«Երբ մենք քննարկում ենք ՀՀ-ԵՄ հարաբերությունները, պիտի ասեմ, որ այդ հարաբերություների հիմքը պետք է լինի CEPA-ն (Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր.-խմբ.), և ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական գործընկերության օրակարգը։ Սա է այն ինստիտուցիոնալ շրջանակը, որի հիմքով պետք է աշխատանք տանել»,- հարցին՝ ինչպե՞ս կարող են ԵՄ անդամ երկրներն ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին, «Երևանյան երկխոսություն» միջազգային երրորդ համաժողովի ժամանակ այսպես պատասխանեց Հունաստանի ԱԳՆ միջազգային տնտեսական հարցերով գլխավոր քարտուղար Դիմիտրիս Սկալկոսը։
Նրա կարծիքով՝ ժամանակն է ավելի լավ բիզնես միջավայրի ստեղծման համար, պետք է մոտեցնել ՀՀ-ի և եվրոպական տնտեսությունները, ինչը հնարավորություն կտա նվազագույնի հասցնել քաղաքական և տնտեսական ռիսկերը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Վիկտորյա Այդինյանը, խոսելով ԹՐԻՓՓ նախագծի մասին, ասաց․ «ԹՐԻՓՓ-ն ունի մեծ տնտեսական ներուժ։ Այն տրանսկասպյան առևտրի կարևոր օղակ կարող է դառնալ։ Բոլորն էլ նշում են, որ Հայաստանն ամենակարճ ճանապարհն է, որն արևելքը կապում է արևմուտքին։ Եթե մենք բացենք սահմանները և ապաշրջափակենք տրանսպորտային հաղորդակցության ուղիները, ըստ հաշվարկների՝ ակնկալվում է նվազագույնը 33 տոկոս տրանզիտների աճ։ Իսկ եթե գործարկենք երկաթուղային ուղիները, բեռնափոխադրումները կարող են հասնել տարեկան 10,9 միլիոն տոննայի, Գյումրի-Կարս երկաթուղու գործարկման դեպքում՝ տարեկան 14, 9 տոննայի»։
Խոսելով ԹՐԻՓՓ-ի քաղաքական նշանակության մասին՝ Վիկտորյա Այդինյանն ասաց․ «Այն ունի մեծ քաղաքական նշանակություն Հայաստանի և տարածաշրջանի համար։ Անցյալ տարի օգոստոսին վաշինգթոնյան համաձայնագիրն ուղղակիորեն ցույց է տալիս, որ սա խաղաղության ինստիտուցիոնալացման առաջին քայլն էր։ Սա այն հիմնական բանալին է և արդյունքը, որը մենք տեսնում ենք ԹՐԻՓՓ նախագծի տնտեսական հեռանկարից այն կողմ»։
Կարդացեք նաև
«Երևանյան երկխոսություն» միջազգային երրորդ համաժողովն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարները՝ «Երևանյան երկխոսություն» միջազգային երրորդ համաժողովի ֆեյսբուքյան էջից



















































