Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Լեւոն Տեր-Պետրոսյանը դաշինք է կազմել Սերժ Սարգսյանի հետ Լավրովի պլանն իրագործելու համար»

Հուլիս 22,2016 21:15

«Դու արդեն ստեղից գնացիր, դու գնացողներից ես»,-Խորենացի փողոցում մի քաղաքացու այսպես դիմեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` ներկաներին հորդորելով քաղաքացուն առանց բռնությունների ուղեկցել: Քաղաքացուն դուր չէր եկել այն, որ Նիկոլը հավաքված հանրությանը հենց հիմա չէր առաջնորդում` Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու: Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, երեկ թեպետ ասել էր, որ Խորենացի փողոցում իր համար անելիք չի տեսնում, մանավանդ, որ իրեն քաղաքավարի կերպով դուրս են հրավիրել, բայց այսօր հայտարարեց, որ բազմաթիվ քաղաքացիներ խնդրել են եւ ինքը վերադառնալու է Խորենացի փողոց:

Նա ներկաներին խնդրեց` այսօրվա եւ բոլոր ժամանակների համար արձանագրեք մի բան` ծառայում եմ ՀՀ-ին, ԼՂՀ-ին, հայ ժողովրդին. «Ինչ էլ որոշի հայ ժողովուրդը՝ պարտավորվում ենք այդ որոշումն ի կատար ածել. Մի պայմանով` այդ որոշումը պետք է լինի հստակ, աներկբա եւ կասկածի տեղիք չտվող»:

Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` ՊՊԾ գնդի գրավման առիթով այսօր արած հայտարարությանը, այն տարօրինակ, որակեց: Տեր Պետրոսյանը, մասնավորապես ասել էր, որ այսօր անիմաստ է վերլուծել այն պատճառները, որոնք առիթ են տվել: Դրանք հետո կվերլուծենք:

«Եթե նման հայտարարություն աներ քաղաքագիտության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողը, ես չէի զարմանա: Բայց ՀՀ առաջին նախագահի անունից լսել նման հայտարարություն, ես չեմ հասկանում: Նման բան ասել նշանակում է` թողենք հիվանդը մեռնի, դիահերձումից կհասկանանք հիվանդության պատճառը: Սա ամոթալի հայտարարություն է: Ես խիստ կասկածում եմ, որ առաջին նախագահը այդ նրբությունը չի հասկանում»:

Նիկոլ Փաշինյանը կասկած հայտնեց, որ Տեր-Պետրոսյանը մտածում է` այս իրավիճակի փուլային կամ փաթեթային կերպով լուծումը կներառի ՍերԺ Սարգսյանի հեռացում իշխանությունից: Նա ցավով արձանագրեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը դաշինք է կազմել Սերժ Սարգսյանի հետ ԼՂՀ-ի հարցում, այսպես կոչված, Լավրովի պլանն իրագործելու համար. «Դա խայտառակ եւ ստորացուցիչ լուծում է: Դա ամոթալի է ոչ միայն առաջին դեմքերի, այլ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար»: Այստեղ, ըստ Նիկոլ Փաշինյանի, անձնական մոտիվ էլ կա` Տեր-Պետրոսյանը փորձում է օգնել Սերժ Սարգսյանին` ազատագրված տարածքները հանձնելու հարցում, որպեսզի ապացուցի` 1996-97-ին ինքը ճիշտ էր: Փաշինյանը համարում է, որ փոխզիջումների մասին չի կարելի խոսել հիմա, երբ Ալիեւը ամեն օր ատամները սրած հոխորտում է Հայաստանի մասին. «Մենք թույլ չենք տալու Հայաստանի եւ ԼՂՀ-ի կապիտուլյացիան»:

Նա ասաց` առաջին վայրկյանից իր գործողությունները միտված են ապացուցելու, որ «Սասնա ծռերի» տղաները ահաբեկիչ չեն, այդ մարդիկ փորձում են շոկային ցնցման միջոցով թարմացնել այն լավատեսությունը, որով հայ ժողովուրդը 1991-ին ձեռք բերեց պետականությունը: Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց` այս իրավիճակից երկու տարբերակ կա` Սերժ Սարգսյանն առաջարկում է` տղաները վայր են դնում զենքերը եւ հանձնվում իրավապահներին (այդ պահին հավաքվածները սկսեցին սուլել եւ հայհոյանքներ հնչեցնել), իսկ «Սասնա ծռերն» առաջարկում են` Սերժ Սարգսյանը հրաժարական տա եւ անհապաղ հեռանա (հավաքվածները սկսեցին ծափ տալ եւ հիմա-հիմա վանկարկել):  «Ես ասում եմ` Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա, հեռանա իշխանությունից: Իմ կարծիքով, դեռ 2016-ի մայիսի 17-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել իրեն դե ֆակտո վերագրվող գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնից»:

Նա նկատի ունի Վիեննայից վերադառնալիս նախագահի տված հարցազրույցը, որտեղ ասել էր` առաջարկում եմ, տարածքների հանձնումից դժգոհները թող գնան ու վերցնեն այդ տարածքները: Ըստ Նիկոլ Փաշինյանի, երկրի գերագույն գլխավոր հրամանատարը նման բան չի ասում, այլ բանակին առաջնորդում է կռիվ: «Սերժ Սարգսյանն իր թուլակամ հայտարարությամբ ցույց է տվել, որ ի վիճակի չէ: Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելը եղել է կա եւ մնում է մեր քաղաքական գործունեության կարեւորագույն դրույթներից մեկը: Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու ժամկետների պատասխանը պետք է տա ժողովուրդը:

«Սասնա ծռերը» իրենց գործողություններով հրատապ անհրաժեշտություն են ստեղծել, որ ժողովուրդը պատասխանի` երբ է Սերժ Սարգսյանը հեռանալու իշխանությունից»,- ասաց նա` հավելելով, որ որքան ժողովուրդ դուրս կգա փողոց եւ կարտահայտի իր կամքը` դա էլ կլինի այս հարցի պատասխանը: «Այս վայրը բռնությունների տեղ չէ, այլ ժողովրդի կամարտահայտման, այստեղ չպետք է լինի ոչ մի հարբած, խուլիգան, կասկածելի տեսքով ու նպատակներով, եթե թույլ եք տալիս, ես դրանց հեռացնելու եմ այստեղից: Դրանք Սերժի եւ ԿԳԲ-ի գործակալներ են: Այս շարժման գլխավոր սիմվոլը լինելու է բաց եւ բարձրացված ձեռքեր` ցույց տալու համար, որ մեզ պետք չէ մահակ, քար, մենք ուժեղ ենք մեր մտքով, պատմությամբ, ՀՀ-ով, ԼՂՀ-ով, մեր երեխաների ճակատագրի առաջ մեր պատասխանատվությամբ: Եթե ժողովուրդը որոշի, որ Սերժ Սարգսյանը շարունակելու է թալանել Հայաստանը, ես ենթարկվելու չեմ, չեմ կարող խանգարել: Ուժեղ Հայաստանում կուզենա ապրել` ես կօգնեմ»:

Ըստ նրա,  Երեւան քաղաքը պետք է ոտքի կանգնի, ապա նաեւ  մարզերն ու մարզկենտրոնները պետք է կանգնեն` խաղաղ, քաղաքական պահանջներով հանրահավաքների: Ու դա պետք է լինի այնպիսի ծավալներով, որ ՀՀ բանակի, ոստիկանության, ԱԱԾ-ի համար ակնհայտ լինի, որ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա:

Այլ մանրամասները շուտով` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031