Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԸ ԿԱՆԱՉԱՊԱՏԵԼՈՒՆ ԴԵ՞Մ ԵՆ

Մայիս 05,2009 00:00 Share

\"\"Քաղաքային իշխանությունները գտնում են, որ Երեւանում բավականաչափ կանաչ զանգված կա

Վերջին տարիներին Երեւանի քաղաքային իշխանությունների կողմից իրականացվող կանաչապատման աշխատանքները սահմանափակվում են ընդամենը օրեցօր պակասող ծառերի սեզոնային էտմամբ եւ գարնանը քաղաքի որեւէ ծայրամասում իրականացված PR ծառատունկով: Ընդ որում, որպես կանոն, նորատունկ ծառերը, պատշաճ կերպով չոռոգվելով, կարճ ժամանակ անց չորանում են եւ ծառատունկից որպես հուշ մնում են միայն քաղաքի բյուջեից դուրս գրված կլորիկ գումարների մասին նշումները եւ ֆոտոխցիկների առջեւ կեցվածք ընդունած պաշտոնյաների լուսանկարները: Անկախությունից ի վեր Երեւան քաղաքում չի իրականացվել կանաչապատման ոչ մի համաքաղաքային ծրագիր, խորհրդային տարիներին քաղաքի հատակագծով կառուցված կանաչ գոտիների մեծ մասն էլ վաղուց արդեն կառուցապատված է: Իսկ այսօր Երեւանը բառացիորեն կորած է փոշու մեջ: Դեռեւս նախորդ տարի բնապահպանության նախարարության կողմից հրապարակված գնահատականներով՝ քաղաքի կենտրոնում փոշու մակարդակը 2 տասնյակ անգամ գերազանցում է թույլատրելի սահմանը: Երեւանի կանաչապատման խնդիրների մասին խոսելիս քաղաքապետարանի պաշտոնյաներն անմիջապես բողոքում են ֆինանսական միջոցների անբավարարությունից, նշելով, որ հատկապես մեր կլիմայի եւ քայքայված ոռոգման համակարգի պայմաններում կանաչապատումը բավական թանկ հաճույք է: Մինչդեռ հայ գիտնականների կողմից հայտնագործված «Հույսիտ» պոլիմերամիներալային համակազմը հնարավորություն է տալիս էականորեն նվազեցնելով կանաչապատման ծախսերը՝ միաժամանակ բարձրացնել ծառերի կպչելիությունը: «Հույսիտ» պոլիմերի հեղինակային խմբի ղեկավար, երկրաբանա-հանքաբանական գիտությունների թեկնածու Ռոբերտ Յադոյանի խոսքերով, բաղադրանյութով մշակված հողում տնկված ծառերի 95–97%-ը կպչում է. «Մենք դա մեր փորձարկումների միջոցով ենք ապացուցել, բայց պարզվում է, որ քաղաքապետարանին ավելի շատ ձեռնտու է ծախս անել, ամեն անգամ փող դուրս գրել, քան թե՝ որ այդ ծառերը կպնեն»: Ըստ գիտնականի, իրենք բազմիցս են դիմել քաղաքային իշխանություններին՝ առաջարկելով քաղաքում հատկացնել որեւէ տարածք, որտեղ իրենք կարող են փորձարկումներ կատարել՝ ի տես բոլորի. «Մենք նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի հետ հանդիպեցինք եւ առաջարկեցինք, որ անգամ նյութը կստանանք մեր հաշվին: Սակայն կրկին՝ ոչ մի արձագանք: Քաղաքապետն այդքան գլուխ էր գովում, թե իրենք ձրի կերպով կանաչապատում են քաղաքը եւ այլն, սակայն ոչինչ չարեց»:

Այդ առիթով մենք զրուցեցինք Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Սուրեն Մաքսապետյանի հետ, որը քաջատեղյակ էր «Հույսիտի» մասին: Ըստ նրա. «Ընդհանուր կանաչապատման դեպքում «Հույսիտը» կարող է ունենալ զգալի դրական արդյունք: Սակայն բաղադրանյութի հեղինակների կողմից այնպիսի աստղաբաշխական թվեր են պահանջվում, որ դա այսօրվա դրությամբ ֆինանսապես նպատակահարմար չէ»: Մինչդեռ «Հույսիտի» հեղինակը պնդում է, որ 1 հեկտար հողը բաղադրանյութով մշակելու համար անհրաժեշտ է ընդամենը $300: Գիտնականի հավաստմամբ՝ 32 գյուղատնտեսական կուլտուրաների վրա կատարված բազմաթիվ փորձերը ցույց են տվել, որ «Հույսիտը», կլանելով ջուրն ու այն երկար ժամանակ իր մեջ պահելով, 40%-ով նվազեցնում է ոռոգման ծախսերը եւ ապահովում բարձր բերքատվություն ու երկարատեւ կանաչապատում: Հավելենք նաեւ, որ բաղադրանյութի պիտանելիության նվազագույն ժամկետը համարվում է 5 տարին: Գիտնականի խոսքերով, քաղաքային իշխանություններն իր գյուտն անուշադրության են մատնել, որովհետեւ. «Դա իրենց ձեռնտու չէր, քանի որ այս դեպքում մի անգամ կանաչապատումը երկար ժամանակ կծառայեր, իսկ այդպես նրանք լավ էլ փող են աշխատում՝ ամեն անգամ գումարներ դուրս գրելով կանաչապատման համար: Բոլորը թալանչի են»:

Անցած աշնանը ԱԺ-ում կազմակերպված լսումների ընթացքում Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը հայտարարեց, որ առաջիկայում պատրաստվում են իրականացնել շենքերի ճակատների եւ տանիքների կանաչապատում: Մեզ հետ զրույցում Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Ս. Մաքսապետյանը տեղեկացրեց, որ այդ նպատակով արդեն իսկ տնկարանային տնտեսություններում աճեցվում են համապատասխան բուսատեսակներ՝ մագլցող վազեր, թփեր եւ լիանաներ: Ըստ պաշտոնյայի՝ «2 տարի հետո մենք արդեն կունենանք բավականաչափ քանակությամբ բույսեր՝ իրականացնելու շենքերի ճակատների ուղղահայաց կանաչապատումը: Արդեն իսկ ընտրել ենք կանաչապատման ենթակա շենքերն ու փողոցները»:

Ինչ վերաբերում է մայրաքաղաքի տանիքները կանաչապատելու ծրագրին, ապա այն, ինչպես պարզվեց, կարող է իրականություն դառնալ միայն սակավաթիվ նորակառույց շենքերում: Ըստ քաղաքի կանաչապատման պատասխանատուի. «Դրանք հիմնականում նորակառույցներն են Հյուսիսային պողոտայում, Արամի փողոցի շրջակայքում, «Մոսկվայի տունը» եւ այլն: Այդ շենքերում առկա է համապատասխան ջրամեկուսիչ շերտը, ինչն էլ հնարավորություն կտա կանաչապատում իրականացնել»: Իսկ մայրաքաղաքի գլխավոր փողոցների մնացած շենքերում, ըստ Ս. Մաքսապետյանի, կանաչապատումը բացառվում է, քանի որ դա կվնասի վերին հարկերը: Մինչդեռ «Հույսիտ» պոլիմերի հեղինակն այս դեպքում էլ է լուծում առաջարկում. «Տվեք ինձ տարածք եւ ասեք կանաչապատիր այն: Ես այդ հողակտորն ամբողջովին կպատեմ տասը սմ հատուկ շաղախով, ինչը կապահովի լիակատար ջրամերժություն: Այնուհետեւ կլցնեմ բուսահողը, որի մեջ եւս համապատասխան քանակությամբ կլինի տվյալ նյութը եւ այլեւս վերջ, երաշխավորում եմ լիակատար կանաչապատված եւ անջրթափանց տանիք»:

Գիտնականի հաշվարկներով, 200 քմ տարածքի նման անջրթափանց ընդհանուր կանաչապատման ապահովման համար անհրաժեշտ է $2000: Իրոք որ «աստղաբաշխական թիվ» է: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ պիտանելիության ժամկետն էլ ավելի երկար է, քան քաղաքային իշխանությունների պաշտոնավարման ժամկետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել