Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԱՏ ՍՑԵՆԱՐՆԵՐԻՆ» ՍՊԱՍԵԼԻՍ

Դեկտեմբեր 04,2004 00:00

«ՎԱՏ ՍՑԵՆԱՐՆԵՐԻՆ» ՍՊԱՍԵԼԻՍ Դժվար չէ նկատել, որ Ղարաբաղի հակամարտության խնդիրը ազգային նվիրական իղձից վերջին տարիներին աստիճանաբար վերածվեց յուրատեսակ շանտաժի՝ ընդդեմ երկրում կատարվելիք բարեփոխման անհրաժեշտության, ընդդեմ սահմանադրության եւ ժողովրդավարության: Ղարաբաղյան խնդիրը ներքին կայունությունը ըստ իշխանությունների պատկերացման պահելու հզոր փաստարկ է, ցանկացած անօրինականության օրինականության տեսք տալու հուսալի վարագույր, իշխանության հասնելու եւ իշխանափոխություն կատարելու հրաշալի պատրվակ, բռնապետական նկրտումները «սաղացնելու» անհերքելի ալիբի: Նույն խնդիրը շրջափակումը արդարացնող պատճառ է (եթե անտեսենք, որ շատ դեպքերում շրջափակումն օգտագործվում է որպես մի շարք ոլորտներում մենաշնորհ հաստատելու եւ թալանը յուրայինների միջեւ բաժանելու միջոց), ռեժիմի երկարակեցությունը ապահովելու մատչելի ձեւ, զինվորականությանը արտոնյալություն տալու, քաղաքացիական հասարակություն ձեւավորելու խոչընդոտ, արտաքին կողմնորոշումների պարտադրանքի կեղծ հիմք, իրական քաղաքականությունը առասպելներով նենգափոխելու հնար, եւ վերջապես՝ ընդդիմությանը կամազրկելու, դնչկալ դնելու եւ իշխանության հետ միասնություն կազմելու հարկադրանք: «Վատ սցենարների ակնկալիքով ապրող ժողովուրդ ենք»,- դառնանում է մեր պատմության խորագիտակ եւ ազգային հոգեկերտվածքով իմաստնացած Քոչարյանը, մոռանալով, որ ստեղծված վիճակի սցենարիստներից մեկը, եթե ոչ միակը, ինքն է: Այո, «ռազմիկը» լքում է լավատեսության դաշտերը՝ հոռետեսության հունդեր ցանելով անգամ զինակիցների հոգիներում: Եվ որերորդ անգամ Հայաստանը պարբերաբար նմանվում է մ.թ. առաջին դարի Երուսաղեմին, որտեղ հավերժորեն սպասում են փրկչին, որի գալուն, սակայն, այդքան հետեւողականորեն չեն հավատում: Իսկ ժողովուրդը դառնում է Հոբ Երանելի, որին միայն վատ լուրեր են սպասում: Դատելով հայաստանյան ներքաղաքական կյանքի վերջին տեղաշարժերից, նոր, սակայն միանգամայն կանխատեսելի զարգացումներ են սպասվում՝ երբեմն ինքնահոսի հասնող տարուբերումներով կամ իշխանափոխությունը կանխավայելելու ինքնահիպնոսի դրսեւորումներով: Իհարկե, երկու դեպքում էլ կաղավաղվի իշխանափոխության բուն նպատակը՝ երկրում օրինականություն հաստատելու գերխնդիրը, քանի որ ինքնահոսը անդառնալի կդարձնի կորուստները՝ ընդհուպ պետության անվտանգության երաշխիքի բացակայության, իսկ ինքնահիպնոսը ազգային ավանդական թմբիրի մեջ գտնվելու իներցիայով մեզ կկանգնեցնի դառն իրականության դեմհանդիման՝ առանց վատը վատթարից տարբերելու ընդունակության: Կա եւս ոչ պակաս կարեւոր պարագա, որ նույնպես կարելի է դասել արհեստական գրգռիչների շարքը: Ետընտրական անցած 18 ամիսների ընթացքում պետական քարոզչությունը հասավ այն բանին, որ հիմա նույնիսկ ամենաօբյեկտիվ վերլուծաբանները հանգեցին եզրակացության, թե գոյություն ունեցող ընդդիմությունը՝ հանձինս «Արդարություն» դաշինքի, սպառել է իրեն, որը այլ բան չի նշանակում, քան՝ իշխանությունն այլընտրանք չունի: Սա էլ մի այլ շանտաժ է, որ հնարավորություն է տալիս նոր ընդդիմության պահանջարկի անունից հրապարակ իջնելու ցանկացած ուժի: Դա իշխանությունների լարած մի այլ ծուղակ է, որովհետեւ չի գիտակցվում, որ նոր ընդդիմությունը օդից չի իջնելու եւ մինչ քաղաքական խաղատախտակի վրա կճշտվի ֆիգուրների դասավորությունը՝ ընդդիմության «կարկատաններով» նոր մոդիֆիկացիա ստեղծելու խաբկանքով, իշխանությունը բավականաչափ ժամանակ կունենա ղարաբաղյան հակամարտության լուծման վերջնագծին, եւ պալատական հեղաշրջման տարբերակով իշխանափոխությունը իրողություն կդառնա: Առաջիկա մեկ-երկու ամիսների քաղաքական զարգացումների տարբերակները քննելիս հարկ է մշտապես հիշել նաեւ, որ ճանաչելով Քոչարյանի լեգիտիմությունը, Արեւմուտքն ընդունեց մեր մենթալիտետը ինչպես որ կա, այսինքն՝ ճիշտ այնպես, ինչպես մենք ենք ընդունում: Դա երկակի չափանիշներով առաջնորդվելու հետեւանք չէ, այլ քաղաքական ռեալիզմի թելադրանք: Ղարաբաղի հակամարտության լուծման խնդիրը, ի վերջո, Արեւմուտքի համար Քոչարյանի «ճիտին պարտքն» է: Ուրիշ բան, որ Քոչարյանի ռեժիմի պահպանումը խոցելի դարձրեց պետությունը՝ նվազագույնի հասցնելով արտաքին մարտահրավերներին հակադարձելու կարողությունը: Բայց չէ՞ որ ամեն ինչ գին ունի: Ինչ խոսք, սրանում շատ արդարացում եւ քիչ մխիթարություն կա եւ կրկնակի ցավալի է, որ մեղքերի համար ամենաքիչը վճարելու է հենց մեղավորը, քանի որ «վատ սցենարի» դեպքում՝ մեղավոր ենք դառնալու բոլորս: ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել