Հայաստանն ամրապնդում է իր դիրքերը համաշխարհային բնապահպանական դիվանագիտության մեջ։ Բնության պահպանության միջազգային միության (IUCN) կողմից Հայաստանի ազգային կոմիտեի պաշտոնական ճանաչումը փաստում է, որ հոկտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության գագաթնաժողովին (CBD COP17) մեր երկիրը ներկայանում է ոչ միայն որպես հյուրընկալող կողմ, այլև որպես բնապահպանական քաղաքականություն ձևավորող սուբյեկտ։
IUCN Խորհրդի կողմից 2026թ. ապրիլի 22-ին շնորհված պաշտոնական կարգավիճակը թույլ է տալիս Հայաստանի բնապահպանական համայնքին հանդես գալ միասնական ուժով՝ ուղղակիորեն ազդելով կենսաբազմազանության պահպանության համաշխարհային գործընթացների վրա։
IUCN Ազգային կոմիտեի առաջին նախագահ, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) տնօրեն Ռուբեն Խաչատրյանի խոսքով՝ սա որակական նոր փուլ է Հայաստանի համար. «Մենք այլևս սոսկ միջազգային ստանդարտներ որդեգրող չենք։ Այս կոմիտեի միջոցով Հայաստանը դառնում է հարթակ, որտեղ մշակվում և փորձարկվում են բնության պահպանության նորարարական մոդելներ, ինչպիսին է OECM-ը (Պահպանության այլ արդյունավետ տարածքային միջոցառումներ)։ Սա նշանակում է, որ մենք համաշխարհային հանրությանը ներկայացնելու ենք սեփական հաջողված փորձը»։
Կոմիտեի հիմնադիր կազմում ներառված են թե՛ ՀՀ պետական կառույցներ, թե՛ գիտական և հասարակական կառույցներ։ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունն (ի դեմս Տաթև Պողոսյանի) ու Երևանի քաղաքապետարանը (ի դեմս Սիրարփի Հայկազյանի) ևս խորդրդի կազմում են։ Որպես գիտական և հասարակական կառույցներ խորդի կազմում են նաև FPWC-ն (Ռուբեն Խաչատրյան), ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտը (Ալլա Ալեքսանյան), ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը (Ալեն Ամիրխանյան, Արսեն Գասպարյան), «ԱրԱվես» (Ծովինար Հովհաննիսյան) և «Արևորդի» ՀԿ-ները (Սոնա Քալանթարյան)։
Կարդացեք նաև
Կոմիտեի ստեղծման կարևորությունը բարձր է գնահատել նաև Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը. «Սա կարևոր քայլ առաջ է Հայաստանում բնության պահպանության համար։ Ազգային կոմիտեն ստեղծում է տարբեր ոլորտների և մակարդակների միջև համակարգված գործողությունների մեխանիզմ՝ սկսած Երևանի տեղական ինքնակառավարման նախաձեռնություններից մինչև ազգային քաղաքականության մշակում և միջազգային համագործակցություն»։
Նշենք, նաև որ հոկտեմբերի 19-30-ը Երևանում կայանալիք CBD COP17-ի շրջանակներում Հայաստանը հանդես կգա մի քանի առանցքային նախաձեռնություններով.
- Մասնավոր պահպանվող տարածքների մոդելի ներդրում.ազգային կոմիտեն որպես առաջնահերթություն է սահմանել «Պահպանության այլ արդյունավետ տարածքային միջոցառումների» (OECM) շրջանակը, ինչը թույլ կտա ցույց տալ Հայաստանի առաջընթացը Կունմին-Մոնրեալյան գլոբալ շրջանակի «30×30» թիրախին հասնելու ճանապարհին։
- Բնապահպանական գլոբալ սիմպոզիում.FPWC-ն Երևանում կհրավիրի բարձրաստիճան գիտաժողով՝ ավելի քան 200 միջազգային կազմակերպությունների (այդ թվում՝ BirdLife International և World Land Trust) մասնակցությամբ։
- «Արևորդի» (SunChild) 20-ամյակ.փառատոնի 14-րդ թողարկումը կկայանա հենց COP17-ի օրերին՝ դառնալով մշակութային և կրթական կարևոր հարթակ։
- Կենսաբազմազանության դեսպաններ.կոմիտեն հայտարարել է երիտասարդների համար հատուկ ուսուցողական ծրագրի մեկնարկի մասին՝ համագործակցելով Գլոբալ երիտասարդական կենսաբազմազանության ցանցի (GYBN) հետ։
Բնության պահպանության միջազգային միությունը (IUCN), որը հիմնադրվել է 1948թ.-ին, աշխարհի ամենամեծ և բազմազան բնապահպանական ցանցն է։ Այն միավորում է ավելի քան 1400 անդամ կազմակերպություններ (պետական և հասարակական) և շուրջ 15,000 փորձագետների։ IUCN-ի Ազգային կոմիտեի առկայությունը երկրին տալիս է «բնապահպանական անձնագիր» միջազգային հարթակներում, հնարավորություն ընձեռելով ներկայացնել երկրի առաջնահերթությունները, ներգրավել միջազգային ներդրումներ և օգտվել գլոբալ գիտական բազայից (օրինակ՝ Կարմիր ցուցակների գնահատումներից)։
FPWC հասարակայնության հետ կապերի թիմ


















































