Պատմական գիտությունների թեկնածու, ԻԻՀ խորհրդարանի նախկին պատգամավոր Կարեն Խանլարիի ֆեյսբուքյան գրառումը
«Գերնիկա» խաղաղության մրցանակաբաշխության մոտիվներով
Հայոց և համամարդկային նորագույն պատմության ամենատխուր և ամենանողկալի էջերից մեկն է Մինսկ խմբի լուծարումը՝ Արցախի հիմնահարցի լուծման բանակցային հնարավորության ոչնչացումը, որը իրականացավ Փաշինյանի և Ալիևի ձեռամբ և Թրամփի քավորությամբ։
Պատմությունը դեռ կտա իր առարկայական և ճշգրիտ գնահատականը այս էջի մասին։ Բայց ինչ էլ լինի այդ գնահատականը, համոզված եմ, որ դրա էական բաղադրիչներից է լինելու երևույթի թողած և դեռ թողնելիք բացասական հետևանքները Հայաստանի ու հայության, ինչպես նաև հարավային Կովկասի ապագա իրավիճակի վրա։
Հայաստանի բռնագրավված տարածքների, այդ թվում Արցախի ցավագին հարցը, հակառակ Ցեղասպանության թանգարանում կամ մետրոպոլիտենում փաշինյանների չարամտորեն թափած բոլոր ճիգերի, հայության համար անտարակույս Ազգային հարց է։ Իսկ Ազգային հարցի լուծման համար խաղաղ հնարավորությունների մեխանիկական փակումը անհրաժեշտաբար բացելու է հարցի անհամաչափ, բռնի լուծման հնարավոր բոլոր ճանապարհները։ Սա պատմական օրենք է, որն անխուսափելիորեն ի հայտ է գալու այսօր, վաղը կամ մյուս օրը՝ տեսանելի ապագայում։
«Գերնիկա» մրցանակաբաշխության առիթով Ալիևը ասել է․ «Ադրբեջանի և Հայաստանի օրինակը վկայում է այն մասին, որ չնայած ձգձգված հակամարտությանը, տառապանքներին և փոխադարձ անվստահությանը, խաղաղության կարելի է հասնել ուժեղ քաղաքական կամքի և միջազգային աջակցության առկայության դեպքում»։
Հայաստան-Ադրբեջան «խաղաղության» ներկայիս իմիտացիան, իր բոլոր ստորոգելիներով, այդ թվում նաև Մինսկի խմբի լուծարումը, ինքնին, նոր պատերազմների նախադրյալ է՝ հրահրման նախերգանք։ Փաստորեն Փաշինյան-Ալիևի «ուժեղ քաղաքական կամքը», հատկապես «միջազգային աջակցության դեպքում», ուշ թե շուտ հանգեցնելու է նորանոր հակամարտությունների։
Պատմական այս օրենքի, եթե կուզեք՝ դետերմինիզմի մասին ամենադիպուկ բնորոշումներն է տվել ավելի քան հիսւն տարի առաջ «Ազդակ-շաբաթօրեակ»-ի խմբագրականը․
Ճիշդ չէ աշխարհի մեծ պետութեանց առաջնորդներու կողմէ որդեգրուած «լրութեան», «լուռ մերժումի և ուրացումի», «մոռացութեան տալու» փորձերով ոճիրին մեղսակից դառնալու գործելաձևը:
Այդ բոլորը խաղաղութեան չեն առաջնորդեր, փոքր ու մեծ պատերազմներու ծնունդ կու տան. այդ բոլորը խաղաղ միջոցառումներով հարցերու լուծումի մը չեն տանիր, կը պարտադրեն իրաւազրկուած ժողովուրդները բռնամիջոցներու դիմելու»: (Խմբագրական, «Ազդակ-շաբաթօրեակ (Դրօշակ)», Բեյրութ, 1975 նոյեմբերի 23, թիւ 40, էջ 626)


















































