Ըստ նախնական հետազոտության, մանկապարտեզում կերած կաղամբով տոլմայի պատճառով 25 երեխա ցնցումների մեջ է ընկել, որովայնի սուր ցավերով տեղափոխվել հիվանդանոց:
Սիսիանի թիվ 4 մանկապարտեզ հաճախող երեխաները ամսի 5-ից սկսած՝ բարձր ջերմությամբ, փորլուծությամբ ու աղիքային երեւույթներով տեղափոխվել են Սիսիանի հիվանդանոց: Այդ ահազանգը ստանալուն պես առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետ Արտյոմ Վանյանը եւ հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը մեկնել էին Սիսիան՝ երեխաներին օգնություն ցուցաբերելու եւ տեղում ստուգումներ կատարելու համար: Թեեւ դեռ լաբորատոր հետազոտության արդյունքները պատրաստ չեն, այնուամենայնիվ, մենք փորձեցինք ճշտել, թե երեխաների թունավորման պատճառների մասին նախնական ի՞նչ վարկածներ կան ու մանկապարտեզում կատարված ստուգումներն ի՞նչ են ցույց տվել:
Պարզվում է՝ 3-5 տարեկան 25 երեխա թունավորվել է մանկապարտեզում ընդունած սննդից: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում պարզաբանեց հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների վարակաբանության գլխավոր մասնագետ Մարիամ Ղուկասյանը, երեխաներն ամսի 3-ին մանկապարտեզում կերել են կաղամբով տոլմա ու հաջորդ օրվա գիշերն արդեն վատացել են: Այսինքն, ամենայն հավանականությամբ, թունավորման պատճառը եղել է այդ տոլման. «Երեխաներին կարելի է տոլմա տալ, բայց միայն այն դեպքում, եթե միսը թարմ գնել ու աղալուց անմիջապես հետո տեղում պատրաստել են: Դեռ չի պարզվել՝ ինչ միս է եղել այդ մանկապարտեզի տոլմայի մեջ, բայց եթե նույնիսկ մանկապարտեզի խոհարարը տվյալ դեպքում աղացած միս էր գնել խանութից, պետք էր գոնե նույն օրը պատրաստեր, ոչ թե օրերով սառեցներ, հետ բերեր: Մանկապարտեզի ղեկավարությունը բացատրում էր, որ միսը գնելիս նորմալ է եղել, բայց լաբորատոր հետազոտության արդյունքը ամեն ինչ ցույց կտա»:
Փաստն այն է, որ երեխաներից 4-ի կյանքը գլխավոր վարակաբանն ու մայրաքաղաքից գնացած վերակենդանացման բաժնի վարիչը հազիվ են կարողացել փրկել: Մեզ հետ զրույցում Արա Ասոյանն ասաց, որ հիվանդանոց ընդունվելիս նրանց վիճակը եղել է բավական ծանր՝ ունեցել են չափազանց բարձր ջերմություն ու ընկել ցնցումների մեջ: Իսկ մյուս երեխաները հիմնականում, բացի բարձր ջերմությունից, որովայնի շրջանում ունեցել են սուր ցավեր, փորլուծություն, փսխումներ, նույնիսկ արյուն է հոսել աղիքներից: Ա. Ասոյանի խոսքերով՝ «Ես 99%-ով համոզված եմ, որ երեխաների մոտ դիզենտերիա է, թեեւ հետազոտության արդյունքները վաղը պարզ կլինեն: Երեխաների կյանքին որեւէ վտանգ չի սպառնում, բայց հիվանդանոցից դուրս գրվելուց մի քանի ամիս հետո լավ կլինի նրանք նորից ստուգումներ անցնեն»: Ներկայումս հիվանդանոցային պայմաններում բուժում է ստանում 24 երեխա, 13-ն էլ ամբուլատոր բուժում է ստանում՝ տան պայմաններում:
Քանի որ ներկայումս թիվ 4 մանկապարտեզի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է, մեզ չհաջողվեց մանկապարտեզի տնօրենից պարզաբանումներ ստանալ: Սակայն Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանն «Առավոտին» փոխանցեց, որ տնօրենն ընդունել է իր մեղքը. «Պարզ է, այնպիսի դեպք է եղել, որ արդարացում չկա, մանկապարտեզում պետք էր պահպանել այնպիսի չափորոշիչներ, որոնք, փաստորեն, մեր մանկապարտեզում չեն պահպանվել: Ես այդ դեպքից հետո երկու գիշեր չեմ քնում, ամբողջ օրը երեխաների ձեռքերն եմ մասաժ անում, խոսացնում, կատակներ եմ անում, որ մի քիչ ուրախանան, նրանց նվերներ եմ տանում»:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ մանկապարտեզներում սննդից մանուկներ են թունավորվում: Անցյալ տարի Վանաձորի մանկապարտեզներից մեկում էին երեխաները անհայտ ծագման սննդամթերքից թունավորվել ու հիվանդանոց տեղափոխվել, երկու տարի առաջ էլ Դիլիջանի մանկապարտեզներից մեկի երեխաներն էին կաթնամթերքից թունավորում ստացել:
Մանկապարտեզներում սննդի հետ կապված գոյություն ունեն հստակ սահմանված չափորոշիչներ, թե որ սննդամթերքն ինչ տարբերակով է պետք տալ, որ ժամին ու որ տարիքի երեխաների համար՝ ինչ չափաքանակով: Օրինակ, աղացած միսը, ըստ այդ չափորոշիչների, պահանջվում է տալ միայն շոգեխաշած վիճակում, այն էլ՝ թարմ միսը տեղում աղալու ու պատրաստելու պարագայում: Մինչդեռ այսօր շատ մանկապարտեզներում խոհարարները ներկրված սառեցրած աղացած մսերն են գնում եւ երեխաներին կոտլետ ու քյաբաբ են տալիս: Եվ քանի որ վերահսկող մարմինը՝ հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունն ի հայտ է գալիս միայն թունավորման դեպքերն արձանագրելիս, խոհարարները երեխաների կյանքի հաշվին վազում են էժան եւ վնասակար սննդամթերքի հետեւից: Նշենք նաեւ, որ խորհրդային տարիներին բոլոր մանկապարտեզներում բժիշկ-դիետոլոգներ կային, որոնք սահմանում էին, թե կոնկրետ որ օրը ինչ սննդամթերքն ինչ հյութի հետ կարելի էր տալ, ինչ աղցանով եւ այլն: Այժմ երեխաների առողջության հաշվին պետությունը տնտեսումներ է արել ու այդ հաստիքը վերացրել են:


















































