Եվրոպայի խորհրդի փողերի լվացման դեմ պայքարի մարմինը՝ ՄԱՆԻՎԱԼ հանձնախումբը (MONEYVAL) հրապարակել է զեկույց, որտեղ գնահատվում է, թե ինչպես է ՀՀ-ն կիրառում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային չափանիշները։
Հիշեցնենք՝ 2025-ի սեպտեմբերին ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից ՀՀ-ում փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի 6-րդ փուլի գնահատման շրջանակներում ՀՀ գնահատող խմբի այց էր կազմակերպվել։ Զեկույցում արտացոլված են գնահատման արդյունքները։
Զեկույցում հանձնախումբն ընդգծում է թիրախային ֆինանսական պատժամիջոցների ամուր համակարգը, միաժամանակ կոչ է անում բարելավել փողերի լվացման գործերով քրեական հետապնդումները և ակտիվների վերականգնման գործընթացը։ Կարևորվում են արդյունավետ համակարգման մեխանիզմները՝ ահաբեկչության և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման հետ կապված նպատակային ֆինանսական պատժամիջոցների իրականացման, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունների նկատմամբ ռիսկերի վրա հիմնված վերահսկողության ոլորտում։
Զեկույցում ամրագրված է․ «Կոչ ենք անում առավել խորությամբ վերլուծել օտարերկրյա սպառնալիքները, ահաբեկչության ֆինանսավորման և վիրտուալ ակտիվների հետ կապված ռիսկերը։ Անհրաժեշտ են հետագա բարելավումներ անշարժ գույքի ոլորտում ռիսկերի գնահատման և օպերատիվ համագործակցության մեխանիզմների ուղղությամբ»։
Կարդացեք նաև
Փաստաթղթում նաև փաստվում է՝ ՀՀ իշխանությունների կողմից՝ որպես փողերի լվացման հիմնական սպառնալիքներ են սահմանվել խարդախությունը, յուրացումը, կոռուպցիան, հարկային հանցագործությունները, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը և կիբերհանցագործությունները։
Զեկույցի տվյալներով՝ Հայաստանն ընդհանուր առմամբ տրամադրում է բարձրորակ և ժամանակին աջակցություն՝ ցուցաբերելով օտարերկրյա գործընկերների հետ համագործակցություն նախաձեռնելու ակտիվ մոտեցում, հատկապես կոռուպցիոն գործերով, բայց միևնույն ժամանակ փաստաթղթում նշված է․ «Սակայն այս մոտեցումը համակարգված կերպով չի կիրառվում փոխկապակցված հիմնական հանցագործությունների, օրինակ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերում։ Փոխադարձ իրավական օգնությունը որոշակի չափով կիրառվում է ակտիվների վերադարձի գործընթացներում»;
Զեկույցը դրականորեն է գնահատում այն վերահսկողական մեխանիզմները, որոնք գործում են հանցագործների և նրանց հետ փոխկապակցված անձանց կարգավորվող ֆինանսական հատված մուտքը կանխելու նպատակով, ինչպես նաև ֆինանսական վերահսկողի կողմից փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի ընկալումը։
Առաջարկությունների բաժնում նշվում է անհրաժեշտություն լրացուցիչ քայլեր ձեռնարկելու վիրտուալ ակտիվների ծառայություններ մատուցողների և ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի վերահսկողության ոլորտում, որոնք վերջերս են կարգավորվել։ Ըստ զեկույցի՝ ՀՀ իշխանությունները բացահայտել են, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները, փակ բաժնետիրական ընկերությունները և որոշ դեպքերում՝ ոչ առևտրային կազմակերպությունները, այն իրավաբանական անձինք են, որոնք առավել հաճախ են ներգրավված հանցավոր գործունեության մեջ․ «Շահառու սեփականության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կիրառվում է բազմակողմ մոտեցում, սակայն անհրաժեշտ են լրացուցիչ քայլեր թափանցիկության ապահովման ուղղությամբ, մասնավորապես՝ շահառու սեփականատերերի ռեգիստրի ամբողջական գործարկման և դրանում առկա տեղեկատվության ճշգրտության ու արդիականության ստուգման միջոցով»։
Զեկույցը բարձր է գնահատում Հայաստանի ազգային Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից (ՖԴԿ) մարդկային և ՏՏ ռեսուրսների ընդլայնման, տվյալների լայն հասանելիության և իրավապահ մարմիններին տրամադրվող հետախուզական տեղեկատվության որակի բարելավման ուղղությամբ գրանցված առաջընթացը․ «Միևնույն ժամանակ, մասնավոր հատվածի կողմից ներկայացվող կասկածելի գործարքների վերաբերյալ հաղորդումների թե՛ քանակը, թե՛ որակը պետք է բարելավվեն։ MONEYVAL-ը նաև կոչ է անում հետախուզական մարմիններին առավել մեծ ուշադրություն դարձնել քրեական հետաքննությունների ընթացքում փողերի լվացման բաղադրիչների բացահայտմանը»։
Զեկույցում նաև նշվում է՝ ՀՀ իրավական և ինստիտուցիոնալ համակարգը ենթարկվել է բարեփոխումների, որոնք հանգեցրել են փողերի լվացման գործերով հետաքննությունների և քրեական հետապնդումների աճին, հատկապես կոռուպցիոն գործերով․ «Սակայն համակարգը դեռևս հիմնականում կենտրոնացած է հիմնական (նախորդող) հանցագործությունների վրա՝ շեշտը դնելով ներքին հանցագործություններից բխող ինքնալվացման դեպքերի վրա։ Փողերի լվացման հանցակազմի սահմանափակ մեկնաբանությունը սահմանափակում է քրեական հետապնդումների հնարավորությունները, իսկ դատավճիռների թիվը շարունակում է մնալ ցածր»։
Չնայած ակտիվների վերադարձի համար իրավական և ինստիտուցիոնալ շրջանակ ստեղծելու ուղղությամբ իրականացված նշանակալի ջանքերին, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների կալանավորման և բռնագրավման արդյունքները չեն վկայում, որ հանցավոր ակտիվների վերադարձը հետապնդվում է որպես քաղաքականության առաջնահերթ նպատակ։ Ըստ զեկույցի՝ թեև քաղաքացիական բռնագանձման մեխանիզմի ներդրումը մեծացրել է ապօրինի ակտիվների բռնագրավման՝ երկրի հնարավորությունները, ՄԱՆԻՎԱԼ-ը կոչ է անում համապարփակ վերանայել ակտիվների վերադարձի ամբողջ շրջանակը՝ գործընթացի բոլոր փուլերում, ինչպես նաև ուժեղացնել հանցավոր եկամուտների հայտնաբերման, կալանավորման և բռնագրավման համար անհրաժեշտ մասնագիտական կարողություններն ու ռեսուրսները։
Ըստ փաստաթղթի՝ չնայած ահաբեկչության ֆինանսավորման համար քրեական հետապնդումներ կամ դատավճիռներ չեն գրանցվել, համապատասխան իրավական և ինստիտուցիոնալ շրջանակը առկա է․ «Այնուամենայնիվ, մտահոգություններ են պահպանվում ահաբեկչության ֆինանսավորման գործունեության հետևողական բացահայտման հարցում, հատկապես այն դեպքերում, երբ միջոցները ձեռք են բերվում հիմնական հանցագործությունների միջոցով։ Առկա տեղեկատվությունը բավարար չափով չի օգտագործվում, իսկ մասնավոր հատվածի կողմից ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ կասկածների մասին հաղորդումները քիչ են»։
Այս գնահատման արդյունքում Հայաստանը ստացել է հիմնական առաջարկությունների ճանապարհային քարտեզ, որոնք պետք է իրականացվեն երեք տարվա ընթացքում։ Արդյունավետության և տեխնիկական համապատասխանության գնահատականների հիման վրա Հայաստանը ներառվել է ուժեղացված հետագա վերահսկողության գործընթացում և պարտավոր է ՄԱՆԻՎԱԼ-ին ներկայացնել առաջընթացի վերաբերյալ հաշվետվություն։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































