«Հասարակությունը բավականին տարբերվում է 2018-ից հետո։ Երրորդ ընտրությունն է, որ փող չի բաժանվել։ Մարդիկ ուրիշ պրակտիկաներ են ձեռք բերել, փոխվել են նրանց մոտեցումները, մտածողությունը, և ինձ թվում է՝ և′ իշխանությունը, և′ այն քաղաքացիական կառույցները, որոնք ընտրակաշառքին դեմ են, փորձում են պայքարել, իրենք կարող են դաշնակիցներ գտնել նաև սովորական քաղաքացիների շրջանում։ Ուղղակի մարդկանց հետ իրազեկման աշխատանքներ պետք է տանել։ Մարդկանց պետք է ներքաշել ընտրակաշառքի դեպքերը բացահայտելու և համապատասխան իրավական մարմիններին իրազեկելու տեսանկյունից»,-«Մեդիա կենտրոնում» «Ընտրակաշառք տալն ու վերցնելը՝ քրեորեն պատժելի արարք» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը։
Փաստմանը՝ այն, որ նշում եք՝ 2018-ից հետո թուլացել էր ընտրակաշառք տալու և վերցնելու պրակտիկան և հարցին՝ այն, որ այժմ այդ պրակտիկան ակտիվացել է, արդյոք սրա հիմքում իշխանությունների հանդեպ անվստահությունը չէ՞, Աղասի Թադևոսյանը պատասխանեց․ «Եթե մինչև 2018-ը ընտրակաշառք բաժանող քաղաքական ուժերը հիմնականում իշխանությունում գտնվող քաղաքական ուժերն էին և տիրապետում էին բոլոր այն վարչական գործիքներին, որոնք պետք է կանխարգելեին, բայց չէին կանխարգելում, դրա համար էլ հանգիստ այդ պրակտիկան գործում էր․ ոչ բացահայտվելու, ոչ դատվելու վախ չկար։ Հիմա իրավիճակը փոխվել է․ փաստորեն ընդդիմության բևեռում հայտնվել են նախկինում ընտրակաշառք բաժանող ուժերը, և նրանց նկատմամբ կա լուրջ վերահսկողություն»։
Աղասի Թադևոսյանի կարծիքով՝ ընտրակաշառք է այն, երբ գործում է դու ինձ, ես՝ քեզ պայմանավորվածությունը։ Հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ երբ իշխանությունը բարձրացնում է թոշակը՝ ակնկալվում է թոշակառուների ձայնը, Աղասի Թադևոսյանը պատասխանեց․ «Կասկածում եմ, որ դա կարելի է ընտրակաշառք անվանել։ Երբ կառավարությունն իրականացնում է իր գործունեությունը, իր գործունեության շրջագծում սոցիալական և կրթական ծրագրեր պետք է իրականացնի։ Ուրիշ բան, որ մարդիկ ինչ-որ ձևերով քաղաքացիներին տեղ հասցնեն, որ մենք ձեզ արել ենք, դրա դիմաց պետք է մեզ քվեարկեք։ Եթե դա ուղղակի չի ասվում, նրանց վրա լծակներ չեն կիրառվում, ապա դա ընտրակաշառք չէ։ Այդ դեպքում նշանակում է՝ կառավարությունը ոչ մի բան չպիտի անի էն մտավախությունից, որ կարող է ընտրակաշառք անվանվել»։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանն էլ այս հարցի առնչությամբ նշեց․ «Թոշակ բարձրացնելն ու թոշակ բարձրացնելու խոստումը նույն բանն է․ երկուսն էլ խախտում չեն։ Ոնց իրավունք ունեն թոշակ բարձրացնել, նենց էլ բարձրացնելու խոստում տալու իրավունք ունեն։ Սա կարող է օրինակ՝ պոպուլիզմ որակվել։ Կան երկրներ, որտեղ ընտրություններից առաջ սոցիալական ծրագրերի ավելացումը համարվում է խախտում։ Մեր երկրում արգելք չկա, դրա համար էլ իշխանությունները դիմում են այդ քայլին։ Պայմանավորվածություն պիտի լինի, որ կաշառք լինի՝ թեկուզ ենթադրյալ պայմանավորվածություն»։
Կարդացեք նաև
Դանիել Իոաննիսյանը, խոսելով նախընտրական խախտումների մասին, ահազանգեց՝ ապօրինի ֆինանսների շրջանառություն են տեսնում․ «Ունենք տեղեկություններ երկու ինքնիշխան աղբյուրներից՝ բավականին շատ դետալներով, որ մի նախկին հայտնի պաշտոնյա, որն ասոցացվում է Երևանի կոնկրետ մի հատվածի հետ, բայց վերջին շրջանում չի երևում, այո, զբաղված է քեշ ներմուծելով, և իր այդ ամբողջ թաղամասում մարդիկ ակտիվ «թրեվլի» մեջ են․ խոսքը 100 միլիոն դոլարը գերազանցող գումարի մասին է։ Դա միակ ճանապարհը չէ, որ ՀՀ գումար են մտցնում․ օրինակ՝ ապրանք ներմուծողներին, որոնք ՌԴ-ից ապրանք են ներմուծում, հաճախ ասում են՝ դու ապրանքի փողը ՀՀ-ում տուր մեզ, մենք ՌԴ-ում այդ փողը ում պետք է կտանք, որ փողը ֆիզիկապես ՀՀ չմտնի։ Հարկային ծառայությունը բավականին խիստ վերահսկողություն է իրականացնում, այդ վերահսկողությունն իդեալական չէ, այդ վերահսկողության արանքով փող մտնում է և մտնում է շատ, բայց չի էլ կարելի ասել, որ վերահսկողությունն ամբողջությամբ անարդյունավետ է։ Մենք որոշակի գործիքներ ունենք, որոնցով փորձելու ենք չափել, բայց ծավալներն աննախադեպ են։ Կոպիտ ասած՝ փորձը չունենք սենց ծավալի հետ աշխատելու։ Քաղաքական գործունեության մեջ ապօրինի ֆինանսական գործունեության ծավալներն աննախադեպ են։ Փորձում ենք հակազդել, բացահայտել և ինչ-որ բաներ ներկայացնել հանրությանը»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ երբ ապրիլի 19-ին Գյումրիում Նիկոլ Փաշինյանի «Վարչաբենդը» համերգ տվեց և ապրիլի 25-ին Երևանում կազմակերպվեց համերգ, դա ընտրակաշառք չէ՞, Դանիել Իոաննիսյանը պատասխանեց․ «Համերգներն ընտրակաշառք չեն, բայց դրանք խախտում են։ Մասնավորապես՝ ապրիլի 19-ի Գյումրիի և ապրիլի 25-ի Երևանի համերգները մեր գնահատմամբ՝ խնդրահարույց են կուսակցությունների ֆինանսավորման օրինականության տեսանկյունից։ Մենք այս դեպքերով դիմել ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով և պահանջում ենք իրականացնել վարույթ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ Media Center/Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջից


















































