Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ԱՆՀԱՎԱԿՆՈՏ ՓՈՐՁ

Հունիս 03,1998 14:23
stver

Ինստիտուցիոնալ բարեփոխումների (10,7 մլն դոլար) եւ Կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության (3,4 մլն դոլար) վարկային ծրագրում ՀՀ էկոնոմիկայի եւ Ֆինանսների նախարարության տնօրինած ծախսերը :
Մարդկության պատմությունը որոշակի իմաստով, իհարկե, պատգամների պատմություն է։ Որքան մեծ է պատգամի հեղինակը, այնքան կենսունակ է նրա ձեւակերպած հանձնարարականը։ Ուղիղ երկու հարյուր տարի առաջ Բոնապարտը արտասանեց իր հռչակավոր ֆրազը. «Գրեք կարճ ու անորոշ»։
Ուղիղ երկու հարյուր տարի հետո հանրապետությունում գործող արտասահմանյան վարկերի ծրագրերի իրագործման գրասենյակների տնօրեններն այդ պատգամի ոգով հաշվետվություն գրեցին։ Գրեցին կարճ ու անորոշ եւ հանձնեցին կառավարություն։ Կառավարությունում, հարկավ, ուսումնասիրեցին այդ հաշվետվությունները, նույնիսկ երեք եւ քառորդ էջի չափով ընդհանրացնող տեքստ գրեցին։ Անկեղծ ասած, սույն տեքստը կարդացած որեւէ մեկը դժվար թե այն ընդհանրացնող համարեր։ Մյուս կողմից՝ կառավարությունից ավելին պահանջելը իրատեսություն չէ։ Չի կարելի պահանջել ընդգրկել անընդգրկելին կամ ըմբռնել անըմբռնելին։

Հայոց բազմադարյան պատմության մեջ վարկային գումարների օգտագործման մասին առաջին անգամ է հաշվետվություն-տեղեկանք գրվում։ Հետեւաբար, ով ինչպես կարողացել, այնպես էլ գրել է։ Մոտ յոթանասուն տարի առաջ Կարել Չապեկը մեկ այլ պատգամ էր ձեւակերպել՝ «Ինչ որ չես կարող անել ինքդ, հրամայիր ուրիշին»։ Սույն պատգամի ոգուն համաձայն, վարկային հաշվետվությունների խայտաբղետ տրցակն ուղարկվեց Ազգային ժողով։ Մանավանդ որ Սահմանադրությամբ հենց այս մարմինն էլ պետք է վերահսկի վարկերի օգտագործումը։ Իսկ այն, ինչ տեղի ունեցավ հետո, ոչ ոքի համար էլ անակնկալ չէր։ 17 հավելվածները պատգամավորներին բաժանեցին հիմնականում նիստի օրը։ Նրանք մի քանի անգամ շուռումուռ տվեցին թվային աղյուսակների տեսք ունեցող հավելվածները, բնականաբար, ոչինչ չհասկացան։ Առանց ավելորդ ամոթխածության խոստովանեցին, որ դրանք բավական անհասկանալի են եւ հուսահատ հայացքները հառեցին համապատասխան (իմա՝ արհեստավարժ) հանձնաժողովին։ Պարզվեց, որ երկու շաբաթվա ընթացքում ֆինանսաբյուջետային մշտական հանձնաժողովը չէր էլ ծանոթացել տեղեկանք-հաշվետվություններին։ Արդյունքում հարցը գնաց երկար քննարկման։ Հունիսի 8-ին սկսվող հերթական նիստում կպարզվի, թե ինչպես վարվել այդ հաշվետվության հետ։ Հուսանք՝ կպարզեն ու կվարվեն։ Իսկ մինչ այդ, փորձենք որեւէ կերպ համակարգել տնտեսական այդ «հաշվետվությունը»։

Նախ նշենք, որ միմիայն դրական բնութագրի է արժանի կառավարության քաղաքական որոշումը վարկերի օգտագործումը հրապարակայնորեն քննարկելու համար։ Հնարավոր է, որ կառավարության կողմից սա քաղաքական իմաստով խիզախ քայլ է։ Բայց հաշվետվությունները մասնագիտական առումով խոցելի են։ Վարկային ծրագրերի իրագործման գրասենյակների տեղեկանքները միասնական ձեւ չունեն։ Չկա հաշվետվության ներկայացման միասնական ամսաթիվ։ Օրինակ, Հայաստանի ոռոգման համակարգի վերականգնման վարկի հաշվետվությունը ներկայացված է մարտի 1-ի դրությամբ, իսկ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության մասին հաշվետվությունը՝ հունվարի 1-ի դրությամբ։ Հնարավոր է, ամսաթվային այս խառնաշփոթի պատճառով է, որ պետական տարբեր օղակներ երկրի արտաքին պարտքի չափի մասին տարբեր թվեր են հրապարակում։ Մյուս կողմից հաշվետվություններում բազմաթիվ հակասություններ կան եւ ձեւակերպումներ, որոնք միանշանակ չեն ընկալվում։ Կարելի է ենթադրել, որ այս թերացումները պարզապես փորձի պակասի արդյունք են, եւ, ժամանակի ընթացքում արհեստավարժության որոշակի մակարդակ ձեռք բերելով, կառավարությանը կհաջողվի ձեւակերպել միասնական ու հասկանալի հաշվետվություն։ Իսկ հասարակությունն առայժմ ստիպված է բավարարվել ներկայացված տեղեկանքներով։
Ի՞նչ կա-չկա տեղեկանքներում
Լայն իմաստով վարկերը կարելի է բաժանել երկու խոշոր խմբի՝ ա. կոնկրետ ծրագրի համար եւ բ. «ազատ թեմայով» վերցված վարկեր։ Կոնկրետ ծրագրի համար, ասել է թե, օրինակ՝ ճանապարհների վերանորոգման, աղետի գոտու վերականգնման վարկ։ «Ազատ թեմայով» վարկերն ինստիտուցիոնալ բարեփոխումների վարկեր են։ Կառուցվածքային փոփոխություններ իրագործելու համար կնքված են վեց համաձայնագրեր։ Դրանցից լրիվ կամ մասամբ իրագործվել են հինգը, որոնց պայմանագրային ընդհանուր գումարը 138,96 մլն դոլար է։ Տեղեկանքներից դժվար է հաշվարկել, թե այդ գումարից որքան է ծախսվել։ Ըստ ԱԺ վերահսկիչ պալատի՝ ծախսվել է 133,7 մլն դոլար։ Կառավարության ներկայացրած հաշվետվության տվյալներից հնարավոր է հաշվարկել, որ ծախսվել է առնվազն 108,5 մլն դոլար։ Այսքան գումար պետական պարտքը կուտակվել է հետեւյալ նպատակների համար.
-ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունների դերի եւ ֆունկցիաների ուսումնասիրում եւ հստակեցում,
-սոցիալական օժանդակության ստրատեգիայի եւ աղքատության գծի որոշման համակարգի մշակում,
-գործազուրկների պատրաստման եւ վերապատրաստման աշխատանքների կազմակերպման պլանի մշակում։
Այս երեք կետն էլ ներառված են 1993թ. 12 մլն դոլարանոց վարկային ծրագրում։ Գումարները լրիվ ծախսված են։ Հետեւաբար կարելի է ենթադրել, որ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունների ֆունկցիաները վերջնականապես ճշտված են, սոցիալական օժանդակության ստրատեգիան մշակված է։ Բայց, որ ամենակարեւորն է (ուշադրություն դարձրեք՝ բառացի մեջբերում է-Ա. Գ.), գործազուրկները պատրաստված են։ Միամիտ մարդը կարող էր ենթադրել, որ գործազրկության այսօրվա մասշտաբները կառուցվածքային բարեփոխումների արդյունք են։ (Անկեղծ ասած, գոնե ես ճանաչում եմ մի քանի լուրջ մասնագետների, որոնք հենց այս կարծիքին են)։ Ինչեւէ։ Հանրապետության բյուջեն ուսումնասիրած ցանկացած մասնագետ կնշի, որ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունները թանկ նախարարություններ են։ Ամեն տարի որոշակի գումար հատուկ հատկացվում է այս նախարարություններին, որպես խրախուսման ֆոնդ։ Կառուցվածքային բարեփոխումների վարկերի հաշվետվությունից կարելի է ենթադրել, որ այս երկու՝ այսօր միացյալ տեսքով հանդես եկող նախարարությունները պարզապես շատ թանկ նախարարություններ են։ Ցնցողն այն է, որ 60 մլն դոլարանոց Կառուցվածքային բարեփոխումների վարկային I ծրագրի մասին հաշվետվության մեջ տող անգամ չկա։ Բացակայում է 58,6 մլն դոլարանոց Կառուցվածքային բարեփոխումների վարկային ծրագրի II օգտագործման մասին որեւէ ինֆորմացիա։ Վարկային յուրացումների մասին այսօր շատ է խոսվում։ Անմեղության կանխավարկածը, բնականաբար, որեւէ դատողություն չի թույլատրում անել։ Հետեւաբար, մենք կարող ենք խոսել միայն վարկային ծախսերի արդյունավետության մասին։ Որքանով էր նպատակահարմար 138 միլիոն դոլար արտաքին պարտք «շալակելը». դա, ի վերջո, Ազգային ժողովի գործն է։ Պատգամավորներն իրենք են հաստատել թե՛ վարկի չափը, թե՛ օգտագործման ծրագիրը։ Մեզ մնում է հաշվարկել, թե 14 մլն 134 հազար վարկային գումարներից որքան է ծախսել ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը եւ ինչ նպատակներով։ Համոզվեցի՞ք, որ անհասկանալի տեղեկանքներում, այնուամենայնիվ, հետաքրքիր տեղեկություններ կան։ Դե, ուրեմն, կարող եք նաեւ պատկերացնել, թե ինչու է «տակովն արած» կառուցվածքային բարեփոխումների վարկի հաշվետվությունը։ Անհասկանալի է միայն, թե ինչու այս փաստը չի նկատել նոր կառավարությունը։
ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930