Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏՈՐԱԳՐԵ՞Լ, ԹԵ՞ ՈՉ

Հոկտեմբեր 10,2009 00:00 Share

Հայաստանյան գործիչները կանխատեսում են, եզրակացնում, զգուշացնում, անգամ՝ սպառնում

\"\"Հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների ստորագրման նախաշեմին հայաստանյան քաղաքական ուժերը վերջին շտրիխներն են մտցնում հարցի վերաբերյալ իրենց մոտեցումներում: Հայաստանի միավորված կոմկուսի ղեկավար Յուրա Մանուկյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց, որ իր համոզմամբ՝ պետք է քայլեր արվեն Թուրքիայի եւ թուրքերի նկատմամբ մեզանում ձեւավորված կարծրատիպերը կոտրելու համար, եւ դա պետք է անի հենց այս սերունդը՝ այդ, իր պատկերացմամբ՝ ծանր բեռը չթողնելով գալիք սերունդների ուսերին: Միաժամանակ, մեր զրուցակիցը գտնում է, որ այդ քայլերը չպետք է լինեն հապշտապ, հայկական դիվանագիտական միտքը զգուշավորություն, այնուհանդերձ, պետք է դրսեւորի: Հետեւաբար առաջարկում է. «Հայկական կողմը պետք է ստորագրի այդ արձանագրությունները եւ սպասի հակառակ կողմի արձագանքին: Եթե Թուրքիան ձեռնարկի արձանագրությունների խորհրդարանական վավերացում, մերոնք պետք է անմիջապես հետեւեն դրան, եւ Թուրքիայի խորհրդարանի վավերացումից հետո մեր խորհրդարանն էլ պետք է վավերացնի այդ փաստաթղթերը: Այդ դեպքում ժողովուրդը կհասկանա, որ Թուրքիայի կողմից ոչ մի ստոր ձեռնարկ լինել չի կարող. նրանք քայլ են անում, մենք էլ պատասխանում ենք»: Ընկեր Մանուկյանը դեմ է «ցանկացած պայմաններով» հարեւան Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավմանը: Ասում է, որ հարաբերությունների կարգավորումը չպետք է լինի Հայաստանի համար կորուստների գնով, բայց նախաստորագրված արձանագրություններում այն կորուստները, որոնց մասին խոսում են քաղաքական դաշտի ավելի ռադիկալ ներկայացուցիչները, ինքը չի տեսնում: «Եզակի հնարավորություն է ընձեռված կարգավորելու հայ-թուրքական հարաբերությունները, եւ մենք պետք է օգտագործենք այդ հնարավորությունը, բայց՝ զգուշավորությամբ»,- ասում է ընկեր Մանուկյանը:

Հակառակ այս առաջարկի, երեկ «Դե ֆակտո» ակումբում ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը բավականին ռադիկալ հայտարարություններ արեց. «Ազգի հարց են դրել մեջտեղ, փայ-փայ են անում, մնացել է ժողովրդին ծախեն: Սերժ Սարգսյան չլինի, ով ուզում է լինի՝ չի՛ կարելի դա թույլ տալ. առեւտրի գոտի չի Հայաստանը ձեզ համար։ Ժողովրդին վախեցնեք, վախը բռնեք, որ պատերազմ է լինելու, ձեններդ կտրե՛ք, սոված եք մնալու, շուտ անենք՝ ինչ կա, տանք։ Քանի հազարամյակ տալով՝ գալիս եք, էլ ի՞նչ եք ուզում տալ, հերի՛ք է, էլի, վե՛րջ տվեք վախեցնելով»: Սամվել Բաբայանը կարծում է, որ «Հայաստանում չկա մեկը, որը կարողանա Ղարաբաղը նվիրել Ադրբեջանին։ Այդ անձը չի՛ կարող բացահայտ դուրս գալ ու այդ քայլին գնալ»: Նախկին հրամանատարը վստահ է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ ԼՂՀ խնդրի լուծման հարցերը փոխկապակցված են, ուստի սահմանը չի բացվի այնքան ժամանակ, քանի դեռ ԼՂՀ հարցը չի լուծվել. «Եթե Ղարաբաղը մենք նվեր կտանք բոլորս միասին, ուրեմն կբացվի։ Եթե չենք տա այդ նվերը, ուրեմն չի բացվի»: Բայց եթե անգամ նախաստորագրված արձանագրությունները ստորագրվեն, եւ դրա արդյունքում հայկական կողմը ստիպված լինի ԼՂ-ի հարցում գնալ զիջումների, պարոն Բաբայանը վստահեցնում է. «Միեւնույն է՝ ոչ ոք դա թույլ չի տա։ Նրանց թվում, առաջին հերթին, իմ սերնդակիցները՝ Ադրբեջանի դեմ պատերազմածները, Արցախի հողերն ազատագրածներն ու ԼՂ-ի բնակչությունը: Կախված այն բանից, թե ազգային ուժերը որքան համախմբված կգործեն, հարցն անգամ կարող է հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջին»: Բանախոսի կարծիքով, այս ճանապարհին Սերժ Սարգսյանի թույլ տված սխալներից մեկն էլ այն էր, որ մինչ օրս չի լսել ԼՂՀ ժողովրդի կարծիքը եւ պառակտել է Սփյուռքը. «Սփյուռքում տեղի ունեցած հանդիպումներից Սերժ Սարգսյանը պետք է հետեւություններ անի»:

Երեկ հարցին անդրադարձել է նաեւ նախկին արտգործնախարար Վահան Փափազյանը: Նա ներկայացրել է ՀԱԿ գնահատականը, համաձայն որի՝ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվելիք հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն ուղղված փաստաթղթերում ամենաէականը Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրող պատմաբանների ենթահանձնաժողովի ստեղծման վերաբերյալ զիջումն է: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, Վահան Փափազյանն ասել է, որ այն Սերժ Սարգսյանի եւ Էդվարդ Նալբանդյանի զիջումը չէ: Այն արվել է այն բանից հետո, երբ Ցեղասպանության միջազգային ճանաչումը հայտարարվեց Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւոր խնդիրներից մեկը:

«Մյուս խնդիրները, ըստ էության, այդքան անընդունելի չեն, որ որոշ ընդդիմադիրներ դրոշը ձեռքներին ազգային կերպարանք ընդունելով հասարակությանը փորձում են համոզել, որ փաստաթղթերն ընդհանրապես ընդունելի չեն»,- ասել է Վահան Փափազյանը: Նա նույնպես կարծում է, որ արձանագրությունները ուժի մեջ կմտնեն միայն այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղի հարցում լինի որեւէ առաջընթաց, այսինքն՝ 5 շրջաններից հայկական զինված ուժերի դուրսբերում. «Հնարավոր է, որ խորհրդարանները փաստաթուղթը վավերացնեն նաեւ մինչեւ այդ, բայց դա կարող է նշանակել, որ Ղարաբաղի մասին փաստաթուղթը արդեն համաձայնեցված է եւ թերեւս՝ նաեւ ստորագրված»:

Ինչ վերաբերում է Դաշնակցության եւ «Ժառանգության» համատեղ գործողություններին, նախկին արտգործնախարարը կարծիք է հայտնել, որ այդ երկու ուժերը փորձում են տեղավորվել ընդդիմադիր դաշտում եւ սկսել են խոսել նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու հնարավորության մասին, բայց՝ «գնացքն արդեն մեկնել է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել