Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱՅԻՆ ԹԵՐԹԵՐԻ ԲԻԶՆԵՍԸ ԿԻՍԱՄԵՌ ՎԻՃԱԿՈՒՄ Է

Սեպտեմբեր 09,2009 00:00 Share

Գյումրիի թերթերը մի կերպ են վաճառվում՝ կամ խանութներում, կամ էլ բանջարեղենի կրպակներում

Համաշխարհային տնտեսական ճգնաժամը, մի շարք այլ ոլորտների թվում, իր ուղղակի ազդեցությունն է թողել նաեւ մարզային թերթերի բիզնեսի վրա: Առանց այդ էլ ոչ բարվոք վիճակում գտնվող ոլորտը տուժում է նաեւ մի շարք արհեստական խոչընդոտների պատճառով: Այս մասին հավաստիացնում են մարզային թերթերի տնօրենները: Օրինակ, հասարակական-քաղաքական ուղղվածություն ունեցող «Շրջապատ» շաբաթաթերթի տնօրեն Եպրաքսյա Մեխակյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ մարզում տպարան չլինելու պատճառով ինքն ամեն շաբաթ 50 հազար դրամ է կորցնում: Հիշեցնենք, որ մարզի միակ տպարանը, ամերիկահայ բարերար Հովհաննես Օյումջյանի պատճառով, վտարեցին իրեն պատկանող շենքից՝ թիվ 21 դպրոցին հատկացնելու համար, իսկ տպարանն էլ տեղափոխեցին Ախուրյան: «Տպարանները կենտրոնացած են Երեւանում, մարզային թերթերը կամ Երեւան են գնում, կամ իրենց ճանապարհը շեղում են Վանաձոր, որովհետեւ էնտեղ էլ տպարան կա: Բնականաբար, մեզ մոտ առաջանում են հավելյալ ծախսեր՝ տրանսպորտային, բեռնափոխադրման, եւ չմոռանանք, որ տպարանների գնային քաղաքականությունն էլ ազդում է թերթի ինքնարժեքի վրա: Լավ գիտեք, որ մի քանի տարի առաջ Շիրակի մարզը ուներ տպարան, եւ մենք ավելի հեշտ էինք կազմակերպում մեր աշխատանքները: Իսկ էսօր մենք խնդրի առջեւ ենք կանգնել, Գյումրի-Երեւան ճանապարհը բավականին երկար է, Երեւանում տպվելը բավականին թանկ է: Ստիպված թերթի գինը թանկացրել եմ, եւ սա էն դեպքում, երբ տպարանը շենքից վերցրեցին ու ոչ մի ներդրում էլ չկատարեցին, այն այժմ կիսախարխուլ վիճակում է: Կարելի էր, չէ՞, տպարանը հին տեղում պահել, թերթերի բիզնեսին էլ չխփել»,- ասում է Եպրաքսյա Մեխակյանը՝ դժգոհելով նաեւ թերթի տարածումից: Ի դեպ, թե «Շրջապատ», թե «Հինգշաբթի» շաբաթաթերթերը սկսել են դադարեցնել համագործակցությունը «Press Stand»-ի հետ, քանի որ, ըստ տնօրենների, վերջինը կրկնակի թանկացրել է միջնորդավճարը՝ նախկին 20%-ի փոխարեն դարձնելով 40%: Այժմ թերթերի հույսը շրջիկ լրագրավաճառներն են: «Նախկինում դպրոցներում եւս թերթ էին բաժանորդագրվում, բայց կրթության նախարարությունից հրաման իջավ ներքին առեւտուր չանել. այստեղ տուժեցինք մենք, թեեւ դա բաժանորդագրություն էր, եւ ոչ մեկին չէր պարտադրվում մեր թերթը գնել: Սա ազդեց մեր թերթի տպաքանակի վրա: Մենք Հայաստանում առաջինն էինք, որ ստիպված եղանք թերթի գին բարձրացնել, եւ դեռ նոր էր ամեն ինչ իր տեղն ընկնում՝ «Press Stand»-ի հետ խնդիրներ առաջացան: Նրանց տրվող տպաքանակից հրաժարվեցինք, եւ սա նույնպես ազդեց մեր ընդհանուր տպաքանակի վրա»,- պարզաբանում է Ե. Մեխակյանը:

«Հինգշաբթի» շաբաթաթերթի տնօրեն Արմեն Մարտիրոսյանն էլ հավելում է. «Տարիներ շարունակ մարդիկ սովորել են, որ թերթը պետք է գնեն ոչ թե փողոցում վաճառվող կարտոֆիլի կողքից, այլ կրպակներից, հիմա կրպակներից չքացել են տեղական թերթերը, բաժանորդներն էլ նվազել են, «Press Stand»-ի հետ առաջացած խնդիրները ազդեցին մեր տպաքանակի վրա»: Ա. Մարտիրոսյանը ավելորդ ծախսերից խուսափելու ու բիզնեսը կործանումից փրկելու համար վերջերս վարձակալական հիմունքներով տպագրական սարք է բերել Վանաձորի տպարանից, վերանորոգել ու օգտագործում է: Նշենք նաեւ, որ Գյումրիի տպարանի թերթեր տպագրող սարքը պարտքեր ունենալու պատճառով վաճառել են: Ըստ Ա. Մարտիրոսյանի, եթե շարունակեին իրենց թերթը Երեւանում տպագրել, հաստատ տանուլ էին տալու, քանի որ ինքնարժեքի բարձր լինելու պատճառով սկսել էին վնասով աշխատել: Սակայն պարզվում է՝ սա էլ փրկություն չէ, քանի որ, ըստ տնօրենի, Գյումրին այնքան սակավամարդ է դարձել, որ բաժանորդագրվողներ գրեթե չեն մնացել: Նրա ասելով, այս փաստը տարեցտարի ավելի նկատելի է դառնում. «Նվազել է արտասահմանից Գյումրի ուղարկվող գումարների քանակը, բացի այս, եթե մի քանի տարի միայն տան տղամարդն էր գնում արտագնա աշխատանքի, հիմա ձեռնտու է ամբողջ ընտանիքի հետ գնալը: Մենք ամեն օր շփվում ենք մարդկանց հետ, հայտարարություններ ենք ընդունում՝ տուն, մեքենա, գույք միանգամից հանում են վաճառքի, իսկ սա նշանակում է՝ էդ ընտանիքը կտրվեց Գյումրիից, եթե մարդը տուն չունեցավ՝ ուրեմն էլ երբեք Հայաստան վերադարձող չէ: Եթե էս ամենին ավելացնենք այն, որ թերթն առաջին անհրաժեշտության ապրանք չէ, բնակչության հիմնական մասն էլ ընթերցասեր չէ, ուրեմն պարզ է, որ թերթային բիզնեսը պիտի խոցելի դառնար: Դրա հետ կապված՝ գալիս է պահանջարկը, տպաքանակը, եթե տպաքանակը քիչ եղավ՝ բնականաբար, տպագրության ինքնարժեքը բարձրանում է, իսկ եթե տպագրության ինքնարժեքը բարձրացավ՝ խմբագրության եկամուտները նվազում են»: Նշենք նաեւ, որ վերջերս վարչապետի ու մարզային թերթերի խմբագիրների հանդիպմանը, ուր խոսվել է մարզային թերթերի խնդիրների մասին, այս երկու տնօրեններին չէին հրավիրել:

Ե. Մեխակյանի կարծիքով, թերթերի պահպանման համար ճիշտ կլիներ ոչ թե պետական սուբսիդավորում նախատեսել, այլ կարելի էր հարկային ու նաեւ առաքման հետ կապված ճիշտ քաղաքականություն մշակել ու նաեւ լուծել տպարանի հարցը: «Ես չգիտեմ՝ վարչապետի մոտ ի՞նչ են քննարկել, ի՞նչ են ասել մյուս խմբագիրները, թե ոչինչ չեն ասել, ուղղակի շատ հրճվել են, որ իրենց ինչ-որ տեղ են հրավիրել, բայց ես կասեմ. եթե էս հարցերը չլուծվեն, վաղը-մյուս օրը թերթերի գոյության մասին պիտի մոռանանք»,- ասում է Ե. Մեխակյանը: Ա. Մարտիրոսյանն էլ հավելում է. «Մեզ պետական սուբսիդավորում պետք չէ, լավ կլիներ սուբսիդավորումը էնպիսի ոլորտում ծախսեին, որպեսզի շուկան զարգացնեին, եւ մարդիկ չթողնեին երկրից գնային, էլ դրանից լավ նվե՞ր մեզ համար: Իսկ եթե ուզում են մեզ օգնած լինել, ճիշտ կանեին մաքսային քաղաքականությունը փոխեին, լրագրային թուղթը թող մաքսից ազատեին, ինչքան գիտեմ՝ 20% ԱԱՀ-ն սահմանի վրա չի գանձվում որպես մաքսային արժեք, բայց գանձվում է վաճառքից հետո, այսինքն՝ թուղթը վաճառեցին՝ միանում է թղթի ինքնարժեքին, իսկ եթե տպարանը թուղթը վերցրեց, ապա հնարավոր չէ, որ կարողանա մի քիչ ավելի էժան թերթ տպել մեզ համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել