Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ է նշանակում խաղաղություն․ եթե ժամանակավոր կրակոց չկա, բայց մի որոշ ժամանակ հետո լինելու է, ուրեմն խաղաղություն չկա»․ կյանքը՝ Տավուշի սահմանամերձ համայնքներում

Մայիս 11,2026 12:24 Share

Թեեւ Հայաստանի իշխանությունները պնդում են, թե Տավուշի մարզի Կիրանց գյուղում կառուցված պատը խաղաղության մասին է փաստում, սակայն Կիրանցի բնակիչները թերահավատ են Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու հարցում։

«Ես մի հարց եմ ուզում տալ՝ ի՞նչ է նշանակում խաղաղություն․ եթե ժամանակավոր կրակոց չկա, բայց մի որոշ ժամանակ հետո լինելու է, ուրեմն հավերժ խաղաղություն չկա»,- մեզ հետ զրույցում ասում է Կիրանցի բնակիչ Անդրանիկ Նազարյանը։

Կիրանցում սահմանազատման գործընթացից հետո գյուղի դպրոցն ու որոշ բնակելի տներ հայտնվել են շատ մոտ ադրբեջանական սահմանին։ Գյուղացիներն ասում են՝ գյուղատնտեսությամբ զբաղվելը դժվարացել է, քանի որ գյուղի հողերն անցել են ադրբեջանական վերահսկողության տակ։

«15 հեկտար մարդկանց սեփական հողամասեր անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, չհաշված հարակից համայնքապատկան հողերը։ Մարդկանց սեփականաշնորհման վկայականները կան, պարոն Փաշինյանի իշխանության ժամանակ Կիրանցում հող է սեփականաշնորհվել, բայց հետո իրենք հայտարարեցին, թե դա Ադրբեջանի տարածք է։ Ես չեմ համարում, որ դա իրենց հողն է, դրանք մեր պատմական տարածքներն են։ Նախկինում այդ հողերն ամբողջովին մեր գյուղի տրամադրության տակ էին՝ եւ մշակում էինք, եւ որպես արոտավայր օգտագործում։ Դրանք մեր տարածքներն են, հիմա իշխանություններն ամեն ձեւով մեզ ու ժողովրդին համոզում են, թե այդպես է սահմանը եղել, բայց մենք գիտենք, որ դա այդպես չէ»,- ասում է Անդրանիկ Նազարյանը։

Հարցին, թե ունե՞նք խաղաղություն այսօր, Կիրանցի բնակիչները դա զգո՞ւմ են, նա պատասխանում է․ «Ես Փաշինյանի խոսքերը չեմ կարող մեկնաբանել, բայց մի հարց եմ ուզում տալ՝ ի՞նչ է նշանակում խաղաղություն․ եթե ժամանակավոր կրակոց չկա, բայց մի որոշ ժամանակ հետո լինելու է, ուրեմն հավերժ խաղաղություն չկա։ Ես չեմ կարող ժխտել՝ մինչեւ այս կրակոցներ եղել են, իսկ հիմա չկան կրակոցներ։ Բայց իր ասած խաղաղությունը շատ հարաբերական է, վաղն էլ կարող է այդ ամենը սկսվի»։

Կիրանցում սահմանազատման գործընթացից հետո մի քանի ընտանիք հեռացել են գյուղից։ Գյուղացիներն ասում են՝ հեռանալու պատճառն այն է եղել, որ մարդիկ չեն ցանկացել, որպեսզի իրենց երեխաները հաճախեն ադրբեջանական սահմանին շատ մոտ գտնվող Կիրանցի դպրոց։ «Ասել են՝ այս դպրոցում իրենց երեխաներին դասի չեն տանի, իրենց երեխեքին վերցրել ու գնացել են հարեւան գյուղեր եւ Իջեւան»,- նշեց Անդրանիկ Նազարյանը։

Կիրանցի 84-ամյա բնակչուհի Ֆլորա Նազարյանի տունը, որը գտնվում է Կիրանցի պատի դիմաց, կառուցվել է 1980 թվականին։ «Երբ նայում էի այդ պատին, սկզբում խորշանք ու ցավ էի զգում, շատ վատ էի, հիվանդ էի իրականում, բայց հիմա իմ աչքի ճառագայթներն անցնում են սահմանը, ես այդ պատը չեմ տեսնում արդեն։ Ոչ թե համակերպվել եմ, այլ ինձ թվում է՝ ինչ-որ մի բան պիտի լինի, որ այդ պատը չլինի։ Ես չգիտեմ՝ լավատես եմ՝ անկախ նրանից, թե Փաշինյանն ինչ է ասում։ Մտքումս հանգստություն կա, չգիտեմ՝ երեւի ծերացել եմ»,- ասում է Ֆլորա Նազարյանը։

Նրա խոսքով՝ գյուղացիները շատ են նեղվել այն հանգամանքից, որ իրենց վարելահողերն ու արոտավայրերն անցել են ադրբեջանական վերահսկողությանը։ Ինչ վերաբերում է հարցին, թե վստահո՞ւմ են Ադրբեջանին, խաղաղություն հնարավո՞ր է, տիկին Ֆլորան հարցով է պատասխանում․ «Դուք երբեւիցե կվստահե՞ք թեկուզ անզեն մարդուն, որը թշնամաբար է տրամադրված ձեզ»։

Ֆլորա Նազարյանը նաեւ նշում է, որ այն տարածքները, որոնք այսօր հանձնվել են Ադրբեջանին, ԽՍՀՄ տարիներին երբեք ադրբեջանական վերահսկողության տակ չեն եղել․ «Այդ տարածքներն ադրբեջանական չեն եղել, հայկական են եղել։ Մենք գնում էինք կողքի գյուղը, իրենց սահմանը ճանապարհից էլի այն կողմ էր, գնում էինք այնտեղ, առեւտուր էինք անում, ես հիշում եմ»։

Ընդհանրապես Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում չեն հավատում Ադրբեջանի հետ խաղաղությանը։ Մարդիկ ասում են, որ խաղաղություն են ուզում, բայց հիշում են, թե ով է մեր թշնամին եւ թերահավատ են։

Ներքին Ծաղկավան գյուղի բնակչուհի Օֆելյան ասում է․ «Նախկինում թուրքերի հետ էինք աշխատում, գնացել ենք իրենց գյուղերը, հարազատի պես էինք։ Բայց էսօրվա թուրքերը կարող է դեմ դիմաց դուրս գաս, ախպեր թուրքը տա քեզ սպանի։ Խաղաղությունը չեմ պատկերացնում՝ կամ կսպանեն, կմեռնենք, կամ եթե կարենանք, մենք իրենց կսպանենք։ Բայց եթե խաղաղություն լինի, շատ լավ կլինի»։

Նոյեմբերյանի տարածաշրջանի Բերդավան գյուղի բնակիչները եւս չեն հավատում, թե Ադրբեջանի հետ հնարավոր է խաղաղ համակեցություն։ Ասում են՝ նախկինում կրակոցներ կային, գյուղից զոհեր էլ են ունեցել, բայց վերջին շրջանում կրակոցներ չկան։ «Բաղանիսից Ոսկեպար հատվածը, որը նախկինում կրակոցի տակ էր, այսօր արխային գնում-գալիս ենք, կրակոց չկա։ Թուրքերն այնտեղ կանգնած, մենք գնում գալիս ենք։ Առայժմ խաղաղություն է, բայց Ադրբեջանի հետ հնարավոր չէ խաղաղություն, բացառված է»,- ասում է Բերդավանի բնակիչ Հովիկ Մուրադյանը։

Բերդավանի բնակիչ Սերգեյ Ազատյանն ասում է․ «Խաղաղության պայմանագիրը նախաստորագրված է, դա պայմանագիր չէ եւ որեւէ իրավական ուժ չունի։ Եթե վաղը, մյուս օրը Ադրբեջանը հարձակվի, մենք չենք կարող ասել՝ պայմանագիր ունենք, ինչո՞ւ եք հարձակվել։ Մենք միշտ սահմանակից ենք եղել, դպրոցական ժամանակ մենք գնում էինք իրենց գյուղում համերգ էինք տալիս, իրենք գալիս, մեր գյուղում էին համերգ տալիս, բայց հիմա խիստ թշնամանք է։ Հիմա հնարավոր չէ նրանց հետ խաղաղ ապրել, էն թուրքերը, որոնք նախկինում մեզ հետ ապրել են, նրանք էլ չկան, մեռել են, իսկ նրանց սերնդի հետ ո՞նց կարող ենք խաղաղ ապրել։ Էս նոր սերնդին ո՞նց բացատրես, որ նախկինում եղբոր պես ապրել ենք։ Ես կարծում եմ, որ թուրքերը հիմա չեն էլ ուզենա գան այստեղ ապրեն»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031