«Արդյոք Հայաստանի տնտեսությունը պատրա՞ստ է բաց դռների քաղաքականությանը, արդյոք հայկական ընկերությունները բավարար մակարդակ ունե՞ն՝ մրցակցելու թուրքական ընկերությունների հետ՝ չմոռանալով, որ թուրքական ընկերությունների գերակշիռ մասը արտասահմանյան կապիտալով համատեղ ձեռնարկություններ են»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հարցադրումներ ներկայացրեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
Նրա համոզմամբ, դրա գինը կարող է լինել այն, որ «կարող ենք կորցնել տեղական արտադրությունը»: Ըստ տնտեսագետի, մոտավոր հաշվարկներով, Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության գրեթե քառորդ մասը բաժին է ընկնում Թուրքիային: Բացի այդ, նրա ներկայացմամբ, «այս պահին մրցունակ ապրանքների տեսքով գրեթե ոչինչ չունենք առաջարկելու մեր հարեւանին»:
Չնայած այս հոռետեսական գնահատականներին, Թ. Մանասերյանը սահմանների բացման գործընթացում նաեւ դրական կողմեր է տեսնում: «Եթե Հայաստանը տնտեսապես պատրաստ լինի նման մրցակցությանը, ես չեմ բացառում, որ հնարավորություն կընձեռվի տնտեսական լծակներով վերանվաճել Արեւմտյան Հայաստանի մի զգալի մասը. դրանք կարող են լինել ազատ տնտեսական գոտիներ: Հայկական կապիտալի ներհոսք կլինի Թուրքիա՝ համատեղ ձեռնարկությունների տեսքով»,- պարզաբանեց տնտեսագետը՝ հավելելով, որ հայ-թուրքական սահմանի բացման գործընթացը պետք է իրականացնել առանց շտապողականության:
Թ. Մանասերյանը նշեց նաեւ, որ տասնամյակներ շարունակ Եվրոընտանիք ներգրավվել ձգտող Թուրքիան պարտավոր է ապացուցել, որ բաց տնտեսություն ու բաց սահմաններ ունեցող երկիր է. «Թուրքիան արտաքին աշխարհին նաեւ պետք է հիմնավորի, թե, օրինակ, էներգետիկայի ոլորտում գոյացած հսկայական դեֆիցիտը ինչու գոնե մասամբ չեն ծածկում Հայաստանից էլեկտրաէներգիայի ներմուծմամբ եւ նման այլ ինչուներ»:


















































