Պուտինը ՀՀ ԱԺ ընտրություններից առաջ նախընտրեց թեժացնել հայ–ռուսական հարաբերություններում խնդիրների թեման եւ ՀՀ–ի՝ «ընտրություն կատարելու» պահանջը
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի եւ Ռուսաստանի նախագահները որոշեցին Եվրասիական միջկառավարական խորհրդում 2026թ. դեկտեմբերին կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստում ներկայացնել զեկույց Հայաստանի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետեւանքների վերաբերյալ։
ԵԱՏՄ անդամ չորս պետությունների ղեկավարներն անցյալ շաբաթ Աստանայում ընդունած հայտարարությամբ, որը հրապարակվեց Կրեմլի պաշտոնական կայքէջում, նաեւ շեշտել էին՝ «կիսում ենք այն դիրքորոշումը, որ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությունում հնարավորինս կարճ ժամկետում անցկացնել համազգային հանրաքվե՝ Եվրամիությանը անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում հետագա մնալու վերաբերյալ»։ Այս մասին ավելի վաղ խոսել էր նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Հայտարարության համաձայն, որոշումը կայացվել է՝ «հաշվի առնելով Եվրոպական միությանն անդամակցելուն ուղղված ՀՀ գործողությունները, այդ թվում՝ 2025-ին «Եվրոպական միության Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի՝ Ազգային ժողովի հավանությանն արժանանալը եւ նախագահի կողմից ստորագրվելը, ինչպես նաեւ Եվրոպական միության կողմից Հայաստանի Հանրապետության Կառավարության եվրոպական ձգտումների հաստատումը՝ արտահայտված Հայաստան-Եվրամիության առաջին գագաթնաժողովի արդյունքներով 2026թ. մայիսի 5-ին ընդունված համատեղ հռչակագրում»։ Հայտարարության հեղինակները պնդում են, որ Եվրոպական միությանն անդամակցելուն Հայաստանի պատրաստվելու հետ կապված էական ռիսկեր կան ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսական անվտանգության համար, ինչպես նաեւ անհրաժեշտ է «կանխել դրա հետ կապված վնասը Միության անդամ պետություններին»։
Կարդացեք նաև
Այս հայտարարության ընդունումից ավելի առաջ Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի հասանելիությունը ազատ առեւտրի համաձայնագրերին։ Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է մտածի, թե որ շուկա կգնա իր գյուղատնտեսական արտադրանքը, եթե ԵԱՏՄ-ի հետ տնտեսական կապերը խզվեն։ «Մենք ստիպված կլինենք տնտեսության ոլորտում Հայաստանի հետ մեր գրեթե ողջ աշխատանքը, որը վերաբերում է ինտեգրացիոն գործընթացներին, դադարեցնել։ Դա նշանակում է, որ Ռուսաստանում աշխատելու համար անհրաժեշտ կլինի արտոնագրեր գնել։ Դա նշանակում է, որ Պարտադիր բժշկական ապահովագրությունից օգտվելու համար պետք է բնակված լինել առնվազն հինգ տարի։ Եվ այդպես շարունակ։ Այնտեղ շատ պահանջներ կան։ Լրիվ ուրիշ պատմություն է։ Մենք պարզապես բոլորս պետք է հստակ, պարզ ու ազնվորեն խոսենք այդ մասին», – նշել էր Պուտինը։
ՌԴ նախագահը նաեւ ասել էր, որ էներգակիրների գների աճը Հայաստանի համար կհանգեցնի երկրի ՀՆԱ-ի առնվազն 14 տոկոսի կորստի. «Եվրոպայում գազի գինը շուրջ 600 եվրո է, իսկ Հայաստանի համար՝ շուրջ 150 եվրո։ Բայց սա միակ առավելությունը չէ»։ Ռուսական կողմն օրեր առաջ էլ սպառնացել էր՝ գազը կթանկանա, եթե Հայաստանը «ԵԱՏՄ-ից գնա ԵՄ»։
Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլեւն այնուհետեւ մանրամասներ էր ներկայացրել իր հայ գործընկերներին ուղղված նամակից, որում Մոսկվան զգուշացրել էր, թե կարող է դադարեցնել բնական գազի եւ նավթամթերքի մատակարարումը Հայաստանին։ «Ռուսաստանը դեռեւս այդ նամակի պատասխանը չի ստացել», ասել էր Ցիվիլեւը՝ հավելելով. «Նամակում մեր դիրքորոշումը շատ հստակ է ներկայացված։ Հայաստանը ստանում է ե՛ւ նավթ, ե՛ւ գազ բավականին շահավետ գներով։ Իհարկե, նույն գազի գինը Եվրոպայում բազմակի բարձր է»։ Նա պնդել էր, թե ռուսական կողմը նախազգուշացրել է Հայաստանին հնարավոր զարգացումների մասին. «Ուստի ես գրել եմ իմ գործընկերոջը, որ բոլորը նախապես իմանան, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Մենք չենք կարողանա մատակարարել նրանց գազ եւ նավթամթերք այն գնով, ինչով մենք մատակարարում ենք ներկայումս, եթե նրանք Եվրասիական տնտեսական միությունից գնան Եվրամիություն»։
Հայաստանի ԱԳՆ-ից հաստատեցին, որ ստացել են ՌԴ էներգետիկայի նախարարի նամակը։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանն ուղղված նամակը, ըստ ՀՀ ԱԳՆ խոսնակի, «փոխանցվել է, կուսումնասիրվի, եւ հայկական կողմն ըստ անհրաժեշտության կարձագանքի»։
Իսկ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ պատասխանելով Ռուսաստանի կողմից գազի հնարավոր թանկացման վերաբերյալ հարցին, նշել էր. «Մենք այս պահին բնականոն մատակարարումներ ունենք, մեր գործընկերների հետ ինտենսիվ կապի մեջ ենք, եւ եթե նույնիսկ ռիսկեր կան, այդ ռիսկերը կառավարելի են Հայաստանի Հանրապետության տնտեսության համար»։
Դե իսկ Պուտինի նախազգուշական սպառնալիքն այսպիսին է. «Արե՛ք այնպես, ինչպես հարկ եք համարում՝ ելնելով հայ ժողովրդի շահերից։ Եվ ինչպիսի որոշումներ էլ որ լինեն, դա չի փչացնի մեր հումանիտար կապերը, դա չի փչացնի մեր քաղաքական կապերը, բայց տվյալ դեպքում խոսքը զուտ տնտեսական հարթության մասին է։ Ամեն ինչ պետք է հաշվարկել, ուշադիր նայել եւ որոշում կայացնել»։ Միեւնույն ժամանակ Ռուսաստանի նախագահը ընդգծել էր՝ «այն ամենը, ինչ լավ է հայերի համար, ընդունելի է եւ լավ է Ռուսաստանի համար»։
Մոսկվայի գազային սպառնալիքն արդեն առավել քան հստակ է։ Հայաստանում, ռուսականից բացի, այլ գազ երբեք չի լինի, իրավիճակը շուկայական գնի դեպքում կարող է շատ բարդ լինել, «Վեստի»-ի եթերում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք շատ լավ գիտենք իրավիճակը գազի շուկայում։ Այնտեղ այլ գազ, բացի ռուսաստանյանից, երբեք չի լինի։ Ամբողջ հարցը միայն այն է՝ որտեղից Հայաստանը կստանա ռուսաստանյան գազը եւ ինչ միջնորդների կվճարի», ասել է Օվերչուկը։ «Հայաստանում կլինի շատ բարդ իրավիճակ։ Իսկ մենք դա չենք ուզում», – վստահեցրել է ՌԴ փոխվարչապետը։
Օվերչուկի խոսքով՝ Եվրոպան նախկինի պես ռուսական գազ է ստանում։ «Այդ իսկ պատճառով, նրանց սոսկ պետք է նայել քարտեզին։ Նայել, թե ինչ խողովակաշարեր են այնտեղ գործում նույնիսկ հիմա, անմիջապես կտեսնեն՝ ումից են ստանալու ռուսաստանյան գազը», պարզաբանել է ՌԴ փոխվարչապետը՝ հավելելով. «Դե, իհարկե, հաշվի առնելով արդեն արտահանման 30 տոկոս տուրքը, հաշվի առնելով, որ դա լինելու է շուկայական գին, դե նաեւ հաշվի առնելով, որ միջնորդները եւս կցանկանան եկամտի իրենց բաժինը ստանալ»։
Այսպես, Պուտինը հայաստանյան ընտրություններից առաջ նախընտրեց սրել հայ-ռուսական հարաբերությունների թեման՝ թեժացնելով «ընտրություն կատարելու» պահանջը։ Նա նախ անձամբ կոչ արեց՝ հնարավորինս արագ անցկացնել հանրաքվե՝ ԵԱՏՄ-ում կամ ԵՄ-ում Հայաստանի ապագայի վերաբերյալ։ Ապա արդեն ԵԱՏՄ անդամ մյուս երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղըզստանի ղեկավարների հետ համատեղ հայտարարությամբ Երեւանին հորդորեցին սեղմ ժամկետներում Եվրամիությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միությունում մնալու հարցով հանրաքվե անցկացնել։
Այսինքն, Ռուսաստանն ու Հայաստանի մյուս դաշնակիցները սպառնում են Երեւանին այն դեպքում, երբ ԵԱՏՄ կանոնադրությամբ անդամ երկրին հեռացնել չեն կարող։ ԵԱՏՄ պայմանագրով երկիրն ինքը պետք է ցանկանա դադարեցնել անդամակցությունը, թեեւ անդամները կարող են տարբեր ապրանքների ներմուծումների համար սահմանափակումներ կամ հավելյալ ստուգումներ մտցնել, ինչը եւ Ռուսաստանը վերջին շաբաթներին հետեւողականորեն իրականացնում է՝ մի քանի ուղղություններով։
Հայաստանի շուրջ իրադարձությունները զարգանում են մեծ արագությամբ. Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ խորհրդակցությունների։ Օրերս ՌԴ արտգործնախարարությունից նշեցին, թե պատճառը՝ «Եվրամիության հետ մերձեցման ուղղությամբ հայաստանյան ղեկավարության քայլերն են, որոնք վնաս են հասցնում փոխգործողությանը Եվրասիական տնտեսական միության շրջանակում»։
Հետաքրքրականն այն է, որ Ռուսաստանի եւ դաշնակիցների այս քայլերից մեկ օր առաջ՝ մայիսի 28-ին, ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը բավական մեղմ գնահատականներով էր հանդես եկել. «Եվրասիական տնտեսական միությունից ոչ միայն չենք պատրաստվում դուրս գալ, այլեւ պատրաստվում ենք մեր լծակները եւ մեր ներգրավվածությունը օգտագործել մեր երկրի տնտեսական շահերը պաշտպանելու համար»։ Նա նաեւ հավելել էր. «Ընդ որում՝ Եվրասիական տնտեսական միության պոտենցիալը ամբողջությամբ օգտագործված չի, որովհետեւ եթե դուք տեսնեք Հայաստանի եւ Ղազախստանի առեւտրաշրջանառությունը, սա շատ սահմանափակ է։ Եվ ի վերջո երկաթուղու բացմամբ Ադրբեջանի միջով Հայաստանի եւ Ղազախստանի, Հայաստանի եւ Ղրղըզստանի առեւտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու մեծ պոտենցիալ է ձեւավորվել»։ Փաշինյանը վստահեցրել էր. «ԵԱՏՄ-ում մենք պոտենցիալ էլ ենք տեսնում, եւ էլի ասում եմ՝ մենք առանց նյարդի, գործընկերային հանդարտ աշխատելու ենք եւ բոլոր հարցերը լուծենք»։
Ավելին, նա պնդել էր. «Հայաստանի զարգացող տնտեսությանը ես որեւէ սպառնալիք չեմ տեսնում, ընդհակառակը՝ հիմա Հայաստանի տնտեսության համար բացվում են անծայրածիր հնարավորություններ։ Էդ հնարավորությունների անկյունաքարը եւ առանցքը TRIPP նախագիծն է»։
Իսկ այս հայտարարությունից մեկ օր առաջ էլ Փաշինյանն, արձագանքելով Ռուսաստանից հնչող հայտարարություններին, նկատել էր, թե թանկացումներով սպառնալը անտրամաբանական է, քանի որ այդ սպառնալիքին կա պատասխան՝ «մենք շատ ավելի փող կունենանք, որ դա մեզ թանկ չթվա»։ Ընդգծելով՝ այսօր Հայաստանը դառնում է խաղաղության խաչմերուկ, նա նշել էր. «Դա նշանակում է, որ Հայաստանը ոչ թե հազարների կամ միլիոնների երկիր, Հայաստանը լինելու է միլիարդների եւ տրիլիոնների երկիր»։
Հունիսի 1-ին Փաշինյանը, ըստ երեւույթին, նպատակ ունենալով մեղմել վերջին օրերին հայ-ռուսական հարաբերությունների առնչությամբ Մոսկվայից հնչող տնտեսական պատժամիջոցների, սահմանափակումների ֆոնին անհանգստությունները, արձանագրեց՝ Հայաստանը զարգացնում եւ կարեւորում է Ռուսաստանի հետ հարաբերությունները, եւ որ Երեւանն աշխատում է ու շարունակելու է աշխատել ԵԱՏՄ-ում: «ՌԴ-ի հետ մենք հաստատում ենք նոր հարաբերություններ, ես համոզված եմ, որ մենք այդ գործում կհաջողենք՝ այդ թվում այն պատճառով, որ ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները բաց են, անկեղծ են, մենք ոչ մի մութ անկյուն չենք պահել այդ հարաբերություններում», ասաց նա։
Ուշագրավ հանգամանք էր, որ Փաշինյանն ընդգծեց. «Քանի դեռ Հայաստանը չի դիմել պաշտոնապես ԵՄ-ին անդամագրվելու համար կամ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակին շատ մոտ չէ, որեւէ հանրաքվե անելն անտրամաբանական է, քանի որ, ըստ էության, հիմնավորումը չկա»։ Ի դեպ, նույն օրը Պուտինն էլ շնորհավորեց Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ, ընդգծելով, որ Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները բարեկամական բնույթ են կրում, կա շահագրգռվածություն դրանց զարգացման հարցում:
Հիմա, առաջ է գալիս տրամաբանական մի հարց՝ հայաստանյան ընտրություններից երկու ամիս առաջ Ռուսաստանն ինչո՞ւ թեժացրեց Եվրամիության հետ Հայաստանի մերձեցման թեման, որի մասին Հայաստանի իշխանություններն առանձնապես չէին հիշում, երբ այդ թեման այդ գործընթացի ակտիվ ջատագովները նույնիսկ տեւական ժամանակ էր, ինչ չէին շոշափում։
Ամփոփումը՝ վաղվա համարում։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
02.06.2026


















































