Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՀՐԱԺԵՇՏ

Օգոստոս 02,2005 00:00

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՍԵՔՍՈՒԱԼ ԿՈՒԼՏՈՒՐԱ Որովհետեւ սեքսը միայն բնազդ չէ, այլեւ՝ գիտություն Օրգանիզմի այս բնածին հակումը մեր երկրում չի լուսաբանվում, ընտանիքներում գերադասում են այդ մասին չբարձրաձայնել, նույնիսկ՝ մայր ու աղջիկ կամ հայր ու տղա: Ավելին, մարդու չափահաս կյանքի, ինչպես նաեւ ընտանիքի համաչափ ու խաղաղ մթնոլորտի համար խիստ կարեւոր այս հանգամանքը հայերի պարագայում դեռեւս չի դարձել պատշաճ քննարկման թեմա: Այն, ինչ տեղեկանում ենք ամսագրերից ու ֆիլմերից, դեռ չի կարող համարվել փորձի ուղիղ փոխանակում կամ խնդիրների պարզաբանում: Սեքսուալ կյանքի մասին հայաստանցիների ունեցած «գիտելիքները» հարստացնելու նպատակով Երեւանում սկսել է գործել «Ինքնավստահության 36 ժամ» թեժ հեռախոսագիծը, որն ընդամենը փորձում է խորհուրդներով ուղղորդել զանգողներին դեղորայքի կամ անհրաժեշտ բժշկի հարցում: «Առավոտը» եւս փորձեց օգտվել այդ խորհրդատվությունից՝ ոչ միայն խորհուրդներ լսելու նպատակով: Հայտնի է, որ մեզանում սեռական կուլտուրան, հասարակության ընդհանուր կուլտուրայի բաղադրիչ մասը լինելով, նույնիսկ այսօր՝ 21-րդ դարում, իր մեջ ներառում է տարաբնույթ վիճելի հարցեր: Ասենք, ո՞րն է այս դաշտում գլխավոր խնդիրը: Թեժ գծից տեղեկացրին, որ տղամարդկանց մոտ դա սեռական ակտը «հարատեւ» դարձնելն է: Թեժ գծի հեռախոսավարուհին (մասնագիտությամբ՝ ուրոլոգ) ասաց, որ սովորաբար նորմալ համարվող 2-3 րոպեանոց ակտը 36 ժամվա ընթացքում՝ ցանկացած պահի կարելի է իրականություն դարձնել: Այդ հնարավորությունը տալիս է նոր «հրաշագործը»՝ «Սիալիս» անունով դեղամիջոցը: Այն, ի տարբերություն մինչ այժմ հայտնի «Վիագրայի», 36 ժամ օրգանիզմում պահպանում է սեռական ակտիվությունը: Բայց նախքան դեղահաբից օգտվելը, յուրաքանչյուրը պետք է իմանա իր խնդրի «պատճառագիտությունը», որովհետեւ հնարավոր է 2-3 հաբ ընդունելուց հետո արդեն սեռական հաջողված ակտերի թիվն ավելանա եւ դրանց կարիքն այլեւս վերանա: Հեռախոսավարուհին հավաստիացրեց, որ այլ օրգանների վրա այդ «հրաշքը» վատ ազդեցություն չի թողնում: Նրանից տեղեկացանք նաեւ, որ թե կանայք, թե տղամարդիկ հավասար ակտիվությամբ օգտվում են իրենց ծառայությունից: Զանգահարում են նաեւ մարզերից ու Արցախից: Անգամ 88 տարեկան տղամարդ է դիմել իր «տղամարդկությունը կատարելագործելու» հարցով: Ի տարբերություն «36 ժամի» հավաստիացումներին, թե իրենց դիմում են մեծ թվով հայաստանցիներ, սեքսապաթոլոգներն ունեն հակառակ կարծիք: «Հին գաղափարները պահպանվել են մարդկանց մեջ: Եվ մինչեւ համը դուրս չի գալիս, նրանք մասնագետի չեն դիմում: Պատճառն այն է, որ փոքրուց երեխաների մեջ սեռական հարցերի հետ կապված կաշկանդվածություն են մտցնում, նույնիսկ ամոթանք տալիս: Արդյունքում, սեռականը զուգակցվում է անհարմարության ու ամոթի հետ»,- «Առավոտին» ասաց սեքսապաթոլոգ Գեղամ Վարդանյանը: Ըստ նրա, մարդը սեռական դաստիարակություն պետք է ստանա ծնված օրվանից, իսկ այդ թեժ գծերը կամ հեռուստառադիոելույթները ընդամենը խորհրդատվական բնույթ են կրում: Անդրոլոգ, ուրոլոգ Ռաֆայել Բադալյանն էլ կարծում է, թե «Թեժ գիծը» անոնիմ է, այսինքն՝ կույր հարցազրույց, ինչի օգնությամբ «կոմպլեքսավորված» հայերը գոնե իրենց անհանգստացնող հարցերի պատասխանները կլսեն հեռախոսով. «Մեզ դիմում է պրոբլեմ ունեցողների միայն 10-15 տոկոսը: Աշխարհում 40- 70 տարեկան տղամարդկանցից յուրաքանչյուր երկրորդը ունի էրեկցիայի խնդիր, իսկ Հայաստանում 30-70 տարեկաններից՝ յուրաքանչյուր երկրորդը: Իհարկե սոցիալական վատ պայմանները եւս իրենց դերն են խաղում: Արդյունքում՝ տղամարդիկ դառնում են ագրեսիվ, դեպրեսիաների մեջ են ընկնում: Ժամանակները փոխվել են, եւ եթե հինգ տարի առաջ երիտասարդները խուսափում էին դիմել բժշկի, այժմ այդպես չէ: Նրանք գալիս են եւ անկաշկանդ բարձրաձայնում իրենց պրոբլեմների մասին: Մեզ մոտ սեռական հարցերին առնչվող պրոպագանդա չկա, պետական ծրագրեր այս ոլորտում քիչ են իրականացվում»: Աշխարհում բացահայտ ու անթաքույց բնույթ կրող սեքսուալ թեմայով քննարկումները մեզ մոտ սահմանափակվում են տարեկիցների հետ մասնակի ու ոչ անկեղծ զրույցներով: Հայերն այդ թեմայով եւ սեքսի մասին ընդհանրապես խոսել չեն ուզում: Փողոցում անցկացրած մեր հարցախույզի ընթացքում տարբեր տարիքի մարդիկ խուսափում էին նման «ամոթալի» հարցի շուրջ խոսել. մեկը ծիծաղում էր, մյուսը՝ պատասխանում տարօրինակ հայացքով, իսկ շատերն էլ «թուքումուր» տվեցին. «ազաբոչենի՞ եք, ինչ ա»: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել