնող/զսպող ազդեցություն (chilling effect) կարող է ունենալ և հանգեցնել անձնական կյանքի անձեռնմխելիության, խաղաղ հավաքների ազատության և խտրականությունից զերծ մնալու իրավունքների խախտումների։

ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐ և ԱՅԼ ՎԱՏ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ

Ապրիլին խորհրդարանը փոփոխեց «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքը՝ կալանավորվածներին պաշտպանելու համար նախատեսված երաշխիքների առնչությամբ, ներառյալ՝ Ստամբուլյան արձանագրության համաձայն վնասվածքների պարտադիր բժշկական փաստաթղթավորումը ամրապնդելու համար։

Հունիսին ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն հրապարակեց իր եզրափակիչ դիտարկումները Հայաստանի հինգերորդ պարբերական զեկույցի վերաբերյալ: Այն ողջունեց այնպիսի բարեփոխումներ, ինչպիսիք են խոշտանգում հասկացության ավելի լայն սահմանման ընդունումը և այս հանցագործության համար վաղեմության ժամկետի վերացումը: Այնուամենայնիվ, Կոմիտեն լուրջ մտահոգություններ հայտնեց խոշտանգումների համար նվազ պատիժների, զոհերի համար փոխհատուցման սահմանափակ հասանելիության և քննչական մարմինների անկախության բացակայության վերաբերյալ: Այն նաև մտահոգություններ հայտնեց նախնական կալանքի բարձր թվերի, բանտային գերբնակեցման և վատ պայմանների վերաբերյալ։

ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բազմաթիվ պաշտպանված հիմքերով խտրականությունն արգելող համապարփակ օրենսդրության բացակայությունը շարունակեց մտահոգության առարկա լինել: Հունվարի 7-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում կայացրեց հօգուտ ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանների, որոնք ենթարկվել էին հոմոֆոբ և տրանսֆոբ ատելության խոսքի: «Մինասյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով Դատարանը պարզեց, որ Հայաստանը խախտել է անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը և խտրականության արգելքը. Դատարանը ընդգծեց պետության կողմից ԼԳԲՏԻ անձանց ատելության խոսքից և խտրականությունից պաշտպանելու շարունակական ձախողումները:

Հավասարության և խտրականության դեմ պայքարի մասին օրենքի նախագիծը մնաց խորհրդարանում՝ առանց դրանում սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը որպես պաշտպանված հիմքեր ներառելու։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930