Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀՇ-Ն ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՉԻ ԷԼ ԳՆԱՑԵԼ

Հուլիս 22,1998 01:36
Vano

Պարոն խմբագիր, եկեք պայմանավորվենք սկզբից եւեթ՝ ընթերցողին թյուրիմացության մեջ չգցենք, նաեւ չվախեցնենք քաղաքական ցնցումներով՝ չի վախենալու։ Վերջին ամիսների իմ հրապարակումների մեջ խոսք անգամ չի եղել «իշխանափոխության» մասին, եթե չասեմ հակառակը։ Սոցիալական ցնցումների մասին՝ առավել եւս, որովհետեւ ես Հայաստանում սոցիալական ցնցումների հող չեմ տեսնում։ Մեր ժողովրդին ոչնչով տեղից չես շարժի, բացի, թերեւս, սովը, որը, վստահ եմ, չի լինելու։ Ես ասում եմ՝ 99-ի գարնանը Ռոբերտ Քոչարյանը հրաժարական կտա Ղարաբաղի հարցի առիթով, չկամենալով ոչ պայմանագիրը ստորագրել, ոչ էլ պատերազմ սկսել։

Բայց Ռ. Քոչարյանի հրաժարականը չի նշանակում իշխանափոխություն, ինչպես Լ. Տեր-Պետրոսյանի հրաժարականը չի նշանակել իշխանափոխություն։ Պատահական չէ, որ ես իմ հրապարակումներում խնամքով խուսափում եմ «նոր իշխանություն» բառակապակցությունից եւ օգտագործում եմ կառավարիչներ։ Խնդրում եմ մարդկանց մի վախեցրեք ՀՀՇ-ի վերադարձով։ Ոչ թե այն պատճառով, որ դա վախեցնելու միջոց չէ, այլ որ ՀՀՇ-ն իշխանությունից չի էլ գնացել։ Պարզապես ես աշխատանքից ազատվել եմ։ (Առաջին անգամ՝ 96 թ., երկրորդ անգամ՝ 98 թ.)։ Պարզապես Արարքցյանի ու Սահակյանի փոխարեն ռադիոյով հիմա խոսում են Խոսրով Հարությունյանն ու Բազեյանը։ Պարզապես ԱԺ-ի «31»-երը հիմա քշում են «Երկրապահի» տղերքը։

Ճիշտ է, դաշնակցականները ազատվել են բանտից, բայց դա կարող էր անել նաեւ Լ. Տեր-Պետրոսյանը։ Ճիշտ է, ՆԳ-ից ձերբակալություններ են լինում, բայց այդ գործը սկսվել է ոչ թե Քոչարյանի, այլ Լ. Տեր-Պետրոսյանի օրոք։ Այնպես որ, իշխանության ժառանգականության վրա պնդելով՝ գարնան ընտրություններում ես ոչ թե մտածում էի իշխանության թեւում մնալ եւ ապահովագրել կազմակերպությունը (ամենավատ բաներին արդեն սկիզբ էր դրված 97-ին), այլ արձանագրում էի փաստը։ Եվ ընտրությունների սպասվող արդյունքը ըստ նորերի համար բարենպաստ քաղաքական մթնոլորտի՝ կախված չի լինում այնքան էլ ձայներից։

Եվ վերջում հավաստիացնեմ Ձեզ, պարոն խմբագիր, եթե ՀՀՇ-ն (Ձեր վարկածով) փորձի վերադառնալ, այսինքն՝ ձեւ անի, թե վերադարձել է, ձեւ անի, թե ինքն է կառավարում երկիրը, այդպիսի վերադարձի դեմ, բառիս բուն իմաստով, մարտնչողներից մեկը ես եմ լինելու։

Բարեկամաբար՝

ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031