Լրահոս
Օրվա լրահոսը

«ՃԻՃՎՈՏԱԾ ՄՈՐՈՒՔՆԵՐՈՎ» ԵՎ «ԱՍԵՂԱՉԱՓ ՔԹԱՆՑՔՈՎ»

Հուլիս 07,2009 00:00 Share

ՀԳՄ հերթական համագումարը՝ դարձյալ ոչ գրական մտահոգություններով

Շաբաթ օրը կայացավ Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) հերթական համագումարը: Ձեւականորեն առաջադրվեց 5 թեկնածու՝ Լեւոն Անանյան, Ռազմիկ Դավոյան, Էդվարդ Միլիտոնյան, Դավիթ Մուրադյան ու Դավիթ Գասպարյան։ Վերջին երեքը ինքնաբացարկ հայտարարեցին։ Բնականաբար, ձայների գերակշիռ մեծամասնությամբ (197 ձայն) ՀԳՄ նախագահ վերընտրվեց Լեւոն Անանյանը, իսկ Ռազմիկ Դավոյանը վաստակեց ընդամենը 29 քվե: Պատճառները մի քանիսն էին. նախ ի սկզբանե որոշված էր, որ հենց Անանյանն էլ անցնելու է, երկրորդ՝ փաստորեն Անանյանին լեգիտիմ նախագահ դարձրեց նրան տանել չկարողացող «Նոր դար» գրական ընկերության տնօրեն Աբգար Ափինյանը՝ նրա անվան շուրջ աղմուկ առաջացնելով: Պարզ ճշմարտություն է՝ հակագովազդն էլ յուրօրինակ գովազդ է: Պարոն Անանյանը հ/կ-ների պրակտիկայում գոյություն չունեցող քայլ էր արել. որոշել էր, որ համագումարը պիտի լուսաբանեն միայն հավատարմագրված լրագրողները, իսկ դրանք իր ցանկությամբ շատ չէին: Ներս չթողեցին հատկապես հեռուստաընկերություններին, «ԱՐ»-ին՝ մասնավորապես: Պարոն Անանյանի եւ «Գրանդ հոլդինգի» ու «ԱՐ»-ի սեփականատեր Հրանտ Վարդանյանի թշնամությունը գալիս է խորհրդարանական ընտրություններից: Լ. Անանյանը նույնիսկ ծաղրեց լրագրողներից ոմանց, թե լցոնում կկազմակերպենք, որ սենսացիոն նյութ ունենաք գրելու:

Մինչ ընտրությունը, ՀԳՄ նախագահի թեկնածուները ներկայացրին իրենց ծրագրերը, հուշեր պատմեցին անցյալից՝ իրենց ու իրենց արածի կարեւորության մասին, հնչեցին այլ գրողների ելույթներ եւս:

ՀԳՄ նախկին նախագահ Ռազմիկ Դավոյանը, օրինակ, հիշեց, որ ԽՍՀՄ տարիներին միութենական ամենաբարձրագույն մարմինների ոտնձգությունից փրկել է ՀԳՄ սեփականությունը, անգամ աթոռակռիվ արել հանուն դրա: Դավոյանը, դիմելով գրչակիցներին, ասաց. «կուզեք ընտրեք, կուզեք մի՛ ընտրեք, ամեն ինչ ձեր համար է արվում»: Խոստացավ բարելավել նրանց սոցիալ-կենցաղային պայմանները:

Անանյանն էլ կատարվածն ու կատարվելիքը ներկայացրեց ոչ միայն բանավոր, այլեւ առանձին գրքույկով: Ասաց, որ Քանաքեռի մի բլուրում գրողներին տարածք է տրվել, նրանց համար կոոպերատիվ շենք է կառուցվելու:

Վարդան Վանատուրն առաջարկեց ՀԳՄ նկուղում էլ սրճարան բացել, որ գրողները փողոցներում թափառելու փոխարեն սրճարանում մի գավաթ սուրճ խմեն: Արցախի գրողների համագումարից վերադարձած Արտեմ Հարությունյանն էլ ոմանց խայթելու նպատակով հայտարարեց, որ այնտեղ «ճիճվատիպ մորուքավորներ» չկային: Սարգիս Կարեյանը, որը ընդդիմադիր ելույթի պատճառով ծեծվել էր, զայրացավ ու Արտեմ Հարությունյանին «անմորուք անտեր» որակեց:

Գրողներից մեկին հետաքրքրում էր, թե երբ է, ի վերջո, վերականգնվելու ՀԳՄ պրոպագանդայի բյուրոն (ասվածը ակամայից ասոցացվեց ԿԳԲ-ի համապատասխան բաժնի հետ): Ռ Դավոյանն ասաց, որ այդ բյուրոն կգործի միայն այն դեպքում, երբ գրողներն այնքան հեղինակություն ունենան, որ կարողանան օլիգարխներից ու միջազգային կառույցներից գումարներ հայթայթել: Լ. Անանյանը, ընդհակառակը, նշեց, որ պրոպագանդայի բյուրոն իր օրոք գործել է, օլիգարխների հետ էլ է հանդիպել, միջազգային կառույցների հետ՝ նույնպես, նույնիսկ այդ ամենի արդյունքում Գրողների միությունը «Գազել» է ձեռք բերել:

Գրողներն այնպիսի տարօրինակ հարցեր էին հնչեցնում, որ ՀԳՄ քարտուղար Էդուարդ Միլիտոնյանը շփոթվեց ու Մարգո Ղուկասյանին դիմեց պարոն Ղուկասյանով, ինչը դահլիճում քրքիջ հարուցեց:

Ինչ վերաբերում է լրագրողներին ներս չթողնելուն, դահլիճում գտնվող գրողներից միայն Ալվարդ Պետրոսյանը պնդեց, որ թույլ տան լրագրողներին լուսաբանել համագումարի աշխատանքը. «Թույլ տվեք թող գան, մեզ ցեխի մեջ տրորեն, որ հասկանանք՝ ինչի մեջ ենք հայտնվել»: 300 գրողների մեծամասնությունը քվեարկությամբ որոշեց ներս չթողնել լրագրողներին: Քվեարկության արդյունքն ընդունվեց բուռն ծափահարություններով: Ավելի ուշ, կատարվածը դատապարտեցին Ռազմիկ Դավոյանը, Մերուժան Տեր-Գուլանյանը, Արամայիս Սահակյանը:

Համագումարի վերջում Ռուբեն Հովսեփյանից հետաքրքրվեցինք` ի՞նչ տպավորություններ ունի: Ասաց, որ չափից ավելի ուրախ է. «Գոնե այս վերջին ամիսների աժիոտաժից հետո չէի սպասում, որ ամեն ինչ այսքան հանգիստ կանցնի: Հիմա հանգստություն եկավ վրաս»:

ՀԳՄ-ում կրծքին սպիտակ մեխակով շրջող Արտեմ Հարությունյանին հարցրինք՝ ի՞նչ խորհուրդ ունի պիջակը զարդարող ծաղիկը: «Մեխակը աճող մեր հայ գրականության խորհրդանիշն է: Այսօր երիտասարդ տաղանդներ կան, որոնց հանդեպ պետք է շատ ուշադիր լինենք: Հիշում եմ՝ անցյալում ինչ քամահրանքով էին նայում 60-ականների մեր սերնդին շատ ավագներ, որոնք մեզ հայր կսազեին: Գտնում էին, որ ոչ մի բանի պիտանի չենք: Իմ սերնդի մեջքը ստալինյան եւ բրեժնեւյան ժամանակների պատճառով կոտրված է, ապագան երիտասարդ գրողներինն է: Ջահելներով է գալու մեր գրականության վերջնական հաղթանակը: Իմ սերնդի գրողները մեծ մասամբ սուրոգատ գրականություն են արտադրում, որը ոչ մի բանի պետք չի: Գուցե այդ գրականության անկյուններում սալաթի մի երկու տերեւ դնենք, բայց բուն գրականությո՞ւնը… օրինակ, Ռազմիկ Դավոյանի արվեստն էլ հնացած, քացախած է, այդ քացախը թող տանի իր տանը լցնի փտած ձկան գլխին եւ խռիկների վրա… Կար մի ժամանակ, երբ գրականությունը մի քանի մարդկանց մենաշնորհն էր, նստում էին կաբինետում, կլոր-կլոր ծուխ թողնում, անգամ եթե լավ գրողներ էին, միեւնույն է՝ կտրված էին եկող սերնդի հոգսերից: Փորձում էին ամեն կերպ մարմարի հսկա շերտեր բերել-լցնել իրենց կաբինետի շուրջը՝ որպես պատվանդան, մի կերպ մագլցում էին, ամբողջ օրը մնում պատվանդանի վրա, հետո մի կերպ էլ իրենց կանանց իջեցնում էին: Ափինյանի մասին էլ ասեմ, որ ահագին աղմուկ ստեղծեց իր շուրջը, այն դեպքում, երբ բավական խեղճ գրական մի սերունդ է հավաքել, որը չկարողացավ դիմանալ քննությանը: Գրականությունը միայն Գրողների միություն գալ կամ ինտերվյու տալ չէ, գրականությունն առաջին հերթին գիրք է: Այսօր ակտուալ նյութի պակաս կա հայ գրողների մոտ: Հայ գրողը կտրված է եվրոպական վիթխարի տեղաշարժերից, խեղճուկրակ չոնգուրն առած ընկած է փողոցները, այն դեպքում, երբ պետք է ունենա ժամանակի քթածակ: Լա՛յն արա, հայ գրող՝ քթանցքդ, այն դառել է ասեղի չափ»,- կոչ արեց Ա. Հարությունյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել