Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱՐՏԻ ԵՆ ԳՆՈՒՄ» ԿԱՎԱՏՆԵՐԸ

Հուլիս 31,2009 00:00

\"\"Գյումրիում մարմնավաճառությունը ծաղկում է

Այն, որ ավանդապաշտ Գյումրին կորցնում է իր դեմքը՝ գործազրկության ու սոցիալական ծանր պայմանների պատճառով հետզհետե վերածվելով մարմնավաճառների որջի, վկայում են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում գրեթե ամեն օր մարմնավաճառների գործերով ընթացող դատաքննությունները: Դատավորները նույնպես ապշած են հին մասնագիտության «բարգավաճումից» ու այսօրինակ գործերի «առատությունից»:

Երեկ ամբաստանյալի աթոռին հայտնվել էր հերթական կավատը՝ Ամալյա Սահակյանը, ով տարիներ շարունակ զբաղված է եղել «Սովխոզ» կոչվող թաղամասի «Լյուքսերվիզի» շոգեբաղնիքի համար տարատեսակ մարմնավաճառներ ճարելով: Դատը սկսվելուն պես Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդուարդ Մանուկյանը կավատին նախազգուշացրեց, որ արագացված դատաքննության համար նա պետք է դատապաշտպան ունենա: «Չնայած դու պաշտպանվելու բան չես, բայց եթե պատճառաբանում ես, որ փող չունես, կարող ես միջնորդել հանրային պաշտպան ունենալու համար, այսինքն քեզ պետությունն իր հաշվին կարող է ապահովել փաստաբանով»,- ասաց դատավորը: «Ես գիտեմ, որ ես մեղավոր եմ, էլ ի՞նչ պաշտպան, բայց եթե դա ձրի է, ես կօգտվեմ դրանից»,- համաձայնեց կավատը: Վերջինս դատարանին տեղեկացրեց, որ ինքը շոգեբաղնիքում մատուցող-հավաքարար է աշխատել (Պարզ է, որ այս դեպքում Գյումրիի աշխատանքային տեսչությունը ննջել է- Ն. Ա.): Դատարանն, ընդունելով Ամալյա Սահակյանի հանրային պաշտպան ունենալու միջնորդությունը, դատը մի քանի օրով հետաձգեց: Սակայն հարուցված քրեական գործից մենք տեղեկացանք, որ կավատի զոհերը թվով 7-ն են, եւ որ շոգեբաղնիքում նրանց համար երկու սենյակ է գործել, դրանցից մեկում ծառայությունների վարձը եղել է 3000 դրամ, մյուսում՝ 4000: Մարմնավաճառությամբ զբաղվել է նաեւ շոգեբաղնիքի տնօրենի դուստրը՝ Ն. Լ-ն, ով մորը ձեռքի հետ «կլիենտներ» է բերել: Սակայն հետաքրքիրն այն է, որ «զոհերը» համարձակություն չեն ունեցել բողոք ներկայացնել տնօրենի դեմ, այլ բողոքել են ապօրինի կարգավիճակով «մատուցող-հավաքարար» աշխատող Ամալյա Սահակյանից: Այս քրեական գործից նաեւ հայտնի դարձավ, որ Գյումրիում այնպիսի անհայտ հյուրանոցներ, ինչպիսիք «Առլեկինոն» կամ «Կամպն» է, ոչ այլ ինչ են, քան հասարակաց տներ: Նկատենք, որ դատվելը խրատ չի եղել կավատների համար: Օրինակ, 73-ամյա Վարդուշ Կարապետյանը այս տարվա հունիսի 24-ին կավատության համար դատվելով ու համաներում ստանալով, մի քանի օր անց՝ հուլիսի 13-ին, շարունակել է իր սեւ գործը: Բանն այն է, որ գործազուրկ ու անժառանգ տարեց կինը 2008թ. դեկտեմբերից սկսած գտել է հեշտ ապրելու միջոցը. նա Անտառավան 4-րդ թաղամասում գտնվող իր բնակարանը պոռնկությամբ զբաղվելու համար տրամադրել է գյումրեցի Ա. Խաչատրյանին՝ նրանից յուրաքանչյուր հաճախորդի համար գանձելով 1000 դրամ: Կավատի դեմ հարուցվել է քրեական գործ: Սակայն առաջին անգամ դատարանը ընդառաջել է նրան. նկատի ունենալով նրա տարիքը, նախկինում դատված չլինելը, քրեական գործի վարույթը կարճել է: Երկրորդ անգամ եւս դատարանը մեղմ է նրա հետ վարվել. դարձյալ նկատի ունենալով նրա տարիքը՝ պատիժ է նշանակել տուգանքի ձեւով: Տեղեկացնենք, որ Քր.օր-ի 262 հոդվածի 1-ին մասը նախատեսում է տուգանք աշխատավարձի 300-500-ապատիկի չափով կամ ազատազրկում 1-4 տարի ժամկետով: Երկրորդ անգամ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շ. Հակոբյանը նրան տուգանել է նվազագույն աշխատավարձի 400-ապատիկի չափով, սակայն կավատությամբ զբաղվող տիկինն անչափ դժգոհ է մնացել՝ ոչ ավելի, ոչ պակաս բողոքարկելով այս դատավճռի դեմ:

Մեկ այլ կավատ՝ Գյումրիի հանրահայտ վայրերից մեկում՝ «Տբռնոց» հյուրանոց-ռեստորանում մատուցողուհի աշխատող Ա. Եղոյանը, անցյալ տարվա հունվարի 15-ին 300 000 դրամ տուգանվելով ու այն մայիսի 30-ին ամբողջությամբ վճարելով, դատվածությունը դեռ չմարած, կատարել է համասեռ հանցագործություն: Վերջինս մարմնավաճառությունը ծաղկեցրել է «Տբռնոցում», մարմնավաճառների համար սենյակներ հատկացնելով ու յուրաքանչյուր սեռական հարաբերության համար 5000 դրամ վերցնելով, որից 1000–ը եղել է իր ծառայությունների արժեքը: Այս անգամ դատարանը թեեւ որոշել է նրան դատապարտել 1,5 տարվա ազատազրկման, սակայն կիրառել է ՀՀ ԱԺ կողմից 2009թ. հունիսի 19-ի «Համաներում հայտարարելու մասին» որոշումը ու կավատին ազատել պատիժը կրելուց: Ի դեպ, դատավորներից մեկը, որը չուզեց ներկայանալ, պատմեց, որ մարմնավաճառների անպատկառությունն այն աստիճանի է, որ դատական նիստերի տեսանկարահանվելուց հետո, հայտարարում են. «էդ ինչ լավ եղավ՝ դատվեցինք ու նկարահանվեցինք, մեզ տեսան ու կլիենտներս շատացան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել