Լրահոս
Օրվա լրահոսը

Ցեղասպանությունը՝ Վեգների լուսանկարներով

Հոկտեմբեր 26,2005 00:00

Ցեղասպանությունը՝ Վեգների լուսանկարներով Տիգրան Խզմալյանի նոր ֆիլմը Երեկ «Ինտերնյուսի» գրասենյակում կայացավ հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիայի նախկին տնօրեն Տիգրան Խզմալյանի «Արմին Վեգներ. ցեղասպանության լուսանկարիչը» ֆիլմի շնորհանդեսը: Բացի հայերենից, կա նաեւ ֆիլմի անգլերեն տարբերակը, պատրաստվում է ռուսերենը: «Ես միայնակ եմ արել ֆիլմը, բայց ցուցադրումն ու ներկայացումը թանկ հաճույք են: Այս ֆիլմը պիտի «Երեւան» ստուդիայում նկարվեր, ցուցադրվեր ԱՄՆ-ում եւ ներկայացվեր Եվրահանձնաժողովին, որովհետեւ վերջինս հենց հիմա է քննարկում Թուրքիայի անդամակցության հարցը: Սա պետական խնդիր է, մանավանդ Ցեղասպանության 90-րդ տարելիցն է: Անում եմ մի գործ, որը մեկ մարդու գործ չէ… ժամանակն է, որ մարդիկ, որոնք դրա համար գումար են ստանում ձեր վճարած հարկերից, զբաղվեն իրենց գործով»,- նեղսրտեց ռեժիսորը: «Առավոտի» դիտարկմանը, թե «Երեւան» ստուդիայի տնօրենի պաշտոնից ազատելուց հետո, ՀՀՌԽ նախագահ Ալեքսան Հարությունյանը խոստացել էր համագործակցել իր հետ, Խզմալյանն ասաց. «Թող համագործակցի, ո՞վ է խանգարում… բայց այս ֆիլմն իմ սեփական՝ AINEMRA ստուդիայում եմ նկարել»: Ռեժիսորի համոզմամբ՝ «Արմին Վեգներ. ցեղասպանության լուսանկարիչը» հետաքրքիր է նրանով, որ ինքը փորձել է նոր լույսի տակ ներկայացնել հայոց ցեղասպանությունը՝ օգտագործելով բացառիկ արխիվային կինոնյութեր՝ հայթայթված Գերմանիայից, ԱՄՆ-ից եւ Մեծ Բրիտանիայից: Օգտագործվել են նաեւ եղեռնի ականատես, զինվորական բժիշկ Արմին Վեգների լուսանկարներն ու նամակները՝ ուղղված հարազատներին ու աշխարհի մեծերին՝ սկսած ԱՄՆ նախագահ Վիլսոնից, վերջացրած Հիտլերով: 1916-ին գերմանական բանակի զինվոր Վեգները արտաքսվեց Թուրքիայից՝ հայկական ջարդերը լուսանկարելու համար, իսկ հետագայում Հիտլերը նրան քշեց համակենտրոնացման ճամբար: «Ինձ համար անչափ կարեւոր էր հարգանքի տուրք մատուցել այդ մարդուն, որի աճյունն այժմ Երեւանում է եւ երկրորդ՝ իմ տեսանկյունից ներկայացնել ցեղասպանության իրական դրդապատճառներն ու ենթատեքստը… Մենք այդպես էլ կարգին չհասկացանք, թե ինչ է կատարվել 100 տարի առաջ եւ հիմա էլ կանգնած ենք նոր սպառնալիքների ու մարտահրավերների առաջ, որոնց դեռ պատրաստ չենք դիմակայել»,- պարզաբանեց Տ. Խզմալյանը: Վեգների նամակները նա հայտնաբերել է Իտալիայում, ցավում է, որ մինչ այսօր հայերեն թարգմանված չեն: Խզմալյանի ֆիլմում քայլ առ քայլ բացահայտվում է Վեգներ մարդը, որը ականատես լինելով դարի մեծագույն ողբերգությանը՝ տառապում է: «Իմ արածը (հայոց ջարդերը լուսանկարելը- Գ. Հ.) համարվում է պետական շահերի դավաճանություն, բայց ես ուրախ եմ, որ գոնե այսպես կարող եմ օգնել այս դժբախտներին»,- գրում է նա նամակներից մեկում: Իսկ մեկ ուրիշ նամակում էլ ասում է. «Միգուցե միայն հին ժամանակներում վայրի ցեղերի՞ն էր վիճակված նման դժբախտություն: Ախր հայ ժողովուրդը տվել է բազմաթիվ տաղանդավոր մարդիկ… այս ժողովուրդը խոսում է աշխարհի բոլոր լեզուներով, նրանց կանայք սովոր են օգտվել նուրբ սպասքից ու նստել ճոճաթոռներում, ոչ թե անապատի ավազներում»: Հիշեցնենք, որ վերջերս միջազգային փառատոնին Հայաստանի ներկայացրած մշակութային մուլտիմեդիան՝ «Արամ Խաչատրյանի կյանքը եւ ստեղծագործությունը» (ծրագրի հեղինակ՝ Գարեգին Չուքասզյան), հաղթող ճանաչվեց: Այդ նախագիծը ներառում էր նաեւ Խզմալյանի մեկ այլ՝ «Արամ Խաչատրյանի դարը» ֆիլմը, որը չէր էլ արժանացել հայաստանյան հեռուստատեսությունների եւ «Ոսկե ծիրան» փառատոնի ուշադրությանը: Հուսանք՝ «Արմին Վեգներ. ցեղասպանության լուսանկարիչը» ֆիլմը Հայաստանում ըստ արժանվույն կգնահատվի: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել