Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

Մարտ 31,2009 00:00

Ֆիլոքսերայի դեմ պայքարին հարկավոր է մեծ աջակցություն

Տավուշի մարզի 2008-2011թթ. զարգացման ծրագրով նախատեսված է խաղողի այգիները 1330 հեկտարից հասցնել 2000 հեկտարի: Նպատակը բարի է, սակայն Տավուշի մարզում խաղողագործությունը ունի մեծ թշնամի, որի անունն է ֆիլոքսերա: Այս հիվանդությունը տարածված է հանրապետության հյուսիս-արեւելքում: Այլ հիվանդությունների դեմ քիմիական բուժումներն արդյունք են տալիս, իսկ ֆիլոքսերայի դեմ քիմիական պայքար գոյություն չունի: Անզեն աչքին անտեսանելի վնասատուն ունի տարածման երկու ձեւ՝ տերեւների վրա եւ արմատներին: Ֆիլոքսերա միջատը փչացնում է խաղողի արմատակալը, խոցեր առաջացնում, ինչն էլ սնկային հիվանդությունների պատճառ է դառնում եւ 8-10 տարի անց վազը չորանում է: Տավուշի մարզում ֆիլոքսերայի դեմ, թերեւս, միակ պայքարողը 1999 թվականին ՀՀ գյուղատնտեսության նախարարության ստեղծած գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնն է՝ ԳԱՄԿ-ն:

Կենտրոնի գործառույթներն են՝ ագրարային ոլորտում մասնագիտական, մարկետինգային ծառայությունների իրականացում, գիտական նորությունների ներդրում եւ այլն: Տավուշի ԳԱՄԿ-ը 55%-ով ֆինանսավորվում է պետբյուջեից, 35%-ով՝ Համաշխարհային բանկի վարկային միջոցներից, 10%-ն էլ՝ ինքնաֆինանսավորում է: Անցյալ տարի կառավարությունը կենտրոնի ինքնաֆինանսավորման չափը 30% էր սահամանել, սակայն այն իրատեսական չէր: Տավուշի ԳԱՄԿ տնօրեն Վահան Կարապետյանի խոսքերով՝ մարզում չկա վճարունակ ֆերմերների խավ, որն ի վիճակի լինի խորհրդատվության համար վճարել: Կենտրոնը մարզի գյուղապետարանների հետ պայմանագրեր է կնքել, որպեսզի դրանք տարվա կտրվածքով 25-30 հազար դրամ վճարեն: Փոխարենը ԳԱՄԿ-ը սեմինարներ եւ խորհրդատվություն է կազմակերպում համայնքներում, մասնագիտական օգնություն ցուցաբերում գյուղացիներին: Ֆիլոքսերայի դեմ պայքարի նպատակով կենտրոնը ստեղծման հաջորդ տարվանից աշխատանքներ է իրականացրել սահմանամերձ Այգեհովիտ գյուղում՝ ֆիլոքսերադիմացկուն պատվաստակալների կես հեկտարանոց մայրուտ ստեղծելու համար: Խորհրդային տարիներին նույն Այգեհովտի տարածքում գործում էր փորձարարական բազա: Այն հանրապետության հյուսիս-արեւելյան տարածաշրջանի համար ծառայում էր որպես ֆիլոքսերադիմացկուն արմատակալների աճեցման կենտրոն: Հենակետը Ադրբեջանի հետ սահմանագծին է, եւ հայ-ադրբեջանական հակամարտության ու հողի սեփականաշնորհման պատճառով այդ կենտրոնի գործունեությունը դադարել է: ԳԱՄԿ-ը Այգեհովիտում ստեղծել է ֆիլոքսերադիմացկուն «5 բբ կոբեր» պատվաստակալի մայրուտ: Մայրուտի տեսականին համալրվել է 2003 թ. գարնանը ԱՄՆ գյուղդեպարտամենտի ֆինանսավորմամբ Նյու Յորքի Քոռնելի համալսարանի գենետիկական ռեսուրսների լաբորատորիայի տրամադրած 5 սորտի, ընդհանուր առմամբ 550 հատ, ֆիլոքսերադիմացկուն պատվաստակալներով: 2003թ. տնկարանում առաջին անգամ կատարվել է շրջանացված սորտերի պատվաստ: Նույն թվականի գարնանը 1 հեկտար տարածքում հիմնվել է խաղողի մայրուտային այգի, որի համար օգտագործվել են Ֆրանսիայից ներկրված, Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոնի (QARD) կողմից նվիրաբերված Կաբեռնե Սովինյոն, Շառդոնե, Մեռլո, Պինո Նուառ, Սովինյոն Բլան, Շիրազ սորտերի ընդհանուր առմամբ 3000 հատ արմատակալներ (յուրաքանչյուր սորտից՝ 500 հատ): Շատ ջանքեր պահանջվեցին բավական ուշացումով ստացված տնկանյութը տնկելու, խնամելու, 2006-ի գարնանային ցրտահարության վնասները վերականգնելու համար: Վահան Կարապետյանը հպարտությամբ է ցուցադրում ԳԱՄԿ-ի աշխատանքների ալբոմը: Նկարները վկայում են տնկարանի տարածքից հանված տոննաներով քարի, ոռոգման 60 տոննանոց ցիստեռնի տեղադրման եւ այլ դժվարին գործերի մասին: Պատվաստացու մայրուտ այգում QARD-ը ներդրել է Տավուշի մարզում առայժմ միակ կաթիլային ոռոգման համակարգ: Պատվաստակալների մայրուտից հնարավոր է տարեկան 20-25 հազար կտրոն վերցնել եւ դրանց վրա պատվաստ կատարել: Նման կերպ հնարավոր է ամեն տարի 7-8 հա խաղողի ֆիլոքսերադիմացկուն այգի հիմնել: ԳԱՄԿ-ի աջակցությամբ՝ 1 հա ֆիլոքսերադիմացկուն այգի է հիմնվել Նոյեմբերյանի տարածաշրջանում, 0.5 հա՝ Բերդի տարածաշրջանի Վարագավանում: Սակայն մեծ քանակությամբ խաղողի պատվաստ կատարելու եւ որակյալ արմատակալներ ստանալու համար Տավուշի ԳԱՄԿ-ը կարիք ունի պատվաստի գործիքների, ստրատիֆիկացիայի համար շենքային պայմանների եւ փոքր տրակտորի: Տրակտորը տրամադրելու խնդրանքը գյուղնախարարությունը մերժել է: Կենտրոնը Տավուշի մարզի ֆերմերներին ներկայացնում-ապացուցում է գյուղատնտեսական առաջավոր տեխնոլոգիաների ներդրման կարեւորությունը, սակայն ԳԱՄԿ-ի տնտեսությունում սրսկումները հարկադրված կատարում են «պապական» եղանակով՝ մեջքին սրսկիչով: Ֆիլոքսերադիմացկուն արմատակալներ ստանալու համար շատ էական է ստրատիֆիկացիան: Այս դեպքում արմատակալի կպչողականությունը 90-95% է, մինչդեռ առանց ստրատիֆիկացիայի՝ արմատակալի կպչողականությունը 25-30% է: Տավուշի ԳԱՄԿ-ի աշխատակիցները ստրատիֆիկացիայի համար ինքնաշեն սարք են ստեղծել, որով պատվաստակալների վրա կտրվածքներ են անում: 2007-ին գյուղնախարարը այցելելով ԳԱՄԿ-ի մայրուտային այգի՝ տպավորվել էր տնտեսության հաջողություններից եւ խոստացել այգում կառուցել շենք՝ ուսուցողական սեմինարների համար: Սակայն շենքն այդպես էլ չի կառուցվել:

Տավուշի մարզի զարգացման ծրագրով նախատեսված էր 2005-2007 թթ. ընթացքում ամեն տարի հիմնել 200 հա խաղողի այգի: Մարզի ո՞ր տարածաշրջաններում են հիմնվել այդ այգիները, արդյոք դրան հիմնվե՞լ են: Այս հարցերի պատասխանները տալուց առաջ պետությունը ֆիլոքսերայի դեմ պայքարին մեծ աջակցություն պիտի ցուցաբերի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել