Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրատլանտյան ինտեգրումն ազգային անվտանգության սկզբունքներից մեկն է»

Մայիս 05,2009 00:00 Share

\"\"Հարցազրույց «Հանրապետական այլընտրանք» հասարակական միավորման համահիմնադիր Էրկին Գադիրլիի հետ

– Ադրբեջանում կա՞ երկրի համար հրատապ խնդիրների լուծման գործում եվրոպական եւ միջազգային այլ կազմակերպությունների հնարավորությունների ու դերի ադեկվատ ընկալում:

– Ավելի շուտ՝ ոչ, քան՝ այո։ Դա բացատրվում է մի քանի գործոններով։ Չեն գործում պաշտոնապես հայտարարված հանրապետական ինստիտուտները, էապես սահմանափակված են քաղաքական եւ տնտեսական ազատությունները, գործնականում չկան իշխանությունների քաղաքականության վրա ազդելու իրական հնարավորություններ։ Երբ չկա քաղաքացիական հասարակություն, տեղի է ունենում մարդկանց օտարում երկրի խնդիրներից։ Մարդիկ կենտրոնանում են կարճաժամկետ եւ անմիջապես իրենց վերաբերող խնդիրների վրա։ Ավելի ընդհանուր եւ երկարաժամկետ հարցերն ընկալվում են որպես բեռ, որն ավելի լավ է դնել ուրիշների ուսերին։ Իշխանությունների նկատմամբ վստահության եւ նրանց քաղաքականության վրա իրապես ազդելու հնարավորությունների բացակայության պայմաններում, հասարակությունը գրեթե անխուսափելիորեն (առնվազն՝ սկզբնական շրջանում) սկսում է միջազգային կազմակերպություններից ակնկալել այնպիսի հարցերի լուծում, որոնք այդ կազմակերպությունները կոչված չեն լուծելու։ Բայց դա, որպես կանոն, երկար չի տեւում։ Խնդիրները մնում են չլուծված, եւ դա արագ հանգեցնում է հիասթափության։

Պատահում է, որ որոշ միջազգային կազմակերպությունների անարդյունավետությունը (իրական կամ թվացյալ) հասարակական ընկալման մեջ տարածվում է բոլոր մնացածների վրա։ Դա կատարվում է գրեթե առանց տարբերակման նաեւ այն պատճառով, որ հասարակությունն իրեն նեղություն չի տալիս՝ հասկանալու այդ կազմակերպությունների կանոնադրական նպատակները եւ գործունեության կարգը։ Թվում է, թե իշխանություններն էլ, եթե չասենք՝ շահագրգռված են դրանով, ապա առնվազն օգտվում են այդ իրավիճակից։ Մարդու իրավունքների խախտման, ընտրությունների կեղծման եւ այլ բաների հետ կապված միջազգային քննադատությունը իշխանությունների կողմից օգտագործվում է որպես առիթ՝ քաջալերելու բացասական վերաբերմունքը միջազգային կազմակերպությունների նկատմամբ։

Իր դերն է խաղում նաեւ նախապատվությունների տարբերությունը, ինչպես նաեւ սխալ պատկերացումն այն մասին, թե որ հարցերն են համարվում ներքին եւ որոնք՝ արտաքին։ Օրինակ՝ երբ կառավարությունը մարդու իրավունքները սխալ ձեւով պատկերացնում է որպես բացառապես ներքին խնդիր, իսկ հասարակությունն առաջին հերթին ակնկալում է այն խնդիրների լուծումը, որոնք կապված են զինված հակամարտության հետեւանքների հետ, ապա միջազգային կազմակերպությունների համար շատ դժվար է հասնել այդպիսի հասարակության մեջ սեփական դերի ադեկվատ ընկալման։

Հասկանալի է՝ քիչ չեն նաեւ այնպիսի խնդիրները, որոնց աղբյուրը հենց իրենք՝ միջազգային կազմակերպություններն են։

– Հայաստանը եւ Ադրբեջանը միաժամանակ դարձան ԵԽ անդամ եւ ստանձնեցին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման պարտավորությունը։ Արդյոք ԵԽ-ում (օրինակ՝ ԵԽԽՎ-ում) ընդունված որոշումները, նրա առջեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ստանձնած պարտավորություններն ազդեցություն ունե՞ն ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի վրա։

– Այստեղ կարեւոր է նշել, որ միջազգային իրավունքում կա ոչ թե հակամարտության, այլ վեճերի խաղաղ կարգավորման սկզբունք։ Հենց այդպես է գրված ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, ԵԱՀԿ-ի փաստաթղթերում եւ այլն։ Պետությունները, ըստ միջազգային իրավունքի, պարտավոր են վեճերը լուծել խաղաղ ճանապարհով։ Իսկ երբ վեճը վերաճում է հակամարտության, այնժամ սկսում է գործել անհատական եւ հավաքական պաշտպանության իրավունքի սկզբունքը։ Իրոք, երբ Ադրբեջանը եւ Հայաստանը մտան Եվրախորհուրդ՝ ստանձնեցին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման պարտավորությունը։ Սակայն այդ պարտավորությունը գործում է միայն Եվրախորհրդի սահմաններում, կարեւոր է նրա համար, քանի որ չի ցանկանում իր կազմում ունենալ պատերազմող կողմեր։ Այս առումով՝ տվյալ պայմանը խելամիտ է, բայց չի կարող ունենալ ավելի մեծ իրավաբանական ուժ, քան սովորական միջազգային իրավունքով եւ ՄԱԿ-ի կանոնադրությամբ երաշխավորված ինքնապաշտպանության իրավունքը։ Եվրախորհուրդն անմիջապես չի զբաղվում ղարաբաղյան հակամարտությամբ։ Այդուհանդերձ, ԵԽԽՎ-ն ժամանակ առ ժամանակ քննարկում է խնդիրը։ Օրինակ, 2005թ. այն ընդունեց երկու որոշում՝ թիվ 1416 եւ 1690։ Դրանք ունեն նաեւ հանձնարարական մաս։ Օրինակ՝ հակամարտության կողմերին խորհուրդ է տրվում գործի դնել ՄԱԿ-ի Միջազգային դատարանի մեխանիզմները։

– ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ։ Հաշվի առնելով իրադարձությունների հետօգոստոսյան զարգացումները տարածաշրջանում եւ ընդհանրապես միջազգային հարաբերություններում՝ այսօր Մինսկի խմբի ձեւաչափը փոխելու կամ այն ուրիշ կառույցներով փոխարինելու անհրաժեշտություն կա՞։

– ԵԱՀԿ Մինսկի խումբն ընդամենը միջնորդական ձեւաչափ է։ Այն անկարող է լուծել հակամարտությունը։ Լուծումը կախված է հակամարտող կողմերի կամքից, նրանց անկախության աստիճանից։ Մինսկի խումբն ինքը շատ վաղուց ամբողջ կազմով չի հավաքվել։ Ինձ թվում է, թե Ադրբեջանի եւ Հայաստանի հասարակությունները նույնիսկ մոռացել են, թե ինչ պետություններ են մտնում այդ խմբի մեջ։ Դրանք տասնմեկն են՝ Ադրբեջանը, Հայաստանը, Թուրքիան, Չեխիան, Սլովակիան, Շվեդիան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Իտալիան եւ Բելառուսը։ Մշտապես հավաքվում են միայն համանախագահները՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ռուսաստանը։ Համանախագահ երկրներից յուրաքանչյուրն ունի իր աշխարհաքաղաքական շահերը։ Քանի որ նրանք ընդամենը միջնորդներ են, ապա պատասխանատվություն չեն կրում հակամարտության լուծման հնարավոր տարբերակի համար։ Կոպիտ ասած՝ նրանց համար միեւնույն է, թե ինչ ճակատագիր կունենա Ղարաբաղը։ Ադրբեջանի եւ Հայաստանի՝ որպես երկրների, նշանակությունը չափազանց փոքր է, որպեսզի ԱՄՆ-ը եւ Ռուսաստանն (ավելի պակաս չափով՝ Ֆրանսիան) խնդրի լուծմանը մոտենան՝ հաշվի առնելով հակամարտ կողմերի շահերը։ Ղարաբաղը միայն մի փոքրիկ դրվագ է շատ ավելի նշանակալի առճակատման մեջ։ Մինսկի խմբի համանախագահներն անկարող են միմյանց միջեւ փոխզիջման հասնել, թեեւ այդ մասին երբեք բացահայտ չեն խոսում։ Նրանց տեսակետից՝ այն բանից, թե ինչպես կլուծվի ղարաբաղյան հակամարտությունը, կախված կլինի հետագա աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում, որը, ի թիվս այլ բաների, որոշվում է հակամարտող երկրների՝ Ադրբեջանի եւ Հայաստանի կողմնորոշմամբ։

Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխության հարցը վաղուց է հասունացել։ Ադրբեջանն ինչ-որ բան նախաձեռնելու երկչոտ փորձեր է անում։ Հարցերը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քննարկմանը ներկայացնելը եւ վերջինիս կողմից որոշում ընդունելը կարելի է համարել այդպիսի փորձերից մեկը։ Ադրբեջանին ձեռնտու է խնդրի ունիվերսալացումը, իսկ Հայաստանին, թվում է, ընդհակառակը։ Հեգնական է, բայց ունիվերսալացմանն ընդդիմանում են նաեւ Մինսկի խմբի համանախագահները։ Ադրբեջանը հենվում է միջազգային իրավունքի վրա, որը, եթե կարելի է այդպես արտահայտվել, ամբողջովին նրա կողմից է։ Ուստի՝ ունիվերսալացման ցանկությունը լիովին արդարացված է։ Թեեւ բոլորն էլ հասկանում են դա, այդուհանդերձ, գերադասում են հարցը տեղայնացնել՝ այն հանգեցնելով բանակցային ձեւաչափին եւ խուսափելով իրավական լուծումից։

– Ժամանակակից միջազգային հարաբերությունների պայմաններում միջազգային ո՞ր կառույցների հետ համագործակցությունն է Ադրբեջանում ընկալվում որպես անհրաժեշտություն սեփական անվտանգության ապահովման համար:

– Եթե հիմնվենք տարատեսակ հարցումների վրա, ապա հասարակությունն ավելի տրամադրված է դեպի Եվրամիություն եւ ՆԱՏՕ։ Նույնիսկ ազգային անվտանգության պաշտոնական հայեցակարգում, որը հաստատվել է նախագահի կողմից, եվրատլանտյան ինտեգրումը նշվում է որպես ազգային անվտանգության սկզբունքներից մեկը։ Այսինքն՝ այստեղ ամեն ինչ շատ թե քիչ պարզ է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել