Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՐՑՆ՝ ԱՌԱՆՑ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԻՔԻ

Դեկտեմբեր 18,2002 00:00

ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՐՑՆ՝ ԱՌԱՆՑ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԻՔԻ Սփյուռքի նկատմամբ Հայաստանի քաղաքականության մշակման գործում ՀԺԱՄ-ի, ԺԴԿ-ի, ՀՌԱԿ-ի, «Օրինաց երկրի» նման «խորհրդատուներ» ու «օգնականներ» ունենալով, երկրի իշխանությունների անելիքն ու որոշելիքն էլ ավելի է դժվարանում։ Իշխանությունների հենարանը համարվող այս կուսակցությունների ներկայացուցիչները եւ այլք երեկ «Սփյուռքահայերի ներդրումները Հայաստանում» թեմայով քննարկման շրջանակներում իրենց «առաջարկություններն» էին ներկայացնում նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանին։ Այդ «խորհուրդներն» ընդունելու պարագայում երկիրն էլ ոչ «Լինսիի» փողերը կտեսներ, ոչ էլ որեւէ այլ նվիրատվություններ։ Համոզվելու համար բավական է նրանց վերլուծական մտքի մի քանի գոհարներ նշել։ Օրինակ, ՀԺԱՄ կուսակցության նախագահ Սեյրան Ավագյանի ունեցած տվյալներով, հայաստանաբնակ յուրաքանչյուր քաղաքացի տարեկան 650 միլիոնի (որը ստացել է տրանսֆերտների միջոցով) ներդրում է անում հայաստանյան շուկայում։ Լավ է, որ երկիրը կառավարողները լսում են, բայց առանձնապես ելման կետ չեն ընդունում նման տվյալները։ Իսկ, օրինակ, Վոլգոգրադի հայերի ներկայացուցիչը սփյուռքահայ ներդրողների հետ հարաբերությունների հարցում կարեւորում է բարոյական կողմը. «Ասենք, սփյուռքահայերի համար պետական պարգեւներ հիմնվեն, նրանց հոբելյանները նշվեն պետական մակարդակով։ Հավատացեք, մեծ նշանակություն ունի»։ Նրան լսելով, փաստորեն, եթե մի օր Արա Աբրահամյանի հոբելյանը պիտի նշենք պետական մակարդակով, ապա, համեմատության կարգով, տարվա մի ամիսն էլ պիտի կոչենք Ալեք Մանուկյանի կամ Քըրք Քըրքորյանի անունով։ «ՕԵ»-ից Մհեր Շահգելդյանն, օրինակ, հարցերի հարցը պրոպագանդան է համարում. «Մեզ թվում է՝ պատկերացում ունենք սփյուռքի այսինչ գաղթօջախի մասին, սակայն տեղում ուրիշ բան ենք պարզում»։ Իսկ հաջորդ հայտնագործությունը հայկական ապրանքների արտահանման անհրաժեշտությանն էր վերաբերում, ինչը, իր հեղինակավոր կարծիքով, «կարող է բիզնեսի տեսանկյունից շահավետ լինել»։ Ո՜նց իշխանությունների մտքով չէր անցել։ Ի դեպ, պարոն Շահգելդյանն իր կարծիքը ձեւակերպելիս օգտագործում էր «դիսկրետ», «երկակի լոյալություն» եւ մասնագիտական գրականությունից քաղված այլ տերմիններ։ Իսկ Աշոտ Գալոյանը, թեեւ եվրոպական կառույցներում ներկայացնում է Հայաստանը, բայց դատողություններն ուրիշ աշխարհամասից էին։ Նա կարծում է, որ հրեաների նման, մեր բանկերն էլ չպետք է քննարկման առնեն սփյուռքի հայրենակիցների ներդրումային միջոցների ծագումը եւ այլն։ Պարզ է, որ Հայաստանն ունի լրացուցիչ միջոցների ներհոսքի կարիք, բայց, փաստորեն, պատգամավորն առաջարկում է պետական ու պաշտոնական մակարդակով դեմ գնալ մեր իսկ ստորագրած միջազգային պայմանագրերին։ Մի ուրիշ խորհրդատու էլ բողոքեց, թե ինչո՞ւ չասացիք, որ Հայաստանում հնդիկներն ավելի շատ ներդրումներ են արել։ Պարոն Թումանյանն էլ տեղին նկատեց, թե «մեր նախահայրերը հնդիկներ են եղել»։ Այս բոլոր «կառուցողական», «համազգային», «ազգապահպան» «ծրագրերին» ծանոթանալուց հետո ավելի ակնհայտ է դառնում «Լինսի» հիմնադրամի ծրագրերի արժեքը, որի վերաբերյալ վերջին տվյալները ներկայացրեց Արտաշես Թումանյանը։ Ըստ նրա, ճանապարհաշինության վրա ծախսվող 71 միլիոն դոլարը բավարար չի Հայաստանի ճանապարհային պրոբլեմը լուծելու համար, բայց ռազմավարական մի քանի խնդիրներ են լուծվել։ Իսկ Երեւանի փողոցների վերանորոգման համար «ինչքան աշխատանք հիմա է արվում, երկու այդքան էլ 2003-ին կարվի»։ Ամենալարված պահին 17-18, իսկ միջինը 11 հազար մարդու զբաղվածությունը «դրական իմաստով ցնցող էր Հայաստանի Հանրապետության համար»։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել