Լրահոս
Օրվա լրահոսը

Կարծիք հայտնելու խորհրդարան

Հոկտեմբեր 11,1995 18:47
Davit Vardanyan

Երեկ ՀՀ Քաղաքացիության օրենքի ընդունման նիստից հետո ԱԺՄ խմբակցության անդամ Դավիթ Վարդանյանը մեզ ներկայացրեց ԱԺՄ-ի դիրքորոշումը այս օրենքի կապակցությամբ։

– Դա մեր ազգի հիմնարար պրոբլեմներից է. Հայաստանում ապրում է հայ ազգի փոքր մասը, մեծագույնը սփռված է աշխարհով։ Հայությունը պետք է դիտել որպես հավաքականություն եւ ոչ թե առանձնացնել նրա մի փոքր մասը՝ պետության անվան տակ, դրան հակադրելով մյուս բոլորին։ Այս վարչախմբի գաղափարախոսությունը հիշեցնում է հետեւյալը. մենք, ասենք, Սալվադորի պես պետություն ենք, ունենք ներքին խնդիրներ, իսկ աշխարհի հետ առնչվում ենք միայն Միջազգային արժութային հիմնադրամի եւ այլ միջոցներով։ Եթե այդ գաղափարախոսությամբ շարժվենք, ամեն ինչ իր տեղում է. ե՛ւ Սահմանադրությունը, ե՛ւ ընդունվող օրենքները։ Մեր գաղափարախոսությունն այլ է, Սփյուռքը մեր դիտակետից մի ամբողջություն է, որն ունի իր յուրահատուկ պրոբլեմները. Հայաստան-Սփյուռք հարաբերությունները պետք է լինեն թե՛ իրավական, թե՛ քաղաքական, թե՛ բարոյական, բայց դրանք պետք է նպաստեն ամբողջի ներդաշնակությանը։ ԱԺՄ-ում մշակվել է հարաբերությունների ընդհանուր մոդել, կա՛ Հայկական սփյուռք, որը միասնական չէ՝ մերձակա եւ հեռակա գաղութներ, եւ կա Հայոց պետություն։ Մեր մոդելը ներառում է ե՛ւ պետության դերը, ե՛ւ համազգային կառույցների դերը։ Պետք է հաշվի առնել ոչ միայն պետության մեջ, այսինքն՝ այստեղ ապրողների դերը, այլ նաեւ՝ արտերկրի գաղութների շահերը։ Օրինակ՝ արտագաղթը միշտ դիտարկվել է որպես բացասական երեւույթ, բայց այն իր բացասական էությամբ հանդերձ, որը օբյեկտիվ է, կարող է դառնալ դրական գործոն հայության համար։ Մենք արհեստականորեն չենք ստեղծում այն. արտագաղթը մերժելի է, սակայն հայ ազգի զարգացման համար գաղութները կարող են որոշակի դեր խաղալ։ Մեր խնդիրը պետք է ուղղված լինի ոչ միայն հայապահպանությանը, գաղութների գոյության համար պայքարին, այլեւ Սփյուռքը աշխարհում ֆինանսական, քաղաքական լուրջ գործոն դարձնելուն։

Մենք, իհարկե, բազմիցս առաջարկություններ կատարել ենք, բայց խոսքը գաղափարական դիրքորոշման մասին է։ Իրենց մոդելն է Հայաստանում ստեղծել բռնապետություն, բռնապետությունը մի բառ է, սակայն լայն ընդգրկման, այն անպայման չէ, որ լինի ստալինյան, կարող է լինել մեղմ, միջին։ Մեր համոզմամբ՝ այն ուղին, որով իրենք գնում են, Սահմանադրությունը, նաեւ քաղաքացիության օրենքը լիովին համահունչ են իրար: Թվում է, թե կարելի է գնալ իշխանությունների հետ նույն ուղիով, մասնակցել նրանց օրինաստեղծմանը՝ ճանապարհին տալով լավ խորհուրդներ, եւ հույս ունենալ, թե կարելի է ազդել դրանց վրա, ինչ-որ բաներ ուղղել. միամիտ տեսակետ, այդպես չի լինում։ Ո՛չ ահաբեկչությունը, ո՛չ հեղաշրջումների ճանապարհը, ո՛չ էլ միամիտ ինքնախաբեությունը ոչինչ չեն կարող փոխել։ Էականը ժողովրդի ընդհանուր կամքի ուղղորդումն է։ Ուստի, խորհրդարանում մենք չենք պայքարում, այսօր ուղղակի կարծիք հայտնեցինք, որովհետեւ հրաշալի գիտենք, թե ինչպիսի խորհրդարան է հավաքվել. այստեղ պայքարի խորհրդարան չէ, այլ կարծիք հայտնելու խորհրդարան։ Մեր մարտավարությունն էլ համանման է. Ազգային ժողովը օգտագործել արտահայտվելու համար, պայքարելն անիմաստ է, հիմնական աշխատանքը լինելու է ժողովրդի մեջ։

Ն. ԴԻԼԲԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031